Թնդանոթները որոտացին, բայց մուսան չլռեց․ 44-օրյա պատերազմի մասնակից, նկարիչ Սևադա Սարգսյանը վրձնել է «Դժոխքի ձորը»

«Երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են։ Սևադայի մուսան այդ օրերին չէր լռում»,- նկարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սևադա Սարգսյանի «Դժոխքի ձոր» խորագրով ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը։

Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀԲԸՄ Հայաստանի և Փյունիկ մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Համակարգողն է Լուսինե Քարամյանը, ով արդեն նմանատիպ մի քանի ցուցահանդեսներ է կազմակերպել ու կյանքի կոչել։

Նկարիչը 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ կամավորագրվել է, որպեսզի մասնակցի մարտական գործողություններին։ Նա նշում է, որ ամաչում էր, երբ կարդում էր զոհված զինվորների անունները։

«Կնոջս ասում էի՝ ես ամաչում եմ դուրս գալ։ Երբ վերջապես եկավ ծանուցումը, զանգեցի կնոջս, ասացի՝ աչքներս լույս, ես վերջապես գնում եմ։ Շատ էի երկմտում՝ տունը, ընտանիքս, ծառերս, թե՝ հայրենիքը, և երբ ճանապարհին էինք, վերջին անգամ խոսեցի կնոջս հետ, նա ասաց՝ ես հպարտանում եմ քեզանով։ Ես ավելի ուժեղացա և գնացի հայրենիքս պաշտպանելու»,-հիշում է նկարիչը։

Պատերազմի մասնակիցը նկարներն ստեղծել է էսքիզների հիման վրա։

«Ես համոզված էի, որ սրանք հետագայում ցուցադրվելու են։ Ես մինչև պատերազմը և հիմա էլ ինձ համարում եմ զգայաբար նկարիչ։ Պատերազմն ինձ վրա անընդհատ տպավորություն և զգացողություն էր թողնում։ Ես տեսարաններ էի հիշում, հետո կորում էր։ Գտանք թուղթ ու գրիչ և կոմպոզիցիայի տեսքով արտահայտում էի տպավորություններս»,-ասում է նկարիչը։

Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը պատմում է, որ մարտերը սկսվում էին արևածագին, շարունակվում էին մինչև մայրամուտ, այնուհետև թշնամին հանգստանում էր և գիշերը 11-ին վերսկսում էին և մինչ լուսաբաց նորից շարունակվում էին կռիվները։

«Այն ինչ տեղի ունեցավ մեծ ցավ է պատճառում մեզ, որովհետև տղաներն արիաբար, քաջաբար մարտնչում էին։ Տեսնում էինք, որ աջ ու ձախ թևերից նահանջելու տեղ կար, բայց կանգնած էինք մենք։ Չգիտեմ՝ ինչու այդ ձորակին անվանեցին Դժոխքի ձոր, կարելի է անվանել դիմակայության ձոր, որ դիմակայեցին և ոչ մի քայլ հետ չնահանջեցին։ Մենք չնահանջեցինք ի պատիվ Սևադայի նման տղաների»,-նշեց նա։

Նկարիչը խոսեց նկարներում հաճախ կրկնվող թեյնիկի մասին և ցավով նշեց, որ այն մնացել է մարտի դաշտում։

«Այն մի ուրիշ խորհրդանիշ է այս ցուցահանդեսին։ Ես և իմ մարտական ընկերներից Ալիկը նոր էինք գնացել, նա անընդհատ ասում էր մասուր հավաքեք տղերք, մեր գրպաններում միշտ մասուր կար և թեյնիկը բոլորիս հավաքում էր իրար շուրջ»,-նշում է Սևադա Սարգսյանը։

Նկարներում պատկերված ծառերն ու անտառները վերացել են, երբ թշնամին արգելված զենք էր օգտագործել։

Գեներալ-մայորն ասաց՝ չի իմացել, որ Սևադա Սարգսյանն արվեստագետ է․ «Մեկ-մեկ աչքի տակով նկատում էի, որ բնությանը հետազոտում է, և արդյունքն այդ հետազոտության այս պատկերներն են»։

Նկարիչն ասաց, որ «Դժոխքի ձոր» կոչել են նոյեմբերի 6-ի Բերձորի պաշտպանական մարտերից հետո, երբ իրենք մեծաթիվ կորուստներ են պատճառել թշնամում։

«Ֆիդայիններ» ՀԿ-ի նախագահ, պատերազմին իր մասնակցությունն ունեցած Սեյրան Չիլինգարյանն իր խոսքում ասաց․ «Ուզում եմ ասել՝ Դժոխքի ձորը մեզ համար չի եղել, այլ թուրքի համար է եղել դժոխքի ձոր։ Ճիշտա մի քիչ դաժան ա, բայց դրանց պետք է։ Ես էլ չգիտեի, որ Սևադան արվեստի հետ կապ ունի։ Շնորհակալ եմ, որ նման աշխատանք եք կատարել»։

Նա, որպես «Ֆիդայիններ» ՀԿ-ի նախագահ, «Փյունիկ» հիմնադրամին պարգևատրեց «Պողոս Նուբար Փաշա» մեդալով, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը պարգևատրեց «Հայապահպանության» մեդալով։ Ցուցահանդեսի համակարգող Լուսինե Քարամյանին պարգևատրեց «Սուրբ Վարդան» ասպետական մեդալով։ Սևադա Սարգսյանին պարգևատրեց «Հովհաննես Այվազովսկի» մեդալով։

Հասմիկ Սարգսյան

Ֆոտոշարքը՝ Ալիսա Չիլինգարյանի

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել