Ատելության խոսքը լուրջ հանցածին գործոն է և ավելի արդյունավետ է ջանք գործադրել այն կանխարգելելու, դրա ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ, քան գնալ հետևանքների հետևից, այսինքն մտածել պատժողականության մասին։ Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում այս կարծիքը հայտնեց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Մարգարյանը։
– Պարոն Մարգարյան, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության քննիչները հիմա առավելապես ի՞նչ բնույթի հանցագործություններ են քննում, որոնք են գերակշռում։
– Վարչության վարույթում քննվում են տարաբնույթ հանցագործությունների վերաբերյալ վարույթներ, սակայն գերակշռող մասը հանրային ծառայության շահերի, սեփականության, տնտեսության ու տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական վարույթներն են։ Մեր նպատակը մեկն է՝ քրեական վարույթներով ապահովել պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննություն, որն իրականացնում ենք՝ չնայած ծանրաբեռնվածությանը։
– ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունն զբաղվում է առավել բարդ, երբեմն բազմադրվագ գործերով, ինչը քննիչներից պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ, մասնագիտական լուրջ փորձառություն և հմտություններ։ Արդյո՞ք Ձեր ղեկավարած վարչությունը լիարժեք համալրված է։
– Ստորաբաժանումը ներկա պահին ունի մեկ թափուր հաստիք։ Քննիչները աշխատում են ծանրաբեռնված։ Սակայն ամեն ինչ անում ենք, որպեսզի դա չազդի նախաքննության որակի վրա։ Բարձր պրոֆեսիոնալիզմի և ամենօրյա նվիրումով աշխատանքի սկզբունքներով առաջնորդվելն առաջնային պլանում է։ Քննչական կոմիտեն ամեն ինչ անում է քննիչների սոցիալական երաշխիքների բարձրացման, դրան զուգահեռ՝ նաև մասնագիտական հմտությունների զարգացման, նոր գիտելիքների փոխանցմանն ուղղված վերապատրաստման ծրագրերի իրականացման համար՝ այդ թվում նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։ Այնպես որ ամեն ինչ արվում է մասնագիտական ռեսուրսը ժամանակից պահանջներին համապատասխանեցնելու համար, ինչը որակի ապահովման կարևոր գրավականնեից է։
– Խոսեցինք բազմադրվագ գործերից։ Արդյո՞ք ստացվում է նման գործերի քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Եթե համեմատենք, ապա վերջին տարիներին քննության ժամկետները կրճատվե՞լ են, եթե այո՝ ինչի՞ հաշվին
– Նախաքննության ժամկետներն իսկապես զգալիորեն կրճատվել են և միտում ունեն էլ ավելի կրճատվելու։ Հիմնական պատճառը նոր ընդունված քրեական դատավարությամբ նախատեսված հանրային քրեական հետապնդման ժամկետներն են։ Բացի այդ, պակաս դեր չունի նաև նախաքննության ճիշտ պլանավորումը և կազմակերպումը։
– Շուրջ մեկ տարի է, ինչ ուժի մեջ եմ մտել և գործում են ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերը։ Ի՞նչ ասզդեցություն է դա ունեցել նախաքննության արդյունավետության, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանվածության վրա։
– Միանշանակ դրական են ազդել։ Չէր կարելի 21-րդ դարում ղեկավարվել դեռևս 20-րդ դարում ընդունված քրեական դատավարությամբ և սույն հարյուրամյակի սկզբին ընդունված քրեական օրենսգրքով՝ իրավունքի զարգացման, հանցագործությունների կատարելագործման և թվայնացման ներկայիս դինամիկայի պայմաններում։ Նոր օրենսգրքով դատավարության մասնակիցների իրավահարաբերություններն էլ ավելի հստակեցվել են, որն իր ուղիղ ազդեցությունն է ունեցել դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանվածության վրա։
– Արդեն 13 տարի է՝ քննչական գործունեությամբ եք զբաղվում, աշխատանքային կենսագրությունն ամբողջությամբ կապված է քննչական աշխատանքի հետ։ Ձեր անցած ճանապարհին նայելով՝ Հայաստանում քննչական գործունեությունն ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվել։
– 13 տարվա պրակտիկ գործունեությունը փաստում է, որ օր-օրի քննիչը դարձել է առավել անկախ և պաշտպանված։ Ավելացել են սոցիալական երաշխիքները, որն իր ուրույն ազդեցությունն է թողել քննիչի գործունեության վրա։ Բացի այդ, տեխնոլոգիական զարգացումը և հանցագործությունների մեթոդների կատարելագործումն անդադար խնդիր է դնում քննիչի առջև նոր գիտելիքներ ձեռք բերելու, ինքնակատարելագործվելու, ծանոթանալու հանցավորության դեմ քրեաիրավական պայքարի միջոցների, եղանակների, մեթոդաբանության արդիականացման ընթացքին։
– Ի՞նչ եք կարծում՝ քրեական արդարադատությամբ պատժողական քաղաքականությունը բավարա՞ր է արդյոք ատելության խոսքի դեմ պայքարելու համար։ Պետությունն ու հասարակությունն, ըստ Ձեզ, ի՞նչ անելիքներ ունեն ատելության խոսքը հանրային տարածքում չեզոքացնելու կամ սահմանափակելու ուղղությամբ։
– Երբ բոլոր մեթոդները անարդյունավետ են պայքարելու ատելության խոսքի դեմ, վրա է հասնում քրեական արդարադատությունը, որը փորձում է իր քաղաքականությամբ չեզոքացնել այն։ Իհարկե, սա ծայրահեղ, միջոց է։ Առաջնայինը հանրային իրավագիտակցության և իրավական գրագիտության բարձրացումը պետք է լինի, որը պարտադիր կերպով պետք է զուգահեռվի նաև մեդիագրագիտությանը՝ հաշվի առնելով մեդիայի ահռելի ազդեցությունը միջանձնային փոխահարբերությունների, մշակույթի, աշխարհընկալման վրա։ Այս իմաստով կարևոր ֆունկցիա ունի ոչ միայն պետությունը, այլ նաև կրթական համակարգը, հասարակական-քաղաքացիական սեկտորը։ Ատելության խոսքը լուրջ հանցածին գործոն է և ավելի արդյունավետ է ջանք գործադրել այն կանխարգելելու, դրա ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ, քան գնալ հետևանքների հետևից, այսինքն մտածել պատժողականության մասին։
– Դուք ինքներդ, ծառայողական գործունեության հետ կապված երբևէ որևէ սպառնալիք ստացե՞լ եք։
– Ո՛չ։ Եվ հույս ունեմ՝ այդպիսի իրավիճակ երբեք չեմ ունենա։
– Քննչական համակարգում ի՞նչ փոփոխությունների, միգուցե՝ նորամուծությունների կարիք եք տեսնում։
-Ոլորտն այնպիսին է, որ յուրաքանչյուր գործողություն կարգավորվում է օրենքով։ Իսկ օրենքը մեկ տարի առաջ է հիմնովին փոխվել։ Կարելի է ասել, որ ադապտացիոն շրջանում ենք գտնվում։ Դրա ավարտին միայն հնարավոր կլինի խոսել փոփոխությունների մասին, թեև արդեն իսկ նկատելի են օրենսգրքերի գործադրման հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն են առաջադրում և քննչական կոմիտեն աշխատում է դրանց վելուծության, առավել ճկուն լուծումներ գտնելու ուղղությամբ։
– Կա՞ն աշխատանքային, մասնագիտական սկզբունքներ, բանաձևեր, որոնցով առաջնորդվում եք ստորաբաժանումը ղեկավարելիս և աշխատակիցների հետ հարաբերվելիս։
– Այո, իմ սկզբունքները երեքն են՝ ազնվություն, արդարություն և համերաշխություն։
– Քննչական ծանր աշխատանքը որոշակի զոհողություններ է պահանջում անձնական կյանքում։ Հաջողվո՞ւմ է լուծել գործնականի ու ընտանեկանի ներդաշնակության խնդիրը, և ո՞րն է այս առումով ձեր կենսագործունեության հիմնական բանաձևը։
– Կարծում եմ՝ հաջողվում է։ Բանաձևը նրանում է, որ աշխատանքային խնդիրները և տրամադրությունը չի տարածվում ընտանեկան մթնոլորտում։ Ընտանիքիս անդամներն ըմբռնումով են մոտենում աշխատանքիս բնույթին, և դա օգնում է հաղթահարել ցանկացած խդիր։
ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների: