Ազդարարը ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը սահմանված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի, մարմնի, կազմակերպության կամ կազմակերպության աշխատակցի հետ, որոնց հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական կամ այլ հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար:
Սա սահմանված է «Ազդարարման համակարգի մասին» օրենքով։
Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ որի հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ.
Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված են ազդարարման տեսակները։
2. Ներքին ազդարարում է համարվում հաղորդումը ներկայացնելն իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին:
3. Արտաքին ազդարարում է համարվում իրավասու մարմին հաղորդում ներկայացնելը:
4. Հանրությանն ազդարարում են համարվում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, որոնք, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն, համապատասխան վարույթ նախաձեռնելու առիթ կամ հիմք կարող են հանդիսանալ:
Ազդարարել կարելի է նաև անանուն, օրինակ azdararir.am հարթակի միջոցով։
Կարևոր է ընդգծել, նաև անանուն ազդարարելու առանձնահատկությունները։
- Ազդարարը անանուն հաղորդումը ներկայացնում է այն միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրելու միջոցով:
- Անանուն հաղորդում ներկայացնելիս երաշխավորվում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը ինչպես իրավասու մարմնին, այնպես էլ այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ ազդարարը բացահայտում է իր անձնական տվյալները:
- Իրավասու մարմինն իրավունք չունի միջոցներ ձեռնարկելու անանուն հաղորդում ներկայացրած ազդարարի անձնական տվյալները բացահայտելու ուղղությամբ:
Եթե ազդարարման մյուս տեսակներով հաղորդումը օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում ընթացք չի ստացել, ապա ազդարարը կարող է հաղորդումը հայտնի դարձնել հանրությանը զանգվածային լրատվության միջոցներով:
Հաղորդում ստացած զանգվածային լրատվության միջոցները ապահովում են ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ առկա չէ անձի գրավոր համաձայնությունը:
Ազդարարին տրվող պաշտպանությունը տարածվում է զանգվածային լրատվության միջոցների վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է նրանց նկատմամբ:
Իրավասու մարմինն ապահովում է իր իրավասության ոլորտին առնչվող հաղորդումների հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:
Ազդարարն ունի պաշտպանության իրավունք։
Ազդարար ֆիզիկական անձին տրվող պաշտպանությունը տարածվում է ազդարար իրավաբանական անձի վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է դրա նկատմամբ:
Ազդարարն ունի իր անձնական տվյալների գաղտնիության, վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից պաշտպանության իրավունք:
Ազդարարն ունի Մարդու իրավունքների պաշտպանից խորհրդատվական բնույթի գաղտնի խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն ստանալու իրավունք:
Ազդարարը կարող է հատուկ պաշտպանություն ստանալու համար դիմել իրավասու մարմին, որը պարտավոր է անհապաղ քննարկել դիմումը և կայացնել համապատասխան որոշում: Նշված որոշումն ուղարկվում է Ոստիկանություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանությունն ապահովելու համար:
Ազդարարին հատուկ պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ որոշումը ենթակա է կատարման իրավասու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով սահմանված կարգով այնքանով, որքանով իր էությամբ (mutatis mutandis) կիրառելի է:
Ազդարարն իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված պաշտպանության միջոցներից:
Ազդարարին վնասակար գործողություններից կամ դրանց հետևանքներից պաշտպանելու նպատակով համապատասխան մարմինն իր իրավասության շրջանակներում՝
1) ապահովում է տեղեկությունների գաղտնիությունը.
2) ստեղծում է ազդարարի կողմից իր ծառայողական պարտականությունների անարգել իրականացման համար բավարար պայմաններ.
3) ազդարարի գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտությունների դեպքում ձեռնարկում է դրանց վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ.
4) իրականացնում է ազդարարի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված միջոցներով և կարգով.
5) ձեռնարկում է իրավիճակից բխող՝ ազդարարի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ ազդարարին տեղափոխում է այլ աշխատասենյակ, ապահովում է ազդարարին արհեստականորեն հանձնարարականներով չծանրաբեռնելը և այլն:
Ազդարարը չի կարող ենթարկվել որևիցե պատասխանատվության ազդարարման համար, բացառությամբ եթե նրա արարքը պարունակում է հանցակազմ:
Յուրաքանչյուր պայմանագիր կամ պայմանագրի դրույթ, որը միտված է անձին ազդարարման կամ ազդարարի պաշտպանության իրավունքից զրկելուն կամ այն սահմանափակելուն, առ ոչինչ է:
Ազդարարի հետ փոխկապակցված անձն ազդարարի պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունք ունի, եթե ողջամտորեն հիմնավորում է, որ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով իր դեմ կարող են կատարվել վնասակար գործողություններ:
Չենք մոռանում, որ ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։
Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ստեղծել Քաղաքացիական հասարակության կողմից գործարկվող այլընտրանքային ազդարարման հարթակ, ինչպես նաև արդեն հիմնվել է ազդարարման բազմաշահառու աշխատանքային հարթակը, որը կծառայի, որպես բարեփոխումների և երկխոսության խթանման հարթակ՝ քաղհասարակության կազմակերպությունների և պատկան մարմինների համար:
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:
https://www.tiktok.com/@iravaban.net/video/7268277293028543751?lang=en