«Կատակել է»․ շոու-բիզնեսի ներկայացուցիչները հարկեր վճարելու և «մերձդաշտյա ճանապարհի եղեգները հնձելով» ՀՀ-ն լքելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ, Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ շոու-բիզնեսի ներկայացուցիչների հարկերի վճարմանը։ Փաշինյանը նշեց, որ նրանք չեն կարող խուսափել հարկերից և չենթարկվել պատասխանատվության. «Ասում են՝ դե գնացել ենք, Լոս Անջելեսում համերգ ենք տվել, բա որտեղի՞ց եք մեկնել Լոս Անջելես, ի՞նչ ճանապարհով եք գնացել։ Դե ուրեմն՝ Հայաստանում աշխատած, հարկ վճարածների հաշվին ստեղծված ճանապարհից մի օգտվեք, հնձեք կողքի մերձդաշտյա ճանապարհի եղեգները ու այդպես գնացեք-հասեք օդանավակայան»։

Iravaban.net-ը կապ է հաստատել շոու-բիզնեսի մի քանի ներկայացուցիչների հետ՝ հարկային պարտավորությունների և գործադիրի ղեկավարի հայտարարությունների վերաբերյալ նրանց կարծիքն իմանալու համար։

Դերասան, հումորիստ և շոումեն Ռաֆայել Երանոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր գործունեության ողջ շրջանում վճարել է հարկեր և կարծում է, որ ցանկացած մարդ պիտի աշխատի ու հարկեր վճարի այն երկրում, որտեղ ապրում է. «Ես ճիշտ եմ համարում այն, որ եթե դու ապրում ես տվյալ երկրում, պիտի հարկեր վճարես քո երկրին։ Դա նորմալ է, ամբողջ աշխարհում է այդպես։ Նորմալ չէ, որ փորձում են դրա մասին  վախեցնելով ասել։ Ես աշխատում և արարում եմ Հայաստանի Հանրապետությունում, վճարում եմ հարկեր իմ ստացած եկամուտներից՝ բեմի վրա, եթերում»։

Կապ հաստատեցինք նաև դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանի հետ։ Նա նշեց, որ այս ասպարեզում է 2002 թվականից և իր բոլոր աշխատանքների համար մշտապես հարկեր է վճարել. «Հենց այս պահին էլ ես ներկայացման եմ, և այդ հարկերը ևս վճարվել են, ցանկացած գործունեություն իմ կողմից լինում է թափանցիկ»։

Մեր հարցին, թե դերասանը համաձա՞յն է հարկ վճարել արտերկրում ծավալած գործունեության համար, Հարությունյանը պատասխանեց, որ այս հարցում կա վերահսկման խնդիր. «Հնարավոր է՝ այնտեղ աշխատանքները իրականացվեն առանց գրանցման կամ կանխիկ գործարքներով, և ՀՀ-ում համապատասխան մարմինները չկարողանան վերահսկել, բայց ամեն ինչ պետք է արվի օրինական, և էլի հարկեր վճարվեն»։

Մեր հարցին՝ որքանո՞վ է արդարացված Փաշինյանի՝ «եթե չեն ցանկանում հարկ վճարել, թող մերձդաշտյա ճանապարհի եղեգները հնձեն, այդպես գնան»  հայտարարությունը, Անդրանիկը պատասխանեց, որ ամբողջությամբ դիտել է տեսանյութը, և  իր կարծիքով՝ այդ հատվածը կատակ էր. «Մի հատված կա, որտեղ վարչապետն ասում է, որ եղեգները հնձելու մասին «գրոտեսկով» է ասում։ Ենթադրում եմ, որ կոնկրետ այդ մասը  կատակել է, բայց հարկեր, իհարկե, պետք է վճարել»։

Հիշեցնենք, որ դերասանը վերջերս իր ինստագրամյան էջում թեմայի առնչությամբ հումորային տեսանյութ էր հրապարակել։ Նա հորդորեց տեսանյութին բացառապես հումորով վերաբերվել։

Նշենք, որ դեռևս այս տարվա հունվարին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ Հայաստանում շոու-բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել և վճարել հարկերը։

Iravaban.net-ը զրուցեց նաև երգիչ Միհրան Ծառուկյանի հետ։ Վերջինս նշեց, որ հարկեր վճարել պետք է, քանի որ օրենքն է այդպես սահմանում. «Արդեն երկար տարիներ է,  որ արտերկրում իմ գործունեության համար ևս հարկեր վճարում եմ։ Սա ինձ համար նորություն չէր»։

Ծառուկյանը հավելեց, որ տեղյակ չէ, թե որքա՞ն և ի՞նչ կարգով է հարկեր վճարում Հայաստանին, քանի որ դա արվում է հաշվապահության կողմից՝ օրենքով սահմանված չափով։

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ասաց, որ իրենց աշխատանքի համար իրենք հարկ վճարում են, բայց թե ինչ նոր օրենքներ պիտի սկսեն գործել՝ չգիտի։

Կապ հաստատեցինք նաև շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչների հետ։ Նրանք չցանկացան խոսել թեմայի շուրջ։ Մի քանիսը նշեցին, որ ընդհանրապես հարցազրույցներ չեն ունենում, մի քանիսն էլ՝ որ կոնկրետ հարկային պարտավորությունների մասին չեն ցանկանում խոսել։

Արտերկրում ծավալած գործունեության համար հարկեր վճարելու թեմայով խոսեցինք նաև տնտեսագետ Կարեն Սարգսյանի հետ։ Մեր հարցին՝ արդյո՞ք արդարացի է ՀՀ-ից դուրս ունեցած աշխատանքային գործունեությունից այստեղ հարկեր վճարելը՝ նա պատասխանեց, որ ինչպես բոլորը, այնպես էլ շոու-բիզնեսի ներկայացուցիչները պիտի հարկեր վճարեն, բայց կրկնակի հարկումը բացառելու տարբերակով.

«Եթե եկամուտ են ստացել Հայաստանից դուրս, ու այդ երկրում դա հարկվել է, ապա Հայաստանում հարկային պարտավորություն չպետք է առաջանա։ Այսինքն, եթե օտար երկրում՝ որպես որոշակի կազմակերպություն կամ անհատ հարկեր են վճարում, կրկնակի հարկումը պետք է բացառել։ Իսկ եթե դրսում չեն հարկվել, օրինակ, ընդամենը մի քանի օրով մեկնել են համերգային շրջագայության և համարվում են ՀՀ ռեզիդենտ, հարկային պարտավորություն պիտի առաջանա Հայաստանում։ Շատ երկրների հետ մենք ունենք համաձայնագրեր՝ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ»։

Նա, ընդգծելով, հարկեր վճարելու կարևորությունը, հավելեց, որ հարկեր վճարում ենք, որպեսզի պետությունը որոշակի բարիքներ ու ծառայություններ ստեղծի քաղաքացիների համար։ Ե՛վ հարկեր վճարող անձինք, և՛ չվճարողները օգտվում են այդ ծառայություններից, այնպես որ պետք է լինել բարեխիղճ։ Սարգսյանը նշեց նաև, որ չի կարող հասարակ աշխատավարձով ապրող քաղաքացին վճարել հարկեր, իսկ մի քանի անգամ շատ եկամուտ ունեցողները՝ ոչ։

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել