Դատախազությունը Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ հաշտության գործընթացը հանել է օրակարգից․ դատախազ

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ընտանիքի և փոխկապակցված անձանց՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Նարինե Ավագյանը։

Գլխավոր դատախազությունը բռնագանձման պահանջ է ներկայացրել ընդդեմ Էլյա Գրիգորյանի, Նաիրա Գրիգորյանի, Կարեն Գրիգորյանի, Արման Գրիգորյանի, Նազիկ Ամիրյանի, Արա Գրիգորյանի, Սամվել Գրիգորյանի, Այծեմնիկ Գրիգորյանի, Արփենիկ Գրիգորյանի, Վազգեն Գրիգորյանի, Լուիզա Գրիգորյանի, երրորդ անձինք՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Գևորգ Քոչարյանը հայտնեց, որ կողմերի միջև հաշտության համաձայնության վերաբերյալ բանակցություններ են տեղի ունեցել, սակայն դրանք արդյունք չեն տվել։ Նա նշեց, որ դատախազության պատրաստակամությունը պատասխանող կողմի մոտ իրավասու մարմնի թուլության կամ «ոչ ինքնավստահության» տեսանկյունից է ընկալվում։

«Իրականում այդպես չէ, դա դատախազության բարի կամքի դրսևումն է՝ որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ հաշվի առնելով։ Ամեն դեպքում, այս պահի դրությամբ ցավոք պետք է հայտնեմ դատարանին, որ որևէ առարկայական բան չունենք դատարանին ներկայացնելու։ Դատախազության օրակարգից հաշտության գործընթացն այս պահին դուրս է գալիս»,-նշեց Քոչարյանն ու ներողություն խնդրեց դատարանից՝ դատավարական ռեսուրսի վատնման համար։ Նա խնդրեց դատարանին անցնել հաջորդ դատավարական գործողություններին։

Դատավորը հիշեցրեց, որ Նազիկ Ամիրյանն անգամ նիստերի ժամանակ հաշտվելու առումով հայտնել է իր պատրաստակամությունը։ Նարինե Ավագյանը հետաքրքրվեց՝ հնարավորություն կա՞, որպեսզի մաս առանձնացվի գործից, հաշտության համաձայնություն ձեռք բերվի։ Գևորգ Քոչարյանը նշեց, որ դատախազությունը պատրաստակամ է, սակայն պատասխանող կողմը որևէ առաջարկ չի ներկայացրել նրան։

«Եթե մի բանի անունը հաշտություն է, ուրեմն դա պետք է լինի փոխզիջումային տարբերակ։ Բնականաբար, այդ փոխզիջումը չի կարող հավասարապես լինել 2 կողմից։ Կարող է՝ մի կողմից ավելի շատ լինի զիջումը, մյուս կողմից ավելի քիչ, դա բնական է։ Կոնկրետ տիկին Ամիրյանի մասով որևէ փոխզիջումային տարբերակի առաջարկ չենք ստացել»,-նշեց դատախազը՝ հայտնելով, որ հայցվորը հաշտության գործընթացը հանել է օրակարգից։

Պատասխանողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հակադարձեց դատախազին։ Նա նշեց, որ գործով զբաղվելու առաջին իսկ օրվանից, մինչև դատարան հայցադիմումը ներկայացնելը, հարցի վերաբերյալ քննարկումներ եղել են։

«Տիկին Ամիրյանի կողմից առաջարկը եղել է այսպես․ այսքան ապացույցները տրամադրում ենք ձեզ։ Մեր ներքին համոզմամբ՝ մենք օրինական ենք, սակայն հաշտությանը համաձայն ենք։ Երեխաները Մանվել Գրիգորյանի բաժնեմասով սեփականատեր են, եթե երեխաներով որոշեն հանձնել, մենք կհանձնենք։ Ճիշտ չէ, որ Նազիկ Ամիրյանի կողմից առաջարկ չի եղել։ Առաջարկ եղել է ստաբիլ, մի անգամ, սկզբից և այդ տեքստը դատարանում պաշտպանվել է միշտ»,-նշեց փաստաբանը՝ հավելելով, որ մինչև այժմ էլ նրանք կողմ են հաշտության համաձայնության գալուն։

Փաստաբան Լևոն Բաղդասարյանն էլ ասաց, որ հնարավոր է՝ ձգձգումներ են եղել, սակայն պատասխանողները համաձայն են հաշտության։ Նա տեղեկացրեց նաև, որ հաշտության համաձայնության հետ կապված ոչ վերջնական ցուցակ է ներկայացրել դատախազությանը․ «Եթե ասեմ, որ վերջնական ցուցակ ենք ներկայացրել, կստեմ, բայց նախնական ցուցակ ներկայացրել եմ»։

Գևորգ Քոչարյանն արձագանքելով պատասխանողների ներկայացուցիչներին՝ նշեց՝ առաջարկը նախապայմանով է․ եթե մյուս ժառանգները կհամաձայնվեն, Նազիկ Ամիրյանի զավակները միանգամից կասեն, որ համաձայն են․ «Նախապայմանով մաս անջատել և հաշտության գնալ հնարավոր չէ։ Հաշտության գնալ հնարավոր է, երբ կոնկրետ առաջարկ հնչի»։

Այնուհետև կողմերն անցան գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի և ապացուցման պարտականության բաշխմանը, որի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի ավելի ուշ։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել