Գագիկ Բեգլարյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով նիստը հետաձգվել է

Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը հետաձգվել է։

Iravaban.net-ին հայտնի է դարձել, որ դատական նիստը նախագահող՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Ավագյանն առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով էլ նիստը չի կայանալու։

Գործով հայցվոր կողմը ներկայացնում է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը։

Հիշեցնենք, որ համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

  • Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները,  շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում,  ինչպես նաև Երևանի քաղաքի  այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող 2 հողամասերը և Արարատի (համայնք Սիս) մարզում գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը (MERSEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենա), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10.704.483.825 ՀՀ դրամ,
  • 10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը,
  • 8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 1.879.759.719 ՀՀ դրամի չափով,
  • 882.745.274,9 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի, ինչպես նաև գույքերի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ,
  • 3.317.008.604 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել