Լույս է տեսել «Նկարիչ ստեղծագործողներ նահատակված 2020թ․ Արցախյան պատերազմում» պատկերագիրքը, որի նպատակն է ներկայացնել 44-օրյա պատերազմում նահատակված արվեստագետներին և նրանց ստեղծագործությունները։
Պատկերագրքի ստեղծմանն աջակցել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը՝ Գաբրիել Ջեմբերջյանի գլխավորությամբ, որն առաջին աջակցությունը չի եղել՝ ուղղված նման աշխատանքներին։ Հիմնադրամի աջակցությամբ կայացել էր նաև 44-օրյա պատերազմի մասնակից, նկարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սևադա Սարգսյանի «Դժոխքի ձոր» խորագրով ցուցահանդեսը և այլն։
Խատկերագիրքը տպագրվել է նաև և ի հայրապետության Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ 2021 թվականին էլ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ, Գևորգյան հոգևոր ճեմարանում ցուցադրվեցին Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցների աշխատանքները՝ «Մինչև․․․» խորգրով։
Ծրագրի նախաձեռնությունը «Լիվըր» ընկերության տնօրեն Լուսինե Քարամյանին է, ով էլ համակարգել է պատկերագրքի ստեղծման ընթացքը։
Ներկայացված են Գոռ Ավագյանի, Գոռ Ավետիսյանի, Գևորգ Արշակյանի, Արտակ Բարսեղյանի, Անդրանիկ Գրիգորյանի, Մորիս Գրիգորյանի, Արտակ Թովմասյանի, Աժդահակ Կիրակոսյանի, Խորեն Հաջաթյանի, Արման Հարությունյանի, Համլետ Հովհաննիսյանի, Հարություն Ղազարյանի, Արմեն Գրիգորյանի, Հովհաննես Մազմանյանի, Հայկ Նալբանդյանի, Վիգեն Մուրադյանի, Միսակ Մկրտչյանի, Արամ Պողոսյանի, Էդգար Տոնականյանի, Տարոն Ֆիլիպոսյանի աշխատանքները։
Պատկերագրքում օգտագործվել են ոչ միայն զոհված ստեղծագործողների աշխատանքները, այլ նաև լուսանկարներ նրանց անձնական արխիվից։
«Նրանցից ոմանք արդեն ձևավորված և կայացած էին, ովքեր իրավամբ հայ արվեստի վաղվա դիմագիծը պիտի ձևավորեին։ Մի մասը հիմնավոր ուսումնական, դասական արվեստի հիմքերը սերտելու ճանապարհն էին անցել, աստիճամաբար դարձել ճանաչելի։ Տարիքով համեմատաբար կրտսերները շնորքի առաջին նախանշաններ ցույց տալով նոր էին ոտք դրել արվեստի բուհ, պատրաստվում էին առաջին լուրջ քայլերն անել»,-նշել է պատկերագրքի կազմող և տեքստերի հեղինակ, նկարիչ, արվեստաբան Արա Հայթայանը։
Արա Հայթայանը նաև հույս է հայտնել, որ գիրքը թերթող յուրաքանչյուր մարդ, առնչվելով երիտասարդների ապրած կյանքին ու ստեղծագործությանը, իր պարտքը կհամարի, յուրաքանչյուրն իր չափով, սատարել և լինել զոհվածների ընտանիքների կողքին։