«Հարևան գյուղի դպրոցի տարածքում ականանետեր կային ու 100-ից ավելի ադրբեջանցի զինծառայողներ»․ բռնի տեղահանված

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Կարմեն Ավետիսյանը  Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում նշեց, որ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից է տեղահանվել։

Նա խոսեց ադրբեջանական կողմի հետ երեք տարի կողք կողքի ապրելու մասին։

«Վախ, իհարկե կար, բայց կյանքի փորձը ցույց է տվել, որ իրենց պետք չէր, այդ պահին խաղաղություն խախտվեր, հանգիստ էին իրենց պահում, որովհետև իրենք այնտեղ շինարարություն էին անում։ Ահագին մեծ աշխատանք են արել իրենք։ Եթե որևէ բան լիներ, մենք էլ կակտիվանայինք և կխանգարեինք այդ պրոցեսին։ Իրենք անում էին այն, ինչ ծրագրավորել էին»,-ասաց նա։

9 ամիս շրջափակման մեջ անցկացրած օրերի մասին պարոն Կարմենն ասում է՝ դժվար էր։

«Վերջին ամսին հատկապես շատ սարսափելի էր իրավիճակը։ Այնպես ստացվեց, որ մեր գյուղում հին ջրաղաց կար, դա մաքրեցինք ու սկսեցինք ալյուր անել, ճիշտ է՝ սև ալյուր էր, բայց դա էլ փրկություն էր։ Բավարարեցին գյուղի ժողովրդին, ահագին Ստեփանակերտ տարան։ Հացի խնդիր կար և ամենավատը, որ վերնախավի մեջ որոշակի անկազմակերպվածություն կար։ Բաներ կան, որ այս պահին պետք չէ ասել, բայց երևի 2020 թվականի պատերազմը կազմակերպված անկազմակերպություն էր, սիկ այս վերջին ժամանակ, պարզապես անկազմակերպություն էր»,-նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով Արցախի ժողովրդին ամեն րոպե վտանգ էր սպառնում։ Նա սեպտեմբերի 18-ին մեկնել էր Ստեփանակերտ։

«Եկա Ստեփանակերտ, որ պետք է երեկոյան հետ դառանյի, բայց մնացի, առավոտյան սկսվեց պատերազմը։ Մենք գիտեինք, որ հարևան գյուղի դպրոցի տարածքում ականանետեր կային ու 100-ից ավելի ադրբեջանցի զինծառայողներ, բոլոր գյուղերում էլ կային, այն գյուղերում, որոնք հայաթափվել էին։ Մերոնք ահագին լավ պաշտպանվեցին։ Հավանական է, որ իրենց նպատակն այն էր, որ բոլոր գյուղերն իրարից կտրեն, հոգեբանորեն ընկճվի հասարակությունը և ստիպեին, որ զենքերը հանձնենք, բայց տղաները կանգնեցինք, մեր գյուղն ահագին զոհեր տվեց։ Նրանք սկսեցին ականանետերով խփել մեր դիրքերին»,-պատմեց պարոն Կարմենը։

Նա համոզմունք է հայտնում, որ նորից գնալու են Արցախ։

«Արցախը պետք է անկախություն ձեռք բերի։ Այստեղ երկու պետության կամ երկու ժողովրդի հարց չէ, սա համամարդկային և բնության երևույթների հետ կապված բաներ կան։ Թե մեր շահն ու շահի հետ կբռնի, դա ուրիշ հարց է։ Մենք մեր սխալ պահվածքով շատ մեծ նյութական կորուստներ տվեցինք, իսկ մարդկայինը՝ անփոխարինելի է»,-ասաց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ մոտ ժամանակներս Արցախից Հայաստան ներգաղթած ժողովրդի մինիմում 60 տոկոսը շատ մեծ խնդիրներ են ունենալու, օրվա հացի պնդիր են ունենալու։

«Հայաստանն ի վիճակի չէ ֆինանսավորել այդ մարդկանց։ Աշխատանքի տեղավորման հարցը բարդ է լինելու։ Պետք է մտածել և տեղափոխվել գյուղեր, իմ ընկերներից շատերը տեղափոխվել են և շատ գոհ են։»,-ասաց Կարմեն Ավետիսյանը։

Նրա կինը, որն ազգությամբ ռուս է և երկար տարիներ է ինչ բնակվում է Արցախում, նշում է, որ Արցախը երբեք չի եղել առանց արցախցիների։

«Բայց հենց 21-րդ դարում դա պատահեց։ Մեր մեղքն էլ այստեղ կա։ Ես խնդրում եմ Աստծուն, որ ժողովուրդը միավորվի, մի քիչ ավելի բարի դառնալ, ավելի լավը դառնա, այդ դեպքում Աստված կօգնի մեզ վերադառնալ։ Բայց այս պարագայում, երբ արցախցիները մեղադրում են հայաստանցիներին ոչ մի լավ բան չի ստացվի»,-նշեց կինը և իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանի բնակիչներին իրենց ամեն հարցում աջակցելու և օգնելու համար։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել