2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 1 դիտակետի տարածքում (կամուրջ Հակարիի գետի վրայով)։ Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Մարդակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հետաքննում է այս փաստը։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:
Արցախի իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ, որը ոտնահարում է թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր: