Հակակոռուպցիոն դատարանում նոյեմբերի 28-ին, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործով նիստը։
Նույն օրը, նույն դատարանում և նույն ժամին տեղի էր ունենում Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով դատական նիստը։ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը գրավոր դիմումով միջնորդություն էր ներկայացրել հետաձգել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործով նիստը, քանի որ երկու նիստերում էլ ինքն էր ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին։ Միջնորդությունը մերժվեց, քանի որ կոնկրետ այս նիստը Լևոն և Սիրանուշ Քոչարյաններին վերաբերելի մասը գործից անջատելու և արագացված վարույթով քննելու մասին էր։ Նախագահող դատավորը նաև ասաց, որ նախորդ նիստում պատշաճ կերպով բոլորը ծանուցված են եղել նոյեմբերի 27-ին նշանակված նիստի մասին։
Iravaban.net-ի փոխանցմամբ Լևոն և Սիրանուշ Քոչարյանների ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ներկայացրել էին միջնորդություն քաղաքացիական գործի վարույթից մաս առանձնացնելու, արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ։
«Մեր խորին համոզմամբ՝ դատախազության փոփոխված հայցադիմումի կետերից մեկով, որով պահանջվում է Լևոն Քոչարյանին և Սիրանուշ Քոչարյանին պատկանող և օրինական եկամուտներով հիմնավորվող գույքերի հաշվին հոգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 853 միլիոն 429 հազար 645 դրամ, 2 միլիարդ 313 միլիոն 490 հազար 249 դրամ, 42 միլիոն 278 հազար 847 դրամ և 118 միլիոն 794 հազար 591 դրամ։ Այս պահանջը ակնհայտ անհիմն է, այստեղ չեն կարող Լևոն և Սիրանուշ Քոչարյանները դիտարկվեն, որպես պատշաճ պատասխանող և այս առիթով մենք խնդրում ենք դատարանին պահանջի այս մասը առանձնացնել և կիրառել արագացված դատաքննություն, քանի որ պահանջը ներկայացված է ոչ պատշաճ պատասխանողի դեմ և հայցը ակնհայտ անհիմն լինելու հիմքով հայցը մերժել։ Ինչո՞ւ ենք մենք այս կարծիքին․ որովհետև առհասարակ, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի տրամաբանությունն այն է, որ օրենսդիրը նպատակ ունի շրջանառությունից հանել ապօրինի ծագում ունեցող գույքը»,-նշեց նա, հավելելով՝ որ հայցը ի սկզբանե չի ներկայացվել Լևոն և Սիրանուշ Քոչարյանների դեմ։
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ վարույթը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ է հարուցված և դատախազ Գևորգ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Լևոն և Սիրանուշ Քոչարյանները պետք է հիմնավորեն, որ իրենց գույքը օրինական է։
«Նրանք ունեցել են սեփական եկամուտներ, բայց դրանից ավելի շատ ծախսեր են կատարել, որոշ դեպքերում տնտեսել են իրենց սեփական միջոցները։ Ապօրինի դրամական միջոցներով ընտանիքի անդամները կարող են ձեռք բերել գույքեր արտերկրում, որոնք հնարավոր չէ հայտնաբերել և նույնականացնել, դրանց գոյության մասին չհայտնել և խուսափել դրանց բռնագանձումից կամ հնարավոր է հիմնական պատասխանողին պատկանող ապօրինի միջոցները փոխանցել ընտանիքի անդամներին, վերջիններս հոգան իրենց բոլոր նյութական կարիքները, իսկ իրենց սեփական օրինական միջոցները ուղղեն բացառապես ակտիվների ձեռքբերմանը և կրկին խուսափեն ապօրինի միջոցների բռնագանձումից»,-նշեց դատախազը։
Գևորգ Քոչարյանն ասաց, որ այս գործով Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, ի թիվս այլ պահանջների, ներկայացված է նաև վերջիններիս պատկանող և օրինական եկամուտներով հիմնավորված գույքերի հաշվին, որոշակի ծավալի դրամական միջոցների բռնագանձման տարրեր։
«Ինչ վերաբերում է նրան, որ պահանջը ձևակերպված է Լևոն և Սիրանուշ Քոչարյանների օրինական գույքերի հաշվին բռնագանձելու խնդրանքով, հարկ է նշել, որ բա բխում է օրենքի տրամաբանությունից, քանի որ ապօրինի ծագում ունեցող գույքերը ինքնին ենթակա են բռնագանձման բնեղենով և դրամական միջոցների բռնագանձումը հնարավոր չէ կատարել արդեն իսկ բռնագանձված ապօրինի գույքերի հաշվին»,-նշեց դատախազը և խնդրեց մերժել Արթուր Հովհաննիսյանի ներկայացրած միջնորդությունը։
Դատախազի և փաստաբանի միջև սկսվեց բանավեճ։
-Ձեր հայցի հիմքից կարո՞ղ ենք ենթադրել, որ դուք ասում եք՝ Լևոն կամ Սիրանուշ Քոչարյանները գեներացրել են ապօրինի ծագում ունեցող գույք, նման բան կա՞։
-Ոչ։
-Հետևաբար Լևոն և Սիրանուշ Քոչարյանները ի՞նչ ապօրինի գործողություններ են արել, կասե՞ք, եթե դուք ասում եք, որ իրենք չեն գեներացրել ապօրինի ծագում ունեցող գույք։ Հետևաբար իրենց ապօրինությունը ո՞րն է, դուք իրենց սեփականազրկում եք օրինական գույքից։ Հիմա մի ապօրինի բան պետք է արած լինի Լևոնը, պետության իրավունքը Լևոնը պետք է խախտախ լինի կամ Սիրանուշը, որ արդյունքում այսօր զրկվի սեփականությունից, ի՞նչ են արել այս մարդիկ։
-Ես Ձեր հարցին գուցե առարկայական հնարավորություն ունեմ պատասխանելու, թե ինչ են արել Լևոն և Սիրանուշ Քոչարյանները, բայց այս վարույթը դրա մասին չի, թե Լևոն և Սիրանուշ Քոչարյանները ինչ են արել։ Այս վարույթը նրա մասին էլ չի, թե պարոն Ռոբերտ Քոչարյանն ինչ է արել, դա այլ վարույթի տիրույթում է։ Այս վարույթի իմաստը գույքերի օրինականությունը կամ անօրինականությունը որոշելն է։ Այստեղ անձանց գործողությունները նշանակություն չունեն։
-Այսինքն Լևոն և Սիրանուշ Քոչարյանները, եթե ծախսել են մի բան, որը իրենց եկամուտներից ավել է, դա Ռոբերտ Քոչարյանի՞ գեներացրածն են ծախսել։
-Քոչարյանի շնորհիվ գեներացվածը։
-853 միլիոն 429 հազար 645 դրամ բռնագանձում եք, որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ։ Ճիշտ եմ չէ հասկանո՞ւմ, որ սա ըստ Ձեզ՝ կանխիկ ինչ-որ գումար է, որը ենթդարաբար կա, ինչ-որ մի տեղ։
-Բանկային տեղեկությունները ժամանակային սահմանափակություն ունեն։ Մինչև այդ պահը բնականաբար տեսնում ենք, դրանից հետո չենք տեսնում։ Այդ պահի դրությամբ մենք կարող ենք ասել՝ այդ 853 միլիոն 429 հազար 645 դրամից ինչքանն է եղել կանխիկ, ինչքանն է եղել անկանխիկ, բայց դրանից հետո, քանի որ անցել է որոշակի ժամանակահատված, մինչև ապահովման միջոցների կիրառումը, արդեն դրանից հետո մենք չգիտենք՝ ինչ փոփոխություններ է եղել։
-Հունիսի տվյալներով՝ այս 853 միլիոնը Լևոնի կամ Սիրանուշի բանկային հաշիվներում կային, թե՞ չկային։
-853 միլիոնը բանկային հաշիվներում չկային, կար դրա մի մասը։
-Եթե բանկային հաշիվներում չկային, ենթադրվո՞ւմ է՝ կանխիկ էին։
-Բնականաբար։
-Այս կանխիկի իրական շահառուն ո՞վ է։
-Ռոբերտ Քոչարյանը։
-Այսինքն տեր-տիրականը, ըստ Ձեզ՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է։ Բա ինչի՞ եք Լևոնից ուզում։ Կանխիկով, պայուսակով փող է, ինչի՞ եք ասում՝ սա, Լևոն, քո մոտից վերցնում եմ։ Ասում եք՝ սա Քոչարյանինն է, Լևոն, քո մոտից վերցնում եմ։
-Այո։
-Ախր սա չեք վերցնում, ասում եք՝ սա չեմ կարողնում վերցնել, քո օրինական այս մյուսն ենք վերցնում։
-Պարոն Հովհաննիսյան, ես հասկանում եմ՝ ինչ եք ասում, բայց դրա համար հենց Ձեր հարցը կանխելու նպատակով նշել էինք, որ ենթադրվում է, այդ կանխիկը ճամպրուկով Լևոն Քոչարյանի մոտ է, հիմա, եթե Լևոն Քոչարյանի մոտ է, Լևոն Քոչարյանը բերում է և հանձնում է համապատասխան մարմինին, մյուս գույքերին որևէ մեկը, որևէ հիմքով չի կարող կպնել։ Եթե Լևոն Քոչարյանը ճամպրուկով գումարը թաքցնում է, այո, Լևոն Քոչարյանի մյուս գույքերի հաշվին մենք չներկայացված դրամական միջոցների փոխհատուցումը պետք է հաստատենք։
-Դուք ասում եք՝ Լևոն և Սիրանուշ Քոչարյաններ, 2 միլիարդ 313 միլիոն 490 հազար 249 դրամ դուք ծախսել եք Ռոբերտ Քոչարյանի հանձնարարականով կամ օգտին կամ հաշվին։
-Այո։ Եվ ծախսել եք ձեր կարիքների համար։
Դատավորը որոշեց մերժել միջնորդությունը։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Հասմիկ Սարգսյան