«Բարդություններն ամեն օր են, սակայն ցանկացած բարդություն հաղթահարելի է»․ Հակակոռուպցիոն կոմիտեի առաջին կին քննիչը՝ իր աշխատանքի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի առաջին կին քննիչ Լիանա Սանթրոսյանն ասում է, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունն այնքան շատ է, որ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին էլ են աշխատում։

Iravaban.net-ի հետ զրույցում Սանթրոսյանը պատասխանել է աշխատանքում ծագող դժվարությունների, քննիչի աշխատանքի, կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի և կոռուպցիայի դեմ պայքարի մասին։

-Տիկին Սանթրոսյան, աշխատել եք Քննչական կոմիտեում, այնուհետև՝ Հակակոռուպցիոն կոմիտեում։ Ինչո՞ւ որոշեցիք փոխել աշխատավայրը, որտեղ է աշխատանք ծավալն ավելի մեծ։

-Քննչական կոմիտեում 3 տարի աշխատելուց, ծառայելուց հետո և աշխատանքը դադարեցնելուց հետո նոր միայն դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե և համապատասխան ստուգումների բարդ ընթացակարգերի արդյունքում նշանակվել եմ Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ավագ քննիչի պաշտոնում, հետագայում 8 ամիս աշխատելուց հետո արտահերթ ատեստացիայի արդյունքում ընդգրկվել եմ առաջխաղացման ցուցակում և նշանակվել եմ նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնում։ Ունեմ արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։ Նշեմ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ներկայումս աշխատում է գերծանրաբեռնված, կարելի է ասել արտակարգ ռեժիմով է աշխատում, նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին, ոչ աշխատանքային օրերին, այստեղ տեմպը արագ է։

-ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ եք հիմա։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ ասել է՝ հատկապես կարևոր գործերով։ Ի՞նչ քրեական վարույթներ եք այժմ քննում։

-Իրավաբան լինելով՝ իմ կողմից ոչ պրոֆեսիոնալ կհնչի, եթե քրեական վարույթները տարանջատեմ կարևորի, հատկապես կարևորի կամ անկարևորի։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող բոլոր քրեական վարույթներն էլ կարևոր են։ Ինչպես կոմիտեի մյուս քննիչները, ես նույնպես քննում եմ Քրեական օրենսգրքի կոռուպցիոն հանցագործությունների շարքում ընդգրկված հանցանքները, որոնց թվում են՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումը, պաշտոնական կեղծիքը, կաշառք տալը, կաշառք ստանալը։

– Պարգևատրվել եք Քննչական կոմիտեի նախագահի շնորհակալագրերով, ինչո՞վ եք աչքի ընկել։

-Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորումից սկսած մինչև վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեի պատմության մեջ հանդիսացել եմ առաջին կին քննիչը։ Մինչև վերջերս պահպանում էի միակ կին լինելու «տիտղոսը»։ Հիմա կին քննիչների թիվը հասնել է վեցի։ Խնդիրների մասով նշեմ, որ քննչական համակարգ մուտք եմ գործել դեռևս 22 տարեկանում։ Շփոթված էի։ Ուսանողին հարիր առավելապաշտական մոտեցումներով, ապացուցելու համար, որ կրթությունը, որը ստացել եմ իզուր չէ, անցած ճանապարհը իզուր չէ, դրա միջոցով նաև ցույց տալու, որ դու այդ ոլորտում կարող ես քո ասելիքն ունենալ և քո պրոֆեսիոնալիզմով չզիջել տղամարդ գործընկերներին։

-Կարծրատիպ կա, որ կինը քննիչ չի կարող լինել։ Ի՞նչ եք կարծում՝ վերջին տարիների ընթացքում մտածելակերպում փոփոխություն կա՞, թե ոչ։

-Թույլ տվեք չկիսել Ձեր կարծիքը։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում, ղեկավար պաշտոններում առավելապես գերակշռում է կանանց թիվը։ Այդ թվի շարունակական աճ է նկատվում նաև ինչպես քննչական համակարգում, այնպես էլ դատախազությունում։ Աշխատավարձի մասով տարբերակված մոտեցում չկա։ Խտրականության հանդիպել եմ այդ բառի դրական իմաստով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել