Այս տարեսկզբից հանգամանորեն ուսումնասիրվել են Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումների շենքային ու աշխատանքային պայմանները, կատարվել են ընդգրկուն վերլուծություններ և տարատեսակ ծրագրեր են կազմվել` այդ պայմաններն առավել լավը դարձնելու, ինչպես նաև Կոմիտեի ստորաբաժանումների գործունեությանը նպաստելու, քննիչների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղություններում: Iravaban.net-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը։
Նրա խոսքով՝ գործունեության գերակա ուղղությունը համակարգում աշխատանքային պայմանների բարելավումն է։
-Պարոն Մարգարյան, արդեն մեկ տարի է` զբաղեցնում եք Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը. ի՞նչ ծրագրեր և նախաձեռնություններ եք հասցրել իրականացնել այս ընթացքում:
-Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար և ընդգծել, որ ի թիվս մեր ամենօրյա ու անընդհատական աշխատանքների` Քննչական կոմիտեում մեծապես կարևորվում են նաև կառույցի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկում ապահովելուն ուղղված նախաձեռնությունները, և այս հարցազրույցը կցանկանայի դիտարկել այդ տրամաբանության մեջ:
Քննչական կոմիտեի համակարգն ունի բավականին բազմաշերտ կառուցվածք, որն իր մեջ ներառում է նույնքան ծավալուն մի տնտեսություն և վերջինիս արդյունավետ կառավարմանն էլ ուղղված են մեր գործունեության հիմնական շեշտադրումները:
Ասեմ, որ ի սկզբանե ընտրել ենք գործունեության երկու հիմնական ուղղություններ. Կոմիտեի համակարգի պատշաճ աջակցմանն ուղղված բնականոն և անխաթար աշխատանքի ապահովում և երկրորդ՝ ժամանակի պահանջներին համահունչ ու ավելի ճկուն մոտեցումների մշակում` կառույցի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Կոմիտեի նախագահի համապատասխան հանձնարարությամբ այս տարեսկզբից հանգամանորեն ուսումնասիրվել են համակարգի բոլոր ստորաբաժանումների շենքային ու աշխատանքային պայմանները, կատարվել են արդյունավետության գնահատման ընդգրկուն վերլուծություններ և տարատեսակ ծրագրեր են կազմվել` այդ պայմաններն առավել լավը դարձնելու, ինչպես նաև Կոմիտեի ստորաբաժանումների գործունեությանը նպաստելու, քննիչների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղություններում:
Նշված ծրագրերի որոշակի մասն արդեն իսկ մեկնարկել է, իսկ մնացյալ հատվածը լինելու է մեր առաջիկայի գործունեության հիմնական առանցքը:
Ընթացիկ տարում Կոմիտեում, ի թիվս այլ նշանակալի գործընթացների, կազմակերպվեցին նաև ընդգծված կարևորություն ունեցող որոշ աշխատանքներ, որոնց հատկապես կցանկանայի անդրադառնալ. ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսվող պարտադիր տեսաձայնագրման ենթակա քննչական գործողությունները պատշաճ կազմակերպելու նկատառումով պետական բյուջեի ֆինանսավորմամբ ձեռք բերվեցին և քննիչներին բաշխվեցին տեսաձայնագրման սարքեր, իսկ Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային ստորաբաժանումները համալրվեցին հատուկ նշանակության նոր ավտոմեքենաներով: Վստահ եմ, որ այս երկու ուղղություններն էլ նորովի արդիականություն հաղորդեցին կառույցի գործունեությանը:
-Դուք նշեցիք, որ դիտարկվել են նաև Կոմիտեի համակարգի շենքային պայմանները. ի՞նչ կոնկրետ աշխատանքներ են կատարվել այդ պայմանները բարելավելու ուղղությամբ:
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, պետական բյուջեից 2023 թվականի համար Քննչական կոմիտեին տրամադրված հատկացումների շրջանակներում, ամբողջությամբ վերակառուցվել և հիմնանորոգվել է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնին հատկացված նոր շենքը` Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում, հիմնանորոգվել են Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների, Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժիններին հատկացված նոր շենքերը, ինչպես նաև` Կոմիտեի արխիվի տեղակայման համար հատկացված տարածքը, որոնք շուտով կհանձնվեն շահագործման:
Այս տարի արդեն իսկ ավարտին է հասցվել Զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնի վարչական շենքի ջեռուցման համակարգի (ք.Սիսիան), ինչպես նաև` Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության տեխնիկական լաբորատորիայի կառուցման գործընթացը:
Ընթացիկ վերանորոգումներ են կազմակերպվել նաև Տավուշի մարզային քննչական վարչության և 8-րդ կայազորային քննչական բաժնի Վեդիի նստավայրի վարչական շենքերում:
Ընթացիկ տարում նախատեսվում է նաև Երևան քաղաքի Խանջյան փողոցում Քննչական կոմիտեին հատկացված նոր վարչական շենքի հիմնանորոգումը:
Շինարարական և հիմնանորոգումների աշխատանքների մասով տարին բավականաչափ եռուն էր, և վստահ եմ, որ թվարկված բոլոր ստորաբաժանումներում ընդգծված կերպով բարելավվելու են աշխատանքային պայմանները` ապահովելով արդյունավետ նախաքննական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններն ու միջոցները:
Հավելեմ որ, մեզ հաջողվել է թվարկված բոլոր վարչական շենքերում ապահովել նաև նոր կահավորում, տեխնիկական անհրաժեշտ հագեցվածություն և ստեղծել ժամանակի պահանջներին ու տրամաբանությանը համապատասխանող աշխատանքային միջավայր:
Այս ամենին զուգահեռ պետք է նշեմ, որ առկա են նաև այլ վարչական շենքեր, որոնք հրատապ հիմնանորոգման կարիք ունեն։ Այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները:
–Պարո՛ն Մարգարյան, Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները հիմնականում քաղաքացիական ծառայողներ են, և ինչպե՞ս կգնահատեիք նրանց աշխատանքը:
Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատում են ինչպես քաղաքացիական ծառայողներ, այնպես էլ՝ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք, և նրանց արդյունավետ գործունեության ապահովումը ևս համարվում է մեր ծրագրային առաջնահերթությունների հիմնական բաղադրիչը:
Մեզ արդեն իսկ հաջողվել է լիովին լուծել Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն ու վերջիններիս կազմում ներառված աշխատակիցներին քաղաքացիական ծառայության համակարգ տեղափոխելու, քաղաքացիական ծառայության պաշտոնները դասակարգելու, ինչպես նաև՝ բաց և թափանցիկ արտաքին մրցույթների արդյունքում նոր համալրումներ իրականացնելու գործընթացը, և պետք է ընդգծեմ, որ այս աշխատանքի արդյունքում հնարավոր դարձավ նաև նկատելի կանոնակարգումներ ապահովել աջակցող այդ ստորաբաժանումների գործառույթներում և ունենալ ցանկալի արդյունքներ:
Հարկ եմ համարում ընդգծել, որ Քննչական կոմիտեի նախագահի կողմից մեծապես կարևորվում է կառույցի հիմնական մասնագիտական` քննչական և աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների համաչափ զարգացումը, բոլոր ծառայողների համար նպաստավոր պայմանների ապահովումը, և շարունակ անհրաժեշտ քայլեր ու գործողություններ են իրականացվում այդ ուղղությամբ:
Հիմքում ունենալով Կոմիտեի ղեկավարի կողմից իրականացվող այդ քաղաքականության ուղենիշները` մենք ներկա պահին մշակում ենք կառույցի քաղաքացիական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների գործունեության նոր չափանիշներ, շնորհիվ որոնց կկարողանանք ունենալ նախաքննական մարմնի բնականոն գործունեության ասպարեզում իրենց նշանակալի դերն ունեցող, արդի պահանջներին լիովին համապատասխանող և առավել ճկուն գործող աջակցող ստորաբաժանումներ:
–Ձեր խոսքում նշեցիք, որ Քննչական կոմիտեի համակարգը մի մեծ տնտեսություն է, որը պահանջում է ծավալուն աշխատանքներ. ինչպիսի՞ քայլեր եք ձեռնարկում այդ մեծ տնտեսության մեջ նորարարական մոտեցումներ կիրառելու հարցերում:
-Մեր կառույցի տնտեսությունն ունի իրեն բնորոշ առանձնահատկություններ, և մենք փորձում ենք բոլոր քայլերն ու գործողությունները համապատասխանեցնել Կոմիտեի առանձնահատկություններին. Ժամանակի պահանջներին համահունչ տնտեսվարում ապահովելու համար, բնականաբար, օգտվում ենք էլեկտրոնային տարատեսակ գործիքակազմերից` եղած ծրագրա-տեխնիկական հնարավորություններին հավելելով տնտեսությունը թվայնացնելու նորովի մոդելներ ու գաղափարներ:
Կոմիտեում հաջողությամբ գործող մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական, արխիվի, փաստաթղթաշրջանառության, ֆինանսա-հաշվարկային էլեկտրոնային համակարգերին զուգահեռ ծրագրել ենք առաջիկայում ձեռնամուխ լինել նյութատեխնիկական ապահովման հատվածի թվայնացմանն ու այդ ասպարեզում էլեկտրոնային միջավայրն ավելի հագեցնելուն և կարծում ենք, որ դա էապես կնպաստի տնտեսական հատվածի կատարելագործմանն ու արդիականացմանը:
Կարծում եմ՝ բոլորիս է հայտնի, որ կառավարման ամենալավ ու ամենաարդյունավետ գործիքներից մեկը տարատեսակ գործառույթների թվայնացումն ու էլեկտրոնային գործիքակազմերի ընդլայնումն է, և մենք գնում ենք այդ ճանապարհով` հանուն Քննչական կոմիտեի համար որակյալ տնտեսական հատված կերտելու:
-Ինչպիսի՞ նոր ծրագրեր ունեք Քննչական կոմիտեի այն ոլորտային ուղղություններում, որոնք Ձեր գործառույթների տիրույթում են:
-Ես արդեն ասացի, որ նպատակ ունենք առավել մեծ տեղ հատկացնել Կոմիտեի համակարգի աջակցող հատվածում էլեկտրոնային կառավարման նորովի համակարգերի ներդրմանը, սակայն դրան զուգահեռ մեծապես կարևորում ենք նաև մարդկային ռեսուրսների և մտավոր ներուժի անընդհատ կատարելագործումը: Մենք հակված ենք թարմություն հաղորդել աջակցող հատվածում գործող աշխատակիցների ծառայողական որակներին, նոր մոդելներ կիրառել աջակցող մասնագիտական ստորաբաժանումների ամենօրյա գործունեության ասպարեզում, շարունակաբար բարելավել համակարգի ծառայողների աշխատանքային պայմանները, մեծ տեղ ենք հատկացնելու համակարգի տեխնիկական վերազինմանն ու հագեցվածությանը: Պետք է փորձենք ժամանակի շունչը հաղորդել Քննչական կոմիտեի աջակցող հատվածի աշխատանքներին` քայլեր ձեռնարկել ինչպես մարդկանց հոգեբանությունն ու պատկերացումները, այնպես էլ՝ աշխատանքային մեթոդաբանությունները վերափոխելու ուղղությամբ:
Կոմիտեի աջակցող հատվածն առավել պատկերավոր ներկայացնելու համար նշեմ, որ վերջինիս կազմում ընդգրկված ստորաբաժանումներն են անձնակազմի կառավարման, ֆինանսական (ներառյալ գնումների և հաշվապահական հաշվառման բաժինները), ինչպես նաև՝ արտաքին կապերի, արարողակարգի ու կազմակերպչական հարցերի վարչությունները, առաջին, արխիվի, թարգմանությունների կազմակերպման, համակարգչային և տեխնիկական ապահովման, նյութատեխնիկական ապահովման, փաստաթղթաշրջանառության ապահովման, քաղաքացիների ընդունելության և անցագրային բաժինները, զինվորական քննչական գլխավոր վարչության, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության, մարզային քննչական վարչությունների կազմերում ներառված աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները: Ի պատիվ այդ ստորաբաժանումների ծառայողների՝ պետք է նշեմ, որ հաջողությամբ են կարողանում կատարել իրենց առջև դրված խնդիրները և առավելագույն ջանքեր գործադրում՝ իրենց լիազորությունների ու գործառույթների շրջանակներում պահանջվող աշխատանքներն ապահովելու ուղղությամբ:
-Ո՞ր դեպքում կհամարեք, որ Կոմիտեի աջակցող հատվածը գործում է լիովին արդյունավետ:
-Քննչական կոմիտեում ներկա պահին ընթանում է բարեփոխումների մի գերկարևոր փուլ` էլեկտրոնային նախաքննության համակարգի ներդրում, քննչական գործողությունների արդիականացում, Կոմիտեի կառուցվածքի և գործառույթների ընդլայնումներ, և այս ամենն իր հետ նոր պահանջներ է հաղորդում աջակցող հատվածին, ու ակնկալվում է, որ վերջինս պետք է գործի բարեփոխումների այդ ոգուն և տրամաբանությանը համահունչ:
Եվ երբ մեզ կհաջողվի ապահովել այդ ամենին համահունչ գործունեություն, ես կհամարեմ, որ լիովին հաջողել ենք ու հասել աջակցող հատվածի լիարժեք արդյունավետությանը:
–Պարո՛ն Մարգարյան, տարբեր պետական պաշտոններ եք զբաղեցրել. արդյոք անցած ճանապարհն ու պետական հատվածի փորձառությունը Ձեզ օգնու՞մ են գլխավոր քարտուղարի գործառույթները պատշաճ իրականացնելու հարցում:
-Արդեն շուրջ 20 տարի պետական կառավարման համակարգում եմ ծավալում իմ աշխատանքային գործունեությունը և վստահաբար կարող եմ փաստել, որ շատ կարևոր գործոն է պետական աշխատանքը սիրելն ու վերջինիս բոլոր գործառույթները սիրով իրականացնելը. եթե այդ համակարգում աշխատելը լինի ընդամենը պարտականություն կատարել, ապա հաջողություններ երբեք չեն կարող գրանցվել:
Ինչ խոսք, պետական հատվածի գործունեության ողջ փորձառությունս այսօր մեծապես նպաստում է Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի գործառույթների իրականացմանը, բայց պետական հատվածն ունի մի ոսկե կանոն` դա շարունակ սովորելու և ինքնակրթվելու սկզբունքն է, առանց որի հնարավոր չէ կառուցել հաջողված աշխատանքի մոդել:
–Մասնագիտությամբ լրագրող Կարեն Մարգարյանին իր մասնագիտությունն արդյոք օգնե՞լ է պետական համակարգում աշխատելու ընթացքում:
-Բնականաբար օգնել և օգնում է. լրագրողի մասնագիտական գիտելիքները թույլ են տալիս տարբեր իրադրություններ, մարդկանց ու երևույթներ դիտարկել ամենատարբեր տեսանկյուններից և ամենակարևորը հնարավորություն են տալիս այդ ամենը շարունակ վերլուծել, իսկ մենք լավ գիտենք, որ արդյունավետ որոշումների կայացման հիմքը բազմակողմանի վերլուծությունն է:
Մասնագիտությունս մշտապես կարևորել և կարևորում եմ և ամենայն հարգանք եմ տածում բոլոր արհեստավարժ լրագրողների նկատմամբ:
-Մարդկային փոխհարաբերություններին ի՞նչ տեղ եք հատկացնում աշխատանքային գործունեության ընթացքում:
-Առանց մարդկային լավ փոխհարաբերությունների հնարավոր չէ պատկերացնել որակյալ աշխատանք. մշտապես համարել և համարում եմ, որ աշխատանքային բոլոր գործընթացներում, աշխատանքային ամենատարբեր իրավիճակներում ձեռքբերումների հիմնական գրավականը, բառի ամենաուղիղ իմաստով, մարդկային լավ փոխհարաբերություններն են:
Քեզ կշրջապատես այդօրինակ փոխհարաբերություններով` կկարողանաս հաջողված կերպով գործել, հաջողված կերպով ղեկավարել, լավ արդյունքներ գրանցել։ Հակառակ դեպքում ամեն բան այլ կերպ է դասավորվում:
–Հաճախ ինչպիսի՞ խորհուրդներ եք տալիս Ձեր գործընկերներին:
-Գործել նվիրումով. աշխատանքի հանդեպ նվիրումը` բոլոր հաջողությունների առանցքն է:
-Ո՞րն է Ձեր հիմնական սկզբունքն աշխատանքում:
-Աշխատանքի տեսանելի ու անտեսանելի բոլոր շերտերի կարևորումը: