Միացյալ Նահանգների վարչակազմը փորձում է լրացուցիչ տեղեկություններ ստանալ մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի մասին՝ այն անվանելով սարսափելի հարձակում։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Փորձում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալ։ Այս կադրերն ուղղակի սարսափելի են։ Դժվար է դիտել, և մեր մտքերը, իհարկե, զոհերի հետ են»,- ասել է նա։
Քիրբին միջադեպը նաև անվանել է «դաժան հրաձգություն»: «Ես չեմ կարող խոսել մանրամասների մասին: Այսինքն, այս ամենը հայտնի դարձավ միայն այն ժամանակ, երբ ես արդեն այստեղ էի՝ լրագրողների մոտ», – հավելել է Սպիտակ տան խոսնակը:
Նա հիշեցրել է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը նախկինում զգուշացրել է ամերիկացիներին և հորդորել նրանց «խուսափել խոշոր համերգներից, առևտրի կենտրոններից, նման որևէ բանից՝ միայն իրենց անվտանգության համար»։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիները «պետք է մնան իրենց տեղերում և հետևեն Պետդեպարտամենտի ցանկացած լրացուցիչ տեղեկության»։