«Այս բարդ իրավիճակում էլ այն դրական դինամիկա է ցուցադրում»․ Տիգրան Եգորյանը՝ Haytnir.am ազդարարման առցանց հարթակի մասին

Քաղաքացիներն ամեն օր բախվում են տարբեր խնդիրների, օրինակ՝ քննչական մարմինների կամ այլ մարմինների ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքներին, ամեն օր ապրում են, առնչվում դրանց հետ․ այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Այս պրոբլեմներն առաջանում են պետության ոչ լիարժեք ֆունկցիոնալության հետևանքով։ Պետության անունից գործող մասնագետների, պաշտոնյաների ոչ լիարժեք և ոչ բավարար մասնագիտական հմտությունների և/կամ արդյունավետ գործողությունների արդյունքում, մարդկանց մոտ սկսում է նվազել վստահությունը այդպիսի մարմինների, այդպիսի գործիքների նկատմամբ։ Սա բնական շղթայական էֆեկտ է և այս էֆեկտը կտրելու համար պետք է լուրջ աշխատանք կատարել, խորանալ ամեն առանձին հարցի բաղադրիչների մեջ և սկսել դրանք լուծել, ոչ թե շարունակել վերնագրեր փոխել»,-ասաց փաստաբանը։

Խոսելով ազդարարման համակարգի մասին՝ Տիգրան Եգորյանը նշեց, որ քաղաքացիների կողմից ազդարարման պասիվության պատճառը հենց դա է։

Ի պատասխան այն դիտարկմանը, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվել է Haytnir.am ազդարարման առցանց հարթակը, որի հիմնական նպատակն է՝ Հայաստանում խթանել կոռուպցիայի դեմ պայքարը, ստանալ հանրության աջակցությունը հակակոռուպցիոն պայքարում, օժանդակել ազդարարման համակարգի բարելավմանը, նպաստել ազդարարների վերաբերյալ Հայաստանում հանրության շրջանում ձևավորված իրավամտածողության և մշակույթի փոփոխմանը՝ ձգտելով ազդարարի՝ որպես ՀՀ քաղաքացու դրական և պահանջատեր իմիջի կերտմանը, նշեց, որ այն շատ կարևոր համալրող գործիք է։

«Աշխատանքի արդյունավետությունը էլի կախված է այն մարմինների աշխատտանքի արդյունավետությունից, որոնք պետք է իրականացնեն այդ հարցերով ուսումնասիրությունները։ Եթե այդ ուսումնասիրություններն ու քննությունները լինելու են մակերեսային, եթե լինելու են ոչ բավարար բազմակողմանի, խորը և ընդգրկուն, ապա այս գործիքները ցավոք ինքնին չեն կարող ապահովել այն արդյունքը, որի օժանդակմանը միտված են։ Այս բարդ իրավիճակում էլ այն դրական դինամիկա է ցուցադրում»,-ասաց Տիգրան Եգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքացիները կարող են բացահայտ ու անանուն հայտնել իրենց հայտնի կոռուպցիոն և այլ դեպքերի մասին՝ Haytnir.am ազդարարման առցանց հարթակի միջոցով։ Հայտ ներկայացնելն անվճար է։


Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝  ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել