«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի գործով դատավարությունը մոտենում է ավարտին։ Այսօր՝ հունվարի 10-ին, դատական նիստի ժամանակ պաշտպանական ճառով հանդես եկավ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Չարչյանը մեղադրվում է 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ (հունիսի 18-ին) տարածվել էր հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։ Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ փաստաբանը սկզբում պնդեց, որ գործը հարուցվել է ոչ օրինական առիթ հանդիսացող Հատուկ քննչական ծառայության (այժմ՝ լուծարված) մամուլի քարտուղարի զեկուցագրի հիման վրա, որը վերաբերում էր «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքում տարածված ձայնագրությանը։
«Բացի այդ, Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքը որոշակի չէ, չկա որևէ կոնկրետացում՝ հարկադրանքի ձևի, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը, ճնշումը եղել է հոգեբանական, թե ֆիզիկական, առկա չէ կոնկրետացում բացասական հետևանքների վերաբերյալ,։ Ավելին, ձայնագրության համաձայն՝ խոսքը եզրափակելով Չարչյանը խոստացել էր, որ չի լինելու որևէ ռեպրեսիա»,-նշեց Ալեքսանյանը։
Փաստաբանը պնդեց՝ Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցների հետ հանդիպել է ոչ թե որպես «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն կամ «Հայաստան» դաշինքի անդամ, այլ՝ որպես ընկեր։
«Հարցաքննված վկաներից ոչ մեկը նույնիսկ նախաքննության ընթացքում որևէ տվյալ չի հայտնել այն մասին, որ Արմեն Չարչյանը նրանցից որևէ մեկին հարկադրել է կատարել այս կամ այն գործողությունը, կամ էլ վերջինիս ««Իզմիրլյան» բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների մասնակցությամբ 2021 հունիսի 18-ին՝ ժամը 09։30-ին, կազմակերպված և անցկացրած ժողովի ժամանակ ունեցած ելույթը, իրենց կողմից ընկալվել է որպես հարկադրանք, պարտադրանք մասնակցել ընտրություններին և /կամ/ քվեարկել «Հայաստան» դաշինքի, այլ ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին»,-նշեց փաստաբանը։
Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց արդարացնել Չարչյանին առաջադրված մեղադրանքում, ճանաչել և հռչակել նրա անմեղությունը․ «Այլ բան, քան արդարացումն է՝ ընդունելի չէ»։
Մեղադրող դատախազ Հայկ Հովհաննիսյանը արձագանքեց պաշտպանական ճառին՝ նշելով, որ քրեական գործի հարուցման առիթ են դարձել ՀՔԾ մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը, ոչ թե բուն զեկուցագիրը։ Վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտ գործողություններ է իրականացրել, ինչի արդյունքում էլ հարուցվել է քրեական գործը․ «Պաշտպանի կողմից վկայակոչված որոշումներն ու վերլուծությունները վերաբերելի չեն այս գործին։ Պնդում եմ, որ քրեական գործը հարուցվել է օրինական առիթի և բավարար հիմքերի առկայության պայմաններում։ Պաշտպանական կողմի պնդումները հիմնազուրկ են և նպատակ են հետապնդում կարծեցյալ դատավարական խախտումների պատրվակով ստեղծել ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության պատրանք»։
Բացի այդ, ըստ դատախազի, Չարչյանը ժողով է անցկացրել, որի ժամանակ խիստ և անհամարժեք վերաբերմունքի արժանացնելու սպառնալիքով հարկադրել է ժողովի ներկաներին մասնակցել 2021 թվականի ընտրություններին։
Հայկ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Էրիկ Ալեքսանյանի մյուս հայտարարություններին ու նշեց, որ պնդում է մեղադրական ճառը։
Հիշեցնենք՝ դատախազը պահանջում է մեղավոր ճանաչել Չարչյանին և դատապարտել 5 տարվա ազատազրկման։
Նիստից հետո Արմեն Չարչյանը հայտարարեց, որ պաշտպանի ճառը հիմնավոր էր։ Նա էլ պնդեց՝ գործն ապօրինի է հարուցվել։
Iravaban.net-ի հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ նիստի ձայնագրությունը հայտնվել է «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքում, գուցե ժողովին ներկա առնվազն մեկ աշխատակից նրա խոսքերը որպես սպառնալի՞ք է դիտարկել, ի պատասխան Չարչյանը նշեց, թե իրեն չի հետաքրքրում՝ ինչպես է ձայնագրությունը հայտնվել «Բաղրամյան 26»-ում։
Նա ավելացրեց, որ իր 2 աշխատակիցներին հենց ինքն էր խնդրել, որ ժողովը ձայնագրվի․ «Ինտուիտիվ զգում էի, թե կանխատեսում էի, որ կարող են հետապնդումներ լինել։ Ես ինքս էի խնդրել, որ ձայնագրեն։ Բնականաբար, այդ ձայնագրությունը կարող էր խաբեությամբ կամ ստահակությամբ հայտնվել նաև այլ տեղերում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան