Գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Արարատ համայնքին վերադարձվել է Ավշար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ի կողմից հափշտակված շուրջ 78 մլն 259 հազար դրամ արժողությամբ երեք անշարժ գույք։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։
Վերադարձված գույքերն են․
- Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 0.37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները.
- Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար դրամ արժեքով 0.0622 հա մակերեսով հողատարածքը.
- Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 22 միլիոն դրամ արժեքով և ամսական 445 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված 0.966 հա մակերեսով հողատարածքը և 416.6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքը:
Նախաքննությամբ պարզվել է, որ գույքերի օգտագործումից ստացված եկամուտը կազմել է 43 մլն 623 հազար դրամ, իսկ համայնքի ղեկավարի կողմից բնակելի տան և հարակից շինությունների ձեռքբերման ու գրանցման գործընթացում համայնքին պատճառվել է ընդհանուրում 56 մլն 376 հազար դրամ վնաս։
Քրեական գործի շրջանակում 2025 թվականի մայիսի 29-ին քրեական հետապնդում է հարուցվել Ս.Գ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնական կեղծիք, փողերի լվացում և վատնում կատարելու համար։ Նրա վարորդ Պ.Մ.-ի նկատմամբ նույնպես հարուցվել է քրեական հետապնդում՝ նախկին ղեկավարի գործողություններին օժանդակելու համար։
Համայնքի նախկին ղեկավարը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնել է համայնքին պատճառած մոտ 100 մլն դրամի (261 հազար ԱՄՆ դոլար) վնասը։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։