Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, բողոքի ակցիա է անցկացրել Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը»։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Հանրահավաքն անցկացվել է «Միասին դեպի Եվրոպա» կարգախոսի ներքո։ Ցուցարարները, ի թիվս այլ հարցերի, պահանջում էին ազատ արձակել 21-ամյա Լազարե Գրիգորիադիսիին, ով կալանավորվել էր մարտի 7-9-ին «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիաների ժամանակ։ Ընդդիմությունը նաև կոչ է արել հրաժարական տալ այն դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել։
«Երրորդ պահանջը Միխեիլ Սաակաշվիլիի և Նիկա Գվարամիայի ազատ արձակումն է, չորրորդը՝ ապաօլիգարխացման, դատաիրավական բարեփոխումների և ընտրական հանձնաժողովի բարեփոխումների մասին օրենքի ներդրումն է», – ասել է կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին։
Ավելի վաղ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել էր պետքարտուղար Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ կոռուպցիայի պատճառով պատժամիջոցներ են սահմանվում Վրաստանի բարձրաստիճան չորս դատավորների՝ Միխայիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ։