«Հայցադիմումի մեջ մանրամասն ներկայացված է՝ ինչ հիմնավորումներով է Դավիթ Սեդրակյանի գույքերի իրական շահառուն համարվում Մհեր Սեդրակյանը»․ դատախազ

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ ապրիլի 4-ին, Կարապետ Բադալյանի նախահագությամբ շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի և նրա ընտանիքի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հայցվոր կողմի ներկայացուցիչ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանին այս գործով միացել էր դատախազ Արտաշես Հարությունյանը, նա ներկայացրեց համապատասխան լիազորագիրը։

Դատարանին հայցվորի կողմից ներկայացվել էր դիմում-միջնորդություն՝ հայցի առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ։

Փաստաբան Ալեքսան Խաչատրյանը նշեց, որ միջնորդությունը ստացել է, բայց մինչև միջնորդության բովանդակային քննարկմանն անցնելը, հարցրեց՝ արդյոք միջնորդությունը հիմա ենթակա է քննարկման, թե ոչ, և խնդրեց՝ առկա ստացականները տրամադրել։

Ստացականների վերաբերյալ նա նշեց, որ չի տեսնում Ելիզավետա Մարգարյանին ուղարկված լինելու փաստաթուղթ։

Համլետ Հարությունյանը հայտնեց, որ չի բացառում տեխնիկական խնդիր առաջացած լինելու հանգամանքը, հիմա կարող են նիստով ներկայացնել միջնորդությունը, այդ մասով խոչընդոտ չկա, Ելիզավետա Մարգարյանը ծանուցված է եղել այսօրվա դատական նիստի մասին։

Դատախազը միջնորդությունը նույնությամբ ներկայացրեց և՛ դատարանին, և՛ պատասխանող կողմին։ Մինչ միջնորդությունը ներկայացնելը, Հարությունյանն ընդգծեց, որ դատախազությունը շահագրգռված է ողջամիտ ժամկետում քննել գործը, պարզապես միջնորդությամբ ներկայացվող փոփոխությունները այնպիսի հանգամանքներին են առնչվում, որոնցով լրացուցիչ քննարկումներում իրավասու մարմնի դիրքորոշումը փոփոխվել է։

Հայցի առարկայի փոփոխություն թույլ տալու վերաբերյալ միջնորդությունը հետևյալն էր՝ Մհեր Սեդրակյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Երևանի` Էրեբունի վարչական շրջանում գտնվող հողակատորի միջին շուկայական արժեքը՝ 93 միլիոն 255 հազար դրամ, «Ավտոստոպ» ընկերության 100 տոկոսը, Դավիթ Սեդրակյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Երևանի նշված հասցեի անշարժ գույքն ամբողջությամբ, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 100 միլիոն դրամը, Դավիթ Բեկ փողոցի նշված գույքն ամբողջությամբ, անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 289 միլիոն 300 դրամ, Երևանի նշված հասցեի անշարժ գույքն ամբողջությամբ, անհնարինության դեպքում՝ բռնագանձել 504 միլիոն 400 հազար դրամ, Դավիթ Բեկ փողոցի նշված հասցեի գույքն ամբողջությամբ, անհնարինության դեպքում՝ 434 միլիոն 800 հազար դրամ, Տիգրան Մեծ պողոտայի նշված հասցեի անշարժ գույքն ամբողջությամբ, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 18 միլիոն 700 հազար դրամ, Երևան քաղաքի նշված հասցեի անշարժ գույքն ամբողջությամբ, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 20 միլիոն 800 հազար դրամ, Երևանի նշված հասցեի անշարժ գույքն ամբողջությամբ, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 331 միլիոն 300 հազար դրամ, Երևանի Տիգրան Մեծ պողոտայի նշված հասցեի հողամասն ամբողջությամբ, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 17 միլիոն 300 հազար դրամ, Երևանի Տիգրան Մեծ նրբանցքի նշված հասցեի անշարժ գույքն ամբողջությամբ, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 20 միլիոն 400 հազար դրամ, ևս մի ՍՊ ընկերության 81 տոկոս բաժնեմասն ամբողջությամբ, Երևանի մի քանի հասցեների բնակարաններից ստացված վարձավճարները։

Դավիթ Սեդրակյանից և Ելիզավետա Մարգարյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Երևանի Դավիթ Բեկ փողոցի նշված հասցեի անշարժ գույքն ամբողջությամբ, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 27 միլիոն 300 հազար դրամ։ Պահաջնվում է բռնագանձել Երևանի Եկմալյան փողոցի հողատարածքները։

Դատախազը շարունակաբար ներկայացրեց Մհեր Սեդրակյանի, Դավիթ Սեդրակյանի ենթադրյալ ապօրինքի գույքերի անունները, ծավալը։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Ալեքսան Խաչատրյանը միջնորդության վերաբերյալ նշեց․ «Այս միջնորդության մեջ Ելիզավետա Մարգարյանի հասցեն էլի սխալ է նշված, կարծում եմ՝ ամեն դեպքում, պետք է Ելիզավետա Մարգարյանին գոնե ժամանակ տրամադրվի դիրքորոշում հայտնելու համար, քանի որ սա անմիջականորեն առնչվում է նրա հետ»։

Համլետ Հարությունյանի խոսքով՝ իրենք բազմիցս խոսել են գործի վերաբերյալ, բազմիցս հիմնավորումներ եղել են, այս հարցերը ներկայացվել են, հայցադիմումի մեջ մանրամասն ներկայացված է՝ ինչ հիմքերով է Դավիթ Սեդրակյանի գույքերի իրական շահառուն համարվում Մհեր Սեդրակյանը։

Կողմերը հայտնեցին իրենց դիրքորոշումները միջնորդության վերաբերյալ, նիստը հետաձգելու մասին դատախազ Համլետ Հարությունյանը նշեց․ «Պատրաստ եմ այսօրվա նիստից հետո այս միջնորդությունն ուղարկել Ելիզավետա Մարգարյանին և ուղարկված լինելու ապացույցը ներկայացնել դատարան՝ թեև նման պարտականություն չունեմ ուղարկելու։ Նա բոլոր նիստերի մասին ծանուցված է եղել, երբեք դատական նիստերին չի ներկայացել, երբեք որևէ դիրքորշում չի հայտնել, որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել գործի նկատմամբ, բայց հետագա խնդիրներից խուսափելու նպատակով, ես կխնդրեմ դատարանից հետաձգել դատական նիստը, որպեսզի մինչև մյուս դատական նիստը նա կարողանա դիրքորոշում հայտնել՝ հետագա շահարկումներից խուսափելու համար»։

Խաչատրյանը նշեց, որ Ելիզավետա Մարգարյանին ճանաչում է որպես իր ընկերոջ՝ Դավիթ Սեդրակյանի նախկին կին, նրանք բավական երկար ժամանակ է՝ ամուսնալուծված են, նրա հասցեն չգիտի։

Միջնորդության քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա մայիսի 2-ին։

Մարիամ Շահնազարյան

Նյութում առկա նկարներն այս դատական նիստի ընթացքում չեն արվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել