«Մի փնտրեք ողջերի մեջ, Գագիկը զոհվել է»․ նորակոչիկ Գագիկ Ավագյանը 38 օր կռվել է հանուն հայրենիքի

Արցախյան 44-օրյա պատերազմում է զոհվել Գագիկ Ավագյանը։ Մայրը՝ Ալինա Ավագյանը Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց, որ որդին շատ ուրախ է մեկնել ծառայության։

«Անկախ ինձնից արտասվեցի, ասաց՝ մամ, ինչու ես լացում, այնպես կանցնի այդ երկու տարին, դուք էլ չեք իմանա։ Մի անգամ չի տրտնջացել, ոչ մի բանից, թե՛ ծառայության ժամանակ, թե՛ պատերազմի։ Սեպտեմբերի 27-ին հոր հետ էր խոսել, ասել էր՝ ամեն ինչ լավ է, մենք բունկերներում ենք։ Բոլորս թաքնված ենք, մի վախեցեք։  Ինքն այնքան ուրախ է խոսել, որ չենք պատկերացրել, որ այնտեղից է խոսում»,-պատմում է նա։

Հոր՝ Ռաֆայել Ավագյանի խոսքով՝ որդին երկու ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը։

«Իր սիրած բառն էր՝ հերս ամեն ինչ «տոչնի» ա։ Միայն այդքանն է ասել։ Պատերազմի հետ կապված ոչ մի բան չենք լսել ու համոզվեցինք, որ նորակոչիկները բունկերում են»,-ասում է նա։

Մայրը պատմում է, որ որդին զոհվել է նոյեմբերի 4-ին։

«9-10 հոգի են եղել, հրամանատարն ասել է՝ հետ գնացեք, ինձ հիմա օգնության կգան, ասել են՝ մենք քեզ մենակ չենք թողնի։ Ու այդքանից 1-2 հոգի է փրկվել։ Ինքն այնքան անվախ էր, որ ես ասում էի՝ իրեն ոչ մի բան չի լինի»,-նշում է մայրը։

Ծնողները նոյեմբերի 4-ից հետո կապ չեն ունեցել որդու հետ։ Նոյեմբերի 10-ին իրենց ասել են, որ Գագիկը զոհվել է։ Իրենց տղայի դին կարողացել են գտնել փետրվարի 7-ին։

«Նոյեմբերի 4-ի առավոտյան խոսել ենք, դրանից հետո էլ ոչ մի զանգ չենք ստացել։ Ինչքան համարներ կար, բոլորով զանգեցի։ Վերջում մի համարով կապվեցի, ասացին, որ վիրավոր է։ Ես գնացի, գտա իր սերժանտին, ով եղել էր այդտեղ, ամեն ինչ տեսել էր։ Ինքն ինձ ասաց՝ մի փնտրեք ողջերի մեջ, Գագիկը զոհվել է»,-պատմում է հայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել