«Աշխատանքիս մասին երեխաներս և ընտանիքիս անդամներն ինձ հարցեր չեն տալիս»․ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյան

Iravaban.netը «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ,  արդարադատության առաջին դասի խորհրդական Աղասի Իսահակյանի հետ։

Նա խոսել է իր կարիերային նշանակալի գործերի, աշխատանքային դժվարությունների և ընտանիքի մասին։ Կարծում է՝ քննիչի մասնագիտությունն ընտրած անձը չպետք է ռիսկերի մասին մտածի կամ կենտրոնանա դրանց վրա։

Պարոն Իսահակյան, հիշո՞ւմ եք, թե որն է եղել Ձեր աշխատանքային պրակտիկայի առաջին գործը։

-Այո, անշուշտ հիշում եմ։ Ես նորանշանակ քննիչ էի և ինձ էր հանձնարարվել բնակարանային չբացված գողության դեպք։ Նշված հանցագործությունը սեղմ ժամկետներում բացահայտվեց, որի արդյունքում պարզվեց, որ մի խումբ անձանց կողմից կատարվել էին բազմադրվագ գողություններ անչափահասի ներգրավմամբ։ Ելնելով գործի ծավալից՝ մեր ստորաբաժանման ղեկավարը հանձնարարեց, որ քրեական գործը փոխանցեմ փորձառու քննիչի՝ պատճառաբանելով, որ ես նոր եմ նշանակվել, չեմ հասցնի, գործն ունի նրբություններ, պետք է սահմանազատվի՝ անչափահասի ներգրավվածություն կա գործում, թե ոչ։ Սակայն կատարվածի վերաբերյալ իմ տեսական վերլուծությունը և գործն իմ վարույթում թողնելու խնդրանքս հաշվի առնելով՝ գործը թողնվեց իմ վարույթում։ Նշված չորս անձանցից երեքին ձերբակալեցինք, անչափահասը հսկողության հանձնվեց ծնողին։ Սեղմ ժամկետում կատարեցի բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում չորսին էլ մեղադրանքներ առաջադրեցի և մեղադրական եզրակացությամբ նշված գործն ուղարկվեց դատարան։ Ես անգամ նրանց տվյալներն եմ հիմա հիշում։ Ի դեպ, մի քանի օր առաջ, երբ Շիրակի մարզային քննչական վարչության վարչական շենք էի մտնում, մուտքի մոտ տեսա նրանցից մեկին, ով դիմելով ինձ՝ հարցրեց, թե հիշո՞ւմ եմ արդյոք իրեն։ Պատասխանեցի, որ շատ լավ եմ հիշում ու նա  շնորհակալություն հայտնեց տարիներ առաջ իմ կատարած քննության օբյեկտիվության և իմ արդարամտության համար։

Իսկ ո՞րն է եղել կարիերայի ամենահիշվող, նշանակալից գործը։ 

Տարիներ առաջ, երբ հերթապահություն էի իրականացնում, գիշերն ահազանգ ստացվեց, որ վաճառատանը գողություն կատարելիս հանցագործը բռնվել է սեփականատիրոջ կողմից, որի ընթացքում իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածք է պատճառել նաև տուժողին, նրա հետ եղել է ևս մի անձ։ Երկու անձի ձերբակալելուց հետո 72 ժամվա ընթացքում կատարած նախաքննության ընթացքում պարզեցի, որ բուն հանցագործությունը, ակտիվ գործողություններ կատարած անձը, բավականին հեղինակություն էր վայելում իրենց թաղում, իսկ նրա հետ եղած երկրորդ տղան՝ խելոք, համեստ տղա էր՝ միակողմանի ծնողազուրկ։ Հասկանալով, որ վերջինս քրեակատարողական հիմնարկում հայտնվելով, ոչ թե կուղղվի, այլ հնարավոր է՝ ճակատագիրն այլ կերպ դասավորվի, կալանավորման միջնորդությամբ չդիմեցի դատարան, նրան ազատեցի ձերբակալումից, խափանման միջոց կիրառեցի՝ ստորագրություն չհեռանալու մասին և գործն ըստ մեղադրանքի երկուսի վերաբերյալ ուղարկվեց դատարան։ Նրանցից առաջինի վերաբերյալ նշանակվեց պատիժ՝ ազատազրկման ձևով, իսկ երկրորդին՝ պայմանական։ Մի օր իմ աշխատասենյակ եկավ այդ տղայի մայրը՝ շնորհակալություն հայտնելով, որ ցուցաբերված մոտեցման շնորհիվ իր որդին հանցագործ չդարձավ։

Մի անգամ քաղաքում քայլելիս  պատահական ինձ հանդիպեց այդ կինը, մոտեցավ, շատ ուրախ և երախտապարտ հնչերանգով հայտնեց, որ տղան ամուսնացել է, աշխատում է, ունի մի զավակ։ Դրանից ավելի մեծ գոհունակություն, որ կարողացել ես ազդել մարդու՝ ճիշտ ուղղու վրա կանգնելուն, հավատացեք, չկա։ Գուցե դա իմ կարիերայի ամենանշանակալի գործը չէր, բայց հաստատապես ամենատպավորողն է եղել։

-Ի՞նչն է գրավում Ձեզ Ձեր աշխատանքում։ 

-Թող ամպագոռգոռ չհնչի, բայց գրավում է Հայաստանի Հանրապետությանը ծառայելու ներքին մղումը, իմ ազնիվ, նվիրված աշխատանքով մեր պետության կայունությանը, իրավակարգի ամրապնդմանը նպաստելը։ Միշտ այն համոզման եմ եղել, որ եթե չունես նման ներքին խթաններ, պետական ծառայողի հոգեկերտվածք, ծառայության իրական ընկալում, չպետք է լինես այդ համակարգում։ Հավատացնում եմ՝ եթե այլ մոտիվացիաներով առաջնորդվեի, հաստատապես մասնավոր հատվածում ինքնադրսևորման հնարավորություն կգտնեի։   

-Աշխատանքում երբևէ հիասթափություններ ունեցե՞լ եք։ Ինչպե՞ս եք հաղթահարում աշխատանքային դժվարությունները։

-Հիասթափություններ չեմ ունեցել, առանձին դեպքում սրտնեղել եմ ինչ-որ բաներից, զայրացել, բայց սպասել եմ և հավատացել։ Կարծում եմ՝ դրանք մարդկային բաներ են, մանավանդ, եթե ունես աշխատանքային կայուն սկզբունքներ։ Ինչ վերաբերում է աշխատանքային դժվարություններին, ապա դրանք կան հաղթահարելու համար։ Կարևորը՝ դժվարությունը ճիշտ գնահատելն է․ մնացածը բավարար պրոֆեսիոնալիզմի, կամքի, հետևողականության ու թիմային աշխատանքի միջոցով հաղթահարելի և իրագործելի է։ Գիտեմ՝ ինչի համար եմ աշխատում, գիտակցում եմ, որ մեր աշխատանքի արդյունքում շահում է մեր ազգաբնակչությունը։ Հավատում եմ, որ վաղը մեր երեխաներին թողնելու ենք ավելի բարեկեցիկ ապագա, և դա ավելի է պարտավորեցնում չընկրկել դժվարությունների առաջ ու չհիասթափվել։ 

Ի՞նչ ռիսկեր է պարունակում քննիչի աշխատանքը առհասարակ։

– Միշտ այն համոզման եմ եղել, որ քննիչի մասնագիտությունն ընտրած անձը չպետք է ռիսկերի մասին մտածի կամ կենտրոնանա դրանց վրա։ Հավատացեք՝ հարցը լսելուց հետո առաջին անգամ մտածեցի այդ մասին։ Այո, ռիսկերը կարող են լինել բազմապիսի։ Սակայն Աստված պահապան է բոլորիս։ Ռիսկերը նվազագույնի հասցնելու ամենամեծ երաշխիքն արդար, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելն է։

Ինչպե՞ս եք գնահատում քննիչների սոցիալական երաշխիքները։

-Վերջին տարիներին այդ ուղղությամբ լուրջ փոփոխություններ են կատարվել։ Իսկ հունիսի մեկից վարձատրության 92 տոկոս բարձրացում է եղել։ Սա նշանակալի բարելավում է՝ հաշվի առնելով քննչական աշխատանքի գերծանրաբեռնվածությունը որոշակիորեն թոթափելու, համակարգի կայունությունն ապահովելու համար, որոնք վերջնարդյունքում ուղիղ ազդեցություն են ունենում քննությունների որակի և արդյունավետության վրա։

Ձեր կարծիքով, հասարակության մոտ քննիչի կերպարը ճի՞շտ է ընկալված, ի՞նչ կփոխեիք Դուք։

-Այո, կարծում եմ՝ ընկալումներն ընդհանուր առմամբ ադեկվատ են, թեև նկատելի է, որ քննիչի աշխատանքի ծավալի մասին թյուր պատկերացումներ կան։ Ամեն դեպքում օրեցօր ավելանում է վստահությունը քննիչի նկատմամբ։ Այն համոզման եմ, որ մեր աշխատանքը լավ անելու դեպքում այդ ընկալումներն ինքնաբերաբար ավելի հայելային կսկսեն արտացոլել իրականությունը։ 

Ձեր 2 երեխաները հաճա՞խ են հարցեր տալիս աշխատանքի մասին, նրանց մոտ ցանկություն կա՞ Ձեր ուղով գնալու։

-Աշխատանքիս մասին երեխաներս և ընտանիքիս անդամներն ինձ հարցեր չեն տալիս։ Նրանք գիտեն, որ այդ հարցում ես փակ եմ։ Հավանաբար, երեխաներս էլ դա տեսնելով՝ այդ հոգեբանությամբ մեծացել են։ Երեխաներս դեռ փոքր են։ Կմեծանան, իրենք կորոշեն ինչ մասնագիտություն ընտրել։ Ինչ էլ որոշեն դառնալ, իրենց ընտրությունն է լինելու ես միայն կաջակցեմ այդ հարցում՝ ելնելով իրենց նախասիրություններից, ուժեղ ու թույլ կողմերից, պոտենցիալից։ 

Շիրակի մարզային քննչական վարչության պետն եք։ Ի՞նչ առանձնահատկություններ ունի մարզը, ո՞ր հանցագործության տեսակներն են առավել տարածված։

-Վերջին տարիներին աննախադեպ ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու վերաբերյալ դեպքերը։ Բայց կարծում եմ՝ սա մարզի առանձնահատկություններով չի պայմանավորված ու բնորոշ է ամբողջ հանրապետությանը։ Իսկ մարզը հատուկ առանձնահատկություններ չունի, ինչի մասին վկայում է նաև հանցավորության վիճակի վերաբերյալ մարզային և հանրապետական վիճակագրության համեմատությունը։ 

-Նախորդ տարվա վերջին Հանրապետությունը ցնցեց Պեմզաշենում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների դեպքը։ Ի՞նչ դժվարություններ կան քրեական գործի քննության հետ կապված։ Ի՞նչ փուլում է հիմա գործը։

-Նախաքննական գաղտնիքից ելնելով շատ բանի մասին խոսել չեմ կարող։ Միայն նշեմ, որ երկու մեղադրյալները շարունակում են գտնվել կալանքի տակ և իսկապես ակտիվ քննություն է իրականացվում։ Հասկանում ենք, որ հանրությունն ակնկալում է արագ արդյունքներ։ Սակայն նույնքան կարևոր է քննության օբյեկտիվությունը, ձեռք բերվող ապացույցների ամբողջությունն ու անառարկելիությունը, որոնց ուղղված են հիմա մեր գործողությունները։ Ինչպես մատնանշված, այնպես էլ այլ գործերով դժվարություններ միշտ են լինում։ Բայց դրանք հաղթահարելի են, որևէ կերպ չեն անդրադառնում քննության որակի վրա։ 

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել