«Ողջունելի է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և բնապահպան ակտիվիստները բողոքում են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների համար»․ այս մասին APA-ին ասել է «Ջրօգտագործման ոլորտի մասնագետներ» հասարակական ասոցիացիայի փոխնախագահ Ամին Մամեդովը։
Նրա խոսքով՝ այս մասին տեղեկացել են հայաստանյան լրատվամիջոցներից, ուստի՝ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ընդունել են աջակցության հայտարարություն։
«Իրականում մենք մի քանի հայտարարություն արեցինք, որ Հայաստանը ցանկանում է գործարան կառուցել Նախիջևանի սահմանին՝ Երասխում, ցավոք սրտի, Հայաստանի քաղաքացիական հասարակության կողմից սրա արձագանքը չեղավ, բայց նման արձագանքը հիմա ցույց է տալիս, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ավելի ուշադիր է ուսումնասիրել մեր հայտարարությունը։ Մեր ներկայացրած փաստերը ստուգելուց հետո տեսան, որ իսկապես եղել են մարդու առողջությանը վնասակար գործողություններ»,-ասել է Ամին Մամեդովը։
Iravaban.net-ը նմանատիպ թեմայի արդեն իսկ անդրադարձել էր՝ նշելով, որ Ադրբեջանի գրոհների վերջին տարիների հիմնական թիրախներից մեկը Հայաստանի տնտեսությունն ու առավելապես հանքարդյունաբերության ոլորտն է։ Իսկ օրեր առաջ հայկական և ադրբեջանական ՀԿ-ները նույն հայտարարության տակ են ստորագրել, որով թիրախավորվում է նաև ՀՀ հանքարդյունաբերության ոլորտը։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ հայ բանախոսների ելույթները կամ հարցազրույցները ադրբեջանական կողմն օգտագործում է ի վնաս Հայաստանի և Հայաստանի տնտեսության։ Որոշ ժամանակ առաջ էլ ադրբեջանական լրատվամիջոցն օգտագործել էր Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին։