Ներկայումս ՀՀ դատական համակարգը չունի միասնական էլեկտրոնային համակարգ, որի շրջանակներում իրականացվեն բոլոր դատական վարույթները:
Առկա են մի քանի առանձին էլեկտրոնային գործիքներ, որոնք չեն կարող ապահովել դատավարության ամբողջ թվայնացումը, ինչի պայմաններում չի կարող արդյունավետ ներդրվել և գործել «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգը:
Այս պահին «Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի մշակումն ու ներդրումը հանդիսանում են առաջնային անհրաժեշտություն, ինչի իրագործումը հնարավորություն կընձեռի դատարանին և կողմերին վարույթի շրջանակներում իրականացվող դատական գործառույթները և դատավարական գործողություններն իրականացնել էլեկտրոնային եղանակով:
Նախատեսվում է, որ համակարգն իր մեջ կպարունակի քաղաքացիական, վարչական, սնանկության և քրեական դատական գործերով էլեկտրոնային գործիքակազմը, յուրաքանչյուրն առանձին մոդուլով՝ համակցված այն բոլոր մարմինների և կազմակերպությունների էլեկտրոնային տվյալների շտեմարաններին, որոնք ներգրավված են դատավարության մեջ կամ հանդիսանում են դատարանի համար անհրաժեշտ տեղեկատվության մշակողներ/տնօրինողներ կամ ստացողներ:
Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրերով նախատեսված է ներդնել էլեկտրոնային արդարադատության (eJustice) համակարգը և գործիքները։
Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: