Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր CBN պարբերականին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը:
«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակվում է», – գրում է պարբերականը՝ նշելով, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նախազգուշացնում են Արցախում ցեղասպանության իրական վտանգի մասին:
Պարբերականը մեջբերել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը, որտեղ նա նշում է, թե այս իրադարձությունները բացահայտ կերպով ցույց են տալիս, թե ինչ կարող է կատարվել Արցախի հետ, եթե հանկարծ այն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո:
«Իրավիճակը բարդ է, որովհետև ձմեռ է, սննդի, դեղորայքի, վառելիքի պաշարները սահմանափակ են: Մենք չգիտենք, թե դեռ որքան սա կարող է շարունակվել, և ստիպված ենք սահմանափակումներ կիրառել: Չնայած այս բոլոր փորձություններին՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչներն ամուր վճռականություն են դրսևորում: Այս դժվարություններն ու սահմանափակումները մարդկանց ավելի համախմբված են դարձրել»,-ներկայացնելով իրավիճակը՝ ասել է Ռուբեն Վարդանյանը:
Խոսելով Արցախի հայկական արմատների և անկախության համար շարունակվող պայքարի մասին՝ Վարդանյանն ասել է. «Անկախության համար մեր պայքարը սկսվել է 34 տարի առաջ, և այսօր այն շարունակում են այստեղ ապրող մարդիկ: Նրանք չեն ցանկանում որևէ այլ պետության մաս լինել: Սա կրոնական կոնֆլիկտ չէ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև, սա պայքար է ավտորիտար երկրի և դեմոկրատական պետության միջև: Մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանում չկա ժողովրդավարական համակարգ, չկան մարդու իրավունքներ»:
Արցախի պետնախարարը հավելել է, որ մշտապես առկա է Ադրբեջանի կողմից նոր հարձակման վտանգ, և հենց այդ պատճառով կարևոր է հասկանալ, որ ստեղծված իրավիճակում միակ ճիշտ լուծումը կարող է լինել որպես հարևաններ ապրելը: «Մեծ ջանքեր են պահանջվում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, և մենք պետք է հասկանանք, որ իրավիճակի կարգավորման համար Ադրբեջանը պետք է ընդունի Արցախի անկախությունը և գնա բանակցությունների: Սա հնարավոր է միայն փոխզիջման միջոցով. մի կողմը չի կարող մտածել, որ կարող է կրակել և ստանալ ամեն ինչ, իսկ մյուս կողմը ոչինչ չստանա», – ասել է Արցախի պետնախարարը:
Պատասխանելով Արցախ տեղափոխվելու իր դրդապատճառների մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է. «Արցախն ինձ համար հայկական ինքնության անկյունաքարերից մեկն է, և իմ ժողովրդի համար ամենավտանգավոր պահին ես չէի կարող անտարբեր լինել: Սա հենց այն պահն է, որ ես կարևոր համարեցի իմ գիտելիքներն ու փորձը ծառայեցնել Հայրենիքիս: Արցախցիները պետք է զգան, որ իրենք ունեն ողջ Հայկական աշխարհի սատարումը: Մենք պարտավոր ենք գալիք սերունդներին փոխանցել Արցախում ապրելու իրավունքը»: