«Սերժ Սարգսյանն ասել է՝ տվեք իրեն»․ դատարանում հրապարակվեցին նախկին նախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ ապրիլի 13-ին, կայացավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական քննությունը։

Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Գործով ի սկզբանե ամբաստանվում էր 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական նախկին օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։

Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ մինչև ամբաստանյալների հարցաքննությանն անցնելը նախագահող դատավոր Վահե Միսակյանը հրապարակեց մահացածների նախաքննական ցուցմունքները։

Սերգո Կարապետյանը իր առաջին ցուցմունքներում նշել է, որ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումների մասին չգիտի, ոչինչ հայտնել չի կարող։ Սակայն գյուղատնտեսության նախկին նախարարը դիմում է գրել և խնդրել է իրեն լրացուցիչ հարցաքննել, քանի որ քննությանը հայտնելու տեղեկություններ ունի, որոնց մասին նախկինում չի հայտնել։

2013-ի գարնանը Կառավարությունը որոշում է կայացրել հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար մատչելի գներով դիզվառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիր իրականացնելու մասին։ Ծրագիրը պետք է Գյուղատնտեսության նախարարության միջոցով իրականացվեր։

«Քանի որ սուբսիդավորման պայմանագիր պետք է կնքվեր, մրցույթ, որպես այդպիսին, չի հայտարարվել։ Նման դեպքերում մրցույթի հայտարարում նախատեսված չէ։ Ես հանձնարարել եմ իմ տեղակալ Սամվել Գալստյանին և վարչության պետ Գևորգ Հարությունյանին ուսումնասիրել շուկան՝ նվազագույն գնով համապատասխան մատակարար գտնելու համար։ Տեղյակ եմ, որ հարցում է ուղարկվել շուկայում գործով խոշոր ներկրողներին, հիմա չեմ հիշում, կոնկրետ որ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եմ հանդիպել այդ ծրագրի իրականացման ժամանակ»,-իր ցուցմունքներում հայտնել է Սերգո Կարապետյանը՝ հավելելով, որ հունվար-փետրվար ամսին իրեն է զանգել Բարսեղ Բեգլարյանը և խնդրել հանդիպել իր հետ։

Վերջինս նախարարի հետ հանդիպել է նախարարությունում՝ նրա աշխատասենյակում։ Սերգո Կարապետյանը քննիչի մոտ ցուցմունք տալիս նշել է, որ չի հիշում՝ Բարսեղ Բեգլարյանի այցը որևէ կերպ արձանագրվե՞լ է նախարարությունում, թե ոչ․ «Հանդիպմանը նա եկել էր մենակ, հիշում եմ՝ իր հետ բերել էր մեկ շիշ «Մադաթով» կոնյակ։ Ասաց, որ այն իրեն պատկանող ձեռնարկությունն է արտադրում, բերել է մեկ շիշ՝ համտեսելու համար»։

Ըստ նախկին նախարարի՝ իրենց հանդիպմանն այլ անձ ներկա չի եղել, սակայն չի բացառում, որ Սամվել Գալստյանը ինչ-որ պահի մտած լիներ իր աշխատասենյակ։ Հանդիպման ժամանակ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատերը հայտնել է, որ տեղյակ է վառելիքի սուբսիդավորման ծրագրի մասին։ Ասել է, որ խոսել է Սերժ Սարգսյանի հետ և նրա հետ պայմանավորվել մատակարարումը իրականացնել «Ֆլեշ»-ի միջոցով։ Սերգո Կարապետյանը Բարսեղ Բեգլարյանին չի հարցրել, թե ինչ պայմանավորվածություն է նա ձեռք բերել 3-րդ նախագահի հետ․ «Ինձ թույլ չեմ տվել նման հարցադրումներ անել և տեղյակ չեմ, թե իրականում ինչ պատճառով է Սերժ Սարգսյանը համաձայնություն տվել, որ «Ֆլեշ» ընկերությունն իրականացնի նշված ծրագրով դիզելային վառելիքի մատակարարումը։ Հանդիպման ժամանակ մենք կոնյակ համտեսեցինք և խոսեցինք վառելիքի գնի մասին։ Ես փորձում էի հնարավորինս իջեցնել դրա գինը։ Հիշում եմ, որ Բարսեղ Բեգլարյանի առաջարկած գինն ավելի բարձր էր, քան մյուս ընկերությունների առաջարկները»։

Այնուհետև, Սերգո Կարապետյանն իր տված ցուցմունքներում նկարագրել է տվյալ հարցի և վերոնշյալ պայմանավորվածության մասին իր և Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած խոսակցությունը։ Նշվում է, որ նախարարը նախագահին պատմել է Բարսեղ Բեգլարյանի հետ հանդիպման մասին։

«Սերժ Սարգսյանն ասել է՝ տվեք իրեն, թող ինքը կազմակերպի մատակարարումը։ Ես այլ հարցեր նախագահին չեմ տվել, քանի որ ինձ համար պարզ էր, որ Բարսեղ Բեգլարյանն ուներ մատակարարման մասին համապատասխան պայմանավորվածություն Սերժ Սարգսյանի հետ»,-նշել է Սերգո Կարապետյանը։ Նրա խոսքով՝ Բեգլարյանի հետ հանդիպման և պայմանավորվածության մասին տեղեկացրել է նաև այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանին․ «Վարչապետը նույնպես ասաց, որ Կառավարության որոշման նախագիծը պատրաստ է «Ֆլեշ» ՍՊ ընկերության անունով, այնսինքն նա ևս համաձայնություն տվեց, որ մատակարարումը իրականացնի Բարսեղ Բեգլարյանի ընկերությունը։ Ես վարչապետին հայտնել եմ, որ ունենք ավելի էժան գնային առաջարկներ, սակայն Տիգրան Սարգսյանը կրկին պնդել է, որ մատակարարման պայմանագիրը պետք է կնքվի «Ֆլեշ» ընկերության հետ»։

Իր ցուցմունքում Կարապետյանը նշել է, որ էժան գնային առաջարկի մասին նա մանրամասներ չի ասել նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ խոսակցության սկզբում նա կտրուկ ասել է, թե ով պետք է իրականացնի մատակարարումը։ Իր ցուցմունքներում Գյուղատնտեսության նախկին նախարարը Սերժ Սարգսյանի որոշումը «քաղաքական» է բնութագրել, քանի որ ինքն էր որոշել, թե ինչ արժեքով դիզելային վառելիքը պետք է տրվի գյուղացուն և ինչ գումարի չափով է սուբսիդավորվելու մատակարարումը․ «Այսինքն, ես, որպես նախարար, կատարել եմ տեխնիկական աշխատանք, Հանրապետության նախագահի բանավոր հանձնարարության հիման վրա հանձնարարել եմ՝ անկախ ստացված գնային առաջարկներից Կառավարության համապատասխան որոշման նախագծի մեջ նշել «Ֆլեշ» ՍՊ ընկերության անունը և այդ ընկերության ներկայացրած գնային առաջարկը»։

Սերգո Կարապետյանը հայտնել է նաև, որ մինչև 2016 թվականը Սերժ Սարգսյանն է ասել իրեն, թե ինչ գնով պետք է վառելիքը մատակարարվի գյուղացուն, ինչքանով պետք է սուբսիդավորվի։ Իսկ մատակարարը, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ընտրվել է «Ֆլեշ» ընկերությունը։

Նախկին նախարարը իր տված այս ցուցմունքում նշել է նաև, որ նախկինում չի հայտնել այս մասին, քանի որ կաշկանդված է եղել 3-րդ նախագահի և նախկին վարչապետի մասին այդպիսի տեղեկություններ ներկայացնելու հանգամանքով։ Նա նշել է, որ Սևան Քոչարյանի հետ առերես հարցաքննությունից հետո («Սոբրանիյե» ընկերության տնօրեն Սևան Քոչարյան, մրցույթի մյուս մասնակիցներից մեկը-խմբ․) որոշել է զանգել Բարսեղ Բեգլարյանին և հանդիպել նրա հետ։

Հանդիպմանը մենակ է գնացել։ «Ֆլեշ»-ի սեփականատիրոջը հայտնել է, որ իրեն հարցաքննության են կանչել ու հորդորել «տեր կանգնել գործին», քանի որ ինքը որևէ կապ չունի դրա հետ։ Բարսեղ Բեգլարյանն էլ նրան ասել է, որ ինքը կապ չունի «Ֆլեշ»-ի գործունեության հետ, բոլոր հարցերով զբաղվել է «Ֆլեշ» ընկերության արդեն նախկին տնօրեն Յաշա Խաչատրյանը, և թող նա էլ պատասխան տա։

«Ես ասել եմ, որ որևէ հարց Յաշայի հետ չեմ քննարկել, քննարկումն իր հետ է եղել։ Բարսեղ Բեգլարյանը կրկին պնդել է, որ բոլոր հարցերը Յաշան է պարտավոր լուծել, ինչից հետո ես ասել եմ, որ իր հետ խոսելու որևէ բան այլևս չունեմ։ Ինձանից հասնում էր միայն տեղյակ պահել, որ այդ ծրագրի մասին գործ է քննվում և դուրս եմ եկել նրա աշխատասենյակից»,-նշել է Գյուղատնտեսության նախկին նախարարը։

Բացի այդ, Սերգո Կարապետյանը քննիչին հայտնել է, որ ամեն անգամ Սերժ Սարգսյանը վերահաստատել է իր հանձնարարությունը, որ մատակարարումները պետք է իրականացնի «Ֆլեշ»-ը։ Նա նշել է նաև, որ գիտակցել է՝ ընկերության հետ պայմանագիրը ավելի թանկ գնով է կնքվում, սակայն ինքն այլ տարբերակ չի ունեցել, քանի որ նախագահից և վարչապետից հստակ հանձնարարություն է ունեցել։

Նախագահող դատավոր Վահե Միսակյանն առերես կատարված հարցաքննությունից որոշեց հրապարակել միայն Սերգո Կարապետյանի ցուցմունքները, և չանդրադառնալ չհարցաքննված ամբաստանյալի ցուցմունքներին։ Նախագահողի գործողությունների դեմ առարկեց դատախազ Արսեն Մարտիրոսյանը․ «Խնդրում եմ դատարանին պարզաբանել, թե ինչով է պայմանավորված ցուցմունքը մասնակի հրապարակելու մոտեցումը»։

Դատավորը նշեց, որ ամբաստանյալի ցուցմունքները դատարանում հրապարակվում են այն դեպքում, երբ էական հակասություններ կան կամ երբ վերջինս օգտվում է լռելու իր իրավունքից և չի հարցաքննվում․ «Դատարանը որոշել է հրապարակել դատական քննության ընթացքում մահացած ամբաստանյալների ցուցմունքները՝ մահվան փաստով պայմանավորված»։

Մեղադրողը պնդեց՝ հարցաքննության պահին վերջիններս մեղադրյալի կարգավիճակ չեն ունեցել։

Դատարանում ևս մի քանի առերես հարցաքննություններ հրապարակվեցին, որից հետո դատարանը որոշեց նիստը հետաձգել։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել