«Ես ոչ մեկի չեմ ծեծել, Լևոն Քոչարյանին էլ չեմ ծեծել»․ մեկնարկել է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատաքննությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում մեկնարկել է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատաքննությունը, որը նախագահում է դատավոր Կարեն Ֆարխոյանը։

2 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Ասատուրովին դատարանում ներկայացնում է Արցախի փաստաբանների պալատի անդամ Արայիկ Ներսիսյանը, իսկ Լևոն Քոչարյանին՝ փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը, Ալեքսանդր Կոչուբաևը և Արամ Վարդևանյանը։

Ասատուրովի պաշտպան Արայիկ Ներսիսյանը հայտնեց դատարանին, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց «բացակայելու արգելքը»  վերացնելու միջնորդություն է ուզում ներկայացնել, քանի որ ամբաստանյալը չի կարողանում իրականացնել իր մասնագիտական գործառույթները․ «Ունեմ ևս մեկ միջնորդություն քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ»։

Փաստաբանի խոսքով՝ 2018-ին նույն ձևով անհնազանդության ակցիաներ են իրականացվել, սակայն դրանք որևէ հետևանք չեն առաջացրել։

«Եթե մեղադրանքի հիմքում դրված է նրա կողմից զուտ շղթայված, թևանցուկ մոտենալը, ապա 2018-ի հանրահայտ իրադարձությունների ժամանակ համատարած նման գործողություններ են կատարվել տարբեր խմբերի կողմից»,-նշեց Արայիկ Ներսիսյանը։

Ասատուրովն իր հերթին նշեց, որ ցույցերի ժամանակ թևանցուկ քայլելը անվտանգության նկատառումներով է արվում․ «Ցույցերի ժամանակ երբ հրում են, ընկնում ենք գետնին, վրեքներովս անցնում են։ Նման ձևով ենք քայլել անվտանգության նկատառումներից ելնելով, հավասարակշռությունը պահպանելու համար»։

Նախագահող դատավորը հայտնեց, որ այժմ դատարանը չի լսի վարույթի մյուս մասնակիցների կարծիքը ներկայացված միջնորդությունների վերաբերյալ, քանի նախնական դատալսումների ընթացքում դատարանը մի խումբ հարցերի անդրադառնում է սահմանված հաջորդականության։

Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ հանրային մեղադրող Արթուր Դանիելյանին բացարկի միջնորդություն է ուզում ներկայացնել, սակայն մինչև այդ ուզում է հարցերի ուղղել վերջինիս։ Փաստաբանը հետաքրքրվեց, թե դատախազն ինչ հարաբերությունների մեջ է գտնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ։

Հանրային մեղադրողը նշեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը նման հարցուպատասխանի ընթացակարգ չի նախատեսում․ «Որևէ հարցի չեմ պատասխանի, որովհետև Քրեական դատավարության օրենսգիրքը նման ընթացակարգ չի նախատեսում»։

Լուսանկարը՝ 2023-ի հունիսի 5-ի՝ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ նիստից

Կոչուբաևը նշեց՝ նման պատասխանը իր մոտ ամրապնդեց այն կարծիքը, որ բացարկի միջնորդությունը պետք է ներկայացվի։ 2023-ի հունիսի 5-ին տեսանյութ է հրապարակվել, որն ունի հետևյալ վերնագիրը․ «Մեղադրանքը պաշտպանող դատախազը և Աշոտ Փաշինյանը մտերմիկ զրուցում են»։

Պաշտպանը նշեց, որ այդ տեսանյութի և այժմ դատարանում դատախազի տված պատասխանից ենթադրում են, որ կան օրինականության և անկախության հետ կապված խնդիրներ։ Նա նշեց, որ տուժողի և մեղադրողի շփումն արգելված է․ «Այսպիսի մտերմիկ շփումը տուժողի հետ չի բխում Քրեական դատավարության օրենսգրքից»։

Կոչուբաևի խոսքով՝ նորմալ չէ, որ Լևոն Քոչարյանի գործը կցվել է Արթուր Դանիելյանին, քանի որ վերջինս ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ է։

Լևոն Քոչարյանը դատարանում ևս մեկ անգամ պնդեց, որ ինքը ոչ մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել։ Ասատուրովը միացավ ներկայացված միջնորդությանը՝ ավելացնելով, որ այս գործը հանրության համար ամբողջությամբ պարզ է։

Հանրային մեղադրողը ասաց՝ իր համար անակնկալ է, որ Կոչուբաևը չի տարբերում դատախազի կողմից մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամաբ հսկողությունը և դատարանում մեղադրանքի պաշտպանությունը։ Նա նշեց, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։

«Բերում եք օրինակ, որտեղ Աշոտ Փաշինյանը եղել է տուժող, այսինքն մեղադրանքի կողմ, իսկ ես եղել եմ հանրային մեղադրող։ Նշում եք, թե մտերմիկ զրույց է տեղի ունեցել, այդ ինչ մտերմիկ զրույցի մասին է խոսքը։ Առհասարակ, Դուք ինչպես եք մեկնաբանել, որ դա մտերմիկ զրույց է է։ Ձեր անձն ինձ քաջածանոթ է, ըստ էության, ես պատկերացում կազմում եմ, թե ինչու եք Դուք այդպես ներկայացնում։ Այդ Ձեր «մտերմիկ» անվանվող զրույցը առկա չէ և դա չեք կարող հիմնավորել, այն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունի»,-նշեց մեղադրող դատախազը՝ հավելելով, որ նա ինքնաբացարկի հիմքեր չի տեսնում և ինքնաբացարկ չի հայտնում։

Էրիկ Ալեքսանյանը պարզաբանում պահանջեց «Ձեր անձն ինձ քաջածանոթ է» արտահայտությամբ վերաբերյալ։ Արթուր Դանիելյանը նշեց, որ ինքը վիրավորելու միտք չի ունեցել, նկատի է ունեցել այլ քրեական գործերով Ալեքսանդր Կոչուբաևին ճանաչելը, ինչպես նաև այս գործի վերաբերյալ նրա տված հարցազրույցները։

Տուժող ոստիկաններից մեկն ասաց․ «Լևոն Քոչարյանն ինձ անվանեց իրեն ծեծող ոստիկան, բայց ես ոչ մեկի չեմ ծեծել, իրան էլ չեմ ծեծել»։

Կարեն Ֆարխոյանն իր հերթին նշեց, որ դատարանը թույլ չի տա կողմերին միմյանց հասցեին վիրավորանքներ հնչեցնել։ Միևնույն ժամանակ դատավորը հայտնեց, որ մերժում է Ալեքսանդր Կոչուբաևի ներկայացրած միջնորդությունը, քանի որ այն չի բխում Քրեական դատավարության պահանջներից։

Որոշման հրապարակումից հետո պաշտպանական կողմը ընդմիջում խնդրեց։

Ընդմիջումից հետո պաշտպանական կողմի ներկայացուցիչները պնդում էին, որ տուժողների տված ցուցմունքները արժանահավատ չեն։ Դատախազը սակայն նշեց, որ ցուցմունքների արժանահավատության քննարկումներն այս դատավարական փուլի խնդիր չեն հանդիսանում և այն պետք է տարբերվի մամուլի ասուլիսից։

«Առարկում ենք Ձեր գործողությունների դեմ պատվարժան դատարան, այն մասով, որ թույլ մի տվեք տվյալ դատավարական փուլից չբխող այլ հայտարարություններ, ցուցմունքների մեկնաբանություններ, արժանահավատության վերաբերյալ կարծիքների արտահայտություններ, դրանով թե՛ մեղադրյալների և, թե՛ պաշտպանության կողմի լսվելու իրավունքի հետ կապված խնդիրներ չեն կարող առաջանալ»,-ասաց հանրային մեղադրողը։

Դատավորն ասաց, որ իրենք չունեն ժամանակի սահմանափակում։ Փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը դիմեց դատավորին․ «Внимание, вопрос. Սերգեյ Ասատուրովը էս ամեն ինչի հետ ի՞նչ կապ ունի, պատվարժան դատարան»։

Կոչուբաևի խոսքով՝ որևէ մեկը Ասատուրովի դեմ ցուցմունք չի տվել։ Ելույթով հանդես եկավ Լևոն Քոչարյանը։

«Պատվարժան դատարան, գործը Ձեզ է մակագրվել։ Չեմ կարծում, որ որևէ դատավոր ուրախ կլիներ այս գործն ունենալ, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ես հասկանում եմ, որ դատարանում չեն սիրում, երբ իրավականից դուրս ինչ-որ քննարկումներ է ծավալվում։ Այս դեպքում շատ դժվար է մնալ զուտ իրավականի մեջ, որովհետև, եթե իրավականի մեջ լիներ այս ամեն ինչը, ես այստեղ չէի լինի։ Ես հասկանում եմ՝ դատախազների ուզածը որն է, բայց գործի էությունը քաղաքական է, ինչքան էլ մենք չխոսենք։ Եկեք՝ ոչ ոք, ոչ մեկին հիմարի տեղ չդնի, բոլորն էլ շատ լավ հասկանում են։ Ինձ ոչ ոք չի հարցրել այն հանգամանքը, որը որ դրված է մեղադրանքի մեջ․ ինչո՞ւ էիք քայլում դեպի ոստիկանները։ Պարզ հարց է, չէ՞։ Եթե մարդն ուզում է իրականությունը հասկանա, պետք է որ տար այդ հարցը։ Ոչ ոք չի էլ ուզում իմանալ՝ ի՞նչ է եղել։ Միակ մարդն ով ինձ այդ հարցը տվել է, եղել է այն գործով քննիչը, որով ես տուժող եմ։ Մեր ընտանիքն արդեն 5 տարի է՝ անցնում է այս ամենի միջով»,-նշեց նա։

Փետրվարի 27-ին մեկնարկած նախնական դատական նիստը հետաձգվեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել