Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 25-ին, շարունակվեց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը։
Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ենթադրյալ դեպքից շուրջ 2 տարի անց ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ:
Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու համար: Գործում առկա է նաև ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ և համոզելու, խնդրանքի եղանակով վերջինից պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։
Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում պաշտպան Արամ Օրբելյանը շարունակեց ներկայացնել քրեական գործի վարույթը կարճելու և Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ոչ թե հանցավորության դեմ պայքարի համատեքստում պետք է դիտարկել, այլ քաղաքական հետապնդման։
Արամ Օրբելյանը հատվածներ կարդաց աղմկահարույց հայտնի ձայնագրությունից։
Հիշեցնենք՝ 2022-ի հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանն ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Այն լսելուց հետո Վարդազարյանը մեկնաբանել է ձայնագրությունը՝ ասելով, որ իրեն Ջհանգիրյանը փորձել է համոզել հրաժարական ներկայացնել մինչև որոշակի ժամկետ, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չէր հարուցվի:
Պաշտպանը պնդում է, որ դեռևս 2021 թվականի փետրվարի 20-ին արդեն առկա էր քննարկում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրաժարական չներկայացնելու դեպքում քրեական գործ հարուցելու վերաբերյալ․ «Խոսակցության բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ դեռևս մինչև այս գործի հարուցման հիմք հանդիսացած տվյալներ ստանալը, հաղորդում ներկայացնելը, դրանք հայտնի են եղել Գագիկ Ջհանգիրյանին։ ․․․Այսինքն, դեռևս փետրվար ամսին Ջհանգիրյանը քննարկել է մի գործ, որը հարուցվել է նույն թվականի ապրիլին»։
Բացի այդ, 2021-ի մարտի 2-ին, որպես ԲԴԽ նախագահ, Ռուբեն Վարդազարյանն Ազգային ժողովում ներկայացրել է Վճռաբեկ դատարանի թեկնածուներին։ Պատգամավորները տասնյակ հարցեր են տվել նրան, սակայն դրանցից և ոչ մեկը չէր վերաբերում օրակարգի հարցին։ Հարցերը վերաբերում էին 2020-ի նոյեմբերի 15-ին Ռուբեն Վարդազարյանի հրապարակած հայտարարությանը․ «Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունենք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե ոչ: Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:
Արամ Օրբելյանը նշում է, որ այդ օրը պատգամավորները խոսել են հայտարարության համար պատասխանատվության կանչվելու մասին․ «Եթե անձին ուզում են պատասխանատվության ենթարկել նոյեմբերի 15-ի հայտարարության համար, ապա անձը պետք է պատասխանատվության ենթարկվի հենց այդ հայտարարության համար։ Չպետք է սա քողարկեն, մի հատ ուրիշ գործ մտածեն, ձևական գործընթաց սկսեն։ Ճիշտ կամ սխալ, կարևոր չի»։
Պաշտպանի կարծիքով՝ եղած նյութերի հիման վրա կարելի է եզրահանգել, որ տվյալ քրեական գործն ի սկզբանե նախաձեռնվել է Ռուբեն Վարդազարյանին ԲԴԽ նախագահի պաշտոնից հանելու համար։
«Կա քրեական հետապնդում Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ։ Հարգելի դատարան, Դուք և՛ նախորդ, և՛ այս նիստում հարց տվեցիք, դեպուտատների ասածը ԱԺ-ում ի՞նչ կապ ունի այս քրեական գործի հետ։ Ես ասում եմ, որ ունի այն կապը, ինչը տված է Մերաբիշվիլիի (Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլի-խմբ․) գործում»,-նշեց Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսին ՄԻԵԴ-ը «Վանո Մերաբիշվիլին ընդդեմ Վրաստանի» հայցի վերաբերյալ արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում և դատարանը հիմնավորված է համարել հայցի պնդումը, որ նրա ձերբակալությունը և դատապարտումը իրականացվել է ընդդիմությանը թուլացնելու և նրան դաշտից հեռացնելու նպատակով։ Վրաստանի իշխանությունները պարտավորվել են Մերաբիշվիլիին և նրա փաստաբանին վճարել 8 հազար եվրո որպես պատճառված վնասի փոխհատուցում։
Դատարանը գտել է, որ խախտվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածը: Համաձայն այդ հոդվածի, Կոնվենցիայի թույլ տրվող սահմանափակումները չպետք է կիրառվեն նպատակների համար, որոնց համար դրանք նախատեսված չեն եղել:
Մյուս դատական նիստի ընթացքում Գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Ժամկոչյանը կներկայացնի իր դիրքորոշումը ներկայացված միջնորդության վերաբերյալ, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ։
Մանրամասները՝ տեսանյութում։