Անանուն ազդարարումներ ներկայացնելու և դրանք ստուգելու հնարավորության և անանուն ազդարարների անձի բացահայտման պարագայում վերջիններիս պաշտպանության միջոցների տրամադրման կարգավորումները Հայաստանում ընդհանուր առմամբ համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը։
Միևնույն ժամանակ, անանուն ազդարարումներ ներկայացնելու հնարավորությունը սահմանված է միայն ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, որի արդյունքում նման հնարավորություն նախատեսված չէ ներքին և արտաքին այլ խողովակներով ազդարարելու համար։
Նրա խոսքով՝ բացի այդ, նման հարթակների անվտանգության երաշխիքների տեսանկյունից կարևորվում է վերջինիս հասանելիության ապահովումը նվազագույն թվով սուբյեկտների և որևէ երրորդ անձի հասանելիության բացառումը՝ ուղղված ազդարարի ինքնության և նրա ազդարարման բովանդակության նկատմամբ չարտոնված մուտքը կանխելուն և արտահոսքի կամ պատահական բացահայտումների ռիսկը նվազագույնի հասցնելուն, ինչպես նաև հարթակի ծրագրային սպասարկման իրականացումը պետական մասնակցությամբ ընկերության կողմից՝ նվազեցնելու առևտրային շահերով, թափանցիկության և տեղեկատվության անվտանգության առավել մեղմ ստանդարտներով առաջնորդվելու ռիսկը։
«Մինչդեռ, ի հեճուկս գործող՝ հարթակին բացառապես ՀՀ գլխավոր դատախազության կողմից հասանելիության նախատեսման կարգավորումների, նախագծերի մակարդակով առաջարկվում է հարթակի հասանելիության ընդլայնում՝ ներառելով նաև ՄԻՊ-ին։ Բացի այդ, ՀՀ-ում հարթակի ծրագրային ապահովումն իրականացվում է մասնավոր ընկերության կողմից, իսկ թե՝ գործող կառուցակարգերի, թե՝ առաջարկվող փոփոխությունների շրջանակներում այս կապակցությամբ որևէ փոփոխություն չի նախատեսվում»,-նշում է Մարիամ Զադոյանը։
ՀՀ-ում գործող կարգավորումների համաձայն ազդարարների խրախուսման կառուցակարգեր առկա չեն, սակայն վերջիններիս բացակայությունը և ներդրման անհրաժեշտությունը հատկորոշված է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողություների ծրագրի նախագծում։
Փորձագետը մանրամասնում է, որ ամեն դեպքում պարգևատրման տրամադրման որոշման կայացման չափանիշները ներառում են՝ ազդարարի վաստակի աստիճանը հանրության համար վնասակար լուրջ իրավախախտման պարզաբանման և դրա հեղինակի բացահայտման գործում, ազդարարի պարգևատրման համաչափությունը խախտման հետևանքով պատճառված վնասին կամ դրա սպառնալիքին՝ հաշվելի լինելու պարագայում և այլն։
Դրամական պարգևատրման մեխանիզմների շրջանակներում տարբերակվում է նաև առանձին ենթատեսակ՝ qui tam հայեցակարգը, որը կիրառվում է, մասնավորապես, ԱՄՆ-ում և ենթադրում է քաղաքացիների կողմից, սակայն՝ կառավարության անունից, քաղաքացիական հայցի ներկայացում՝ ընդդեմ իրավախախտների և հաջողելու դեպքում՝ պարգևատրման ստացում։
Խոսելով ազդարարման հարթակում ազդարարելու հնարավորության մասին՝ Մարիամ Զադոյանը մանրամասնեց, որ միջազգային պրակտիկայում նկատվում է միտում՝ ընդլայնելու պաշտպանության ենթակա տեղեկատվություն շրջանակը՝ ներառելով ապօրինի գործողությունների կամ հանրային շահերին հնարավոր վնաս պատճառող ցանկացած հարց, այդ թվում՝ մարդու հիմնարար իրավունքների, ներառյալ՝ աշխատանքային իրավունքների խախտումները։
«ՀՀ օրենսդրությամբ, պաշտպանության ենթակա տեղեկատվությունը ներառում է ազդարարումներ կոռուպցիոն բնույթի դեպքերի, շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտումների և հանրային շահերին ուղղված այլ վնասի, այն է՝ հանրային առողջությանը կամ շրջակա միջավայրին հասցված վնաս, պետության միջոցների կամ գույքի վատնում, ինչպես նաև այլ վնաս, որը պատճառվել է հասարակական կամ պետական կառավարման կարգին, կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ։ Արդյունքում, ներառված չեն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մարդու հիմնարար իրավունքների խախտումները, սպառողների պաշտպանությունը, աշխատողների առողջությունը, անվտանգությունը, ներառելով՝ ոտնձգությունները, և այլն։ Միևնույն ժամանակ, եթե կոռուպցիոն բնույթի իրավախախտումները սպառիչ կերպով սահմանված են օրենսդրությամբ, ապա հանրային շահին պատճառված վնասի սահմանումն ավելի ընդհանուր բնույթի է և հստակորեն չի թվարկում, առնվազն՝ պաշտոնական ուղեցույցների մակարդակում, այդ ոլորտների սպառիչ ցանկ։
Բացի այդ, ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով հնարավոր չէ ներկայացնել հանրային շահերին ուղղված այլ վնասի վերաբերյալ տեղեկություններ»,-ասաց փորձագետը։
Հարկ է նշել, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվում է Haytnir.am ազդարարման առցանց հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպած ցանկացած կոռուպցիոն ռիսկի, կոռուպցիոն բնույթի դեպքի, հանրային ծառայողի կողմից շահերի բախման կամ վարքագծի կանոնի կամ անհամատեղելիության պահանջի կամ այլ սահմանափակման կամ հայտարարագրման հետ կապված առերևույթ խախտման կամ այլ առերևույթ իրավախախտումների վերաբերալ, կամ եթե ունեն վերը նշված ցանկացած դեպքի վերաբերյալ տեղեկատվություն։
Քաղաքացիները կարող են բացահայտ ու անանուն հայտնել իրենց հայտնի կոռուպցիոն և այլ դեպքերի մասին՝ Haytnir.am ազդարարման առցանց հարթակի միջոցով։ Հայտ ներկայացնելն անվճար է։
Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: