Դատախազությունը պահանջում է Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից և նախարարության 2 պաշտոնյաներից շուրջ 25 միլիոն դրամ բռնագանձել

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ մարտի 15-ին, շարունակվեց Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի, նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Երջանիկ Մուրադյանի և աշխատակազմի ղեկավար Վարդան Բարսեղյանի կողմից՝ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Նարինե Ավագյանը։

Դատախազությունը խնդրում է Հասմիկ Պողոսյանից, Վարդան Բարսեղյանից, Երջանիկ Մուրադյանից համապարտությամբ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել շուրջ 25 միլիոն դրամ։

Դատարանը այսօրվա նախնական դատական նիստում քննարկում էր ապացույցներ ընդունելու և թույլատրելու միջնորդությունները։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Աղավնի Մադոյանը ներկայացրեց հայցվոր կողմի համար ընդունելի ապացույցների ցանկը, այդ թվում՝ պատասխանողների պաշտոնի անձնագրերը։

Երջանիկ Մուրադյանի ներկայացուցիչ Աննա Ավետիսյանը միջնորդեց ապացույցների ցանկից հանել այն բոլոր ապացույցները, որոնցում մասնակցություն ունի Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ, «Հուշարձանների վերականգնման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին գնումներ կատարելու գործընթացի մասով, նախարարի հրամանով ստեղծված պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Արեգ Հայրապետյանը։

«Ներկայացված փաստաթղթերը հանդիսանում են նախաքննության ժամանակ իրականացված գործողությունների արձանագրություններ, չունեն որևէ նշանակություն, հետևաբար՝ Հայրապետյանի տված ցուցմունքները, առերեսման ժամանակ արտահայտած դիրքորոշումները ինչ-որ ձևով ավելի բարձր դասել, կարևորել քան իմ վստահորդի, օրինակ՝ ցուցմունքներով արտահայտած դիրքորոշումը, դա իրավաչափ չէ»,-նշեց փաստաբանը՝ հավելելով, որ վերջինս այս գործով որևէ կարգավիճակ չունի, հետևաբար նրա արտահայտած դիրքորոշումը գործի համար որևէ էական նշանակություն ունենալ չի կարող։

Նախագահող դատավոր Նարինե Ավագյանը հիշեցրեց, որ իր վստահորդը նախորդ դատական նիստի ընթացքում պնդում էր, որ «այս ամենի մեղավորը Արեգ Հայրապետյանն է»։ Փաստաբանը հաստատեց։

«Եթե շարունակում եք պնդել, որ մեղավորը Արեգ Հայրապետյանն է, ապա նրա հարցաքննության պատճեները ինչո՞ւ վերաբերելի չեք համարում այս գործի քննության համար»,-հարցրեց դատավորը։

Աննա Ավետիսյանը նշեց, որ Հայրապետյանը եղել է գնումների գործընթացը վերահսկող ստորաբաժանման ղեկավարը և նրա ստորագրությամբ են կատարողականները հաստատվել, ուղարկվել գանձապետարան։

«Ես առաջարկեցի Արեգ Հայրապետյանին գործով որպես պատասխանող ներգրավել, քանի որ մենք հիմնավորում ենք, որ նա է մեղավոր պետությանը պատճառված վնասի համար, սակայն հայցվոր կողմը իր տնօրինչական լիազորություններից ելնելով չի ցանկանում, որ Արեգ Հայրապետյանը որևէ կերպ առնչություն ունենա այս գործով։ Այդ դեպքում չեմ հասկանում, թե ինչն է պատճառը, որ հայցվոր կողմը վկայակոչում է նրա կողմից տրված ցուցմունքները»,-նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ գնումների գործընթացի ընթացքում է պետությանը ենթադրյալ վնաս պատճառվել։

Երջանիկ Մուրադյանը դատարանում հայտարարեց, որ Աղավնի Մադոյանի կողմից ներկայացված ապացույցների ցանկն անհիմն է և որևէ առնչություն չունի իր ղեկավարած վարչության աշխատանքների հետ։ Դատավորի հարցին՝ հայցվորի ներկայացրած կոնկրետ ո՞ր ապացույցներն է Մուրադյանը համարում ոչ վերաբերելի կամ ոչ թույլատրելի և ինչո՞ւ, վերջինս պատասխանեց․ «Բոլորը»։

Հասմիկ Պողոսյանի ներկայացուցիչ Գեորգի Մելիքյանը դատարանում հայտարարեց, որ չեն ստացել ապացույցների ապացույցների ներկայացման վերաբերյալ դատախազության միջնորդությունը, հետևաբար՝ չեն կարող դիրքորոշում հայտնել։

«Մենք դատախազությանը, քրեական գործի շրջանակներում, ներկայացրել ենք Հասմիկ Պողոսյանի փաստացի գտնվելու վայրը և հասցեն։ Նա Խանջյան փողոցի հասցեով 2020 թվականի փետրվարից չի բնակվում և Գլխավոր դատախազությունը տեղյակ է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գտնվող հասցեից»,-նշեց փաստաբանը։

Դեռևս 2021-ի դեկտեմբերին վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մադոյանն ասաց, որ քրեական գործերի նկատմամբ ինքը հսկողություն չի իրականացնում, հետևաբար՝ չէր կարող իմանալ Մոսկվայում Հասմիկ Պողոսյանի փաստացի բնակության հասցեն։

Դատարանը որոշեց Պողոսյանի ներկայացուցիչներին ժամանակ տրամադրել, որպեսզի վերջիններս ծանոթանան ինչպես հայցվոր կողմի, այնպես էլ մյուս պատասխանողների ներկայացրած միջնորդություններին։ Նիստը հետաձգվեց և նշանակվեց մարտի 22-ին։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել