Երևանի Անտոն Չեխովի անվան համար 55 դպրոցի բակն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, անսովոր մարդաշատ էր։ Բարձր ու տոնական երաժշտությունն անցորդներին ստիպում էր ներս գնալ, հասկանալու՝ ի՞նչ է կատարվում։
Կազմակերպվել էլ ամանորյա տոնավաճառ։ Դպրոցի բակում տեղադրվել էին տաղավարներ և աշակերտներն ու ծնողները մեծ ոգևորությամբ և ջանասիրությամբ փորձում էին վաճառել ձեռագործ իրեր։ Ներկաներին և հյուրերին առաջարկում էին գնել սուրճ, թեյ, տարբեր խմորեղեններ և քաղցրավենիք։
Դպրոցի տնօրեն Դիանա Մինասյանն Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ նմանատիպ միջոցառումները եղել են դպրոցի զարգացման իր ծրագրի հիմքում։
«Զարգացման ծրագիրը գրելիս շատ ուզում էի, որ երեխաների մոտ ոգևորություն լինի, իրենց ստեղծագործական միտքը զարգանա և իրենք կարողանան իրենց մտքում եղածն ինչ-որ կերպ արտահայտել։ Բացի դրանից, դպրոցում տեխնիկական հագեցվածությունը շատ սակավ է և մտածեցի, որ գոյացած հասույթը կարելի է ուղղել հենց տեխնիկական հագեցվածությանը։ Գոնե դասարաններն ապահովենք մեկական համակարգչով, որպեսզի երեխաները կարողանան իրենց դասերն անցկացնել ավելի ինտերակտիվ և հետաքրքրաշարժ»,-նշեց նա։
Տնօրենի խոսքով՝ աշակերտների ծնողները մեծ պատրաստակամությամբ են միացել նախաձեռնությանը, որպեսզի իրենց երեխաները կարողնան բավականություն ստանալ նախաձեռնությունից։
Մեզ հետ զրույցում առաջին դասարան հաճախող երեխաներից մեկի մայրը՝ Աստղիկն, ասաց որ շատ հաճելի է, երբ երեխան ներգրավվել է նմանատիպ միջոցառմանը։ Իրենք տոնածառի խաղալիքներ էին պատրաստել։
«Ինձ թվում է երեխաները պետք է տեսնեն, թե ինչքան հնարավորություն կա գումար վաստակելու, գումար ներդնելու և դա իրենց տաղանդի շնորհիվ։ Մենք բավականին հաջող վաճառք ունեցանք»,-ասաց նա։
Դիանա Մինասյանն ասաց, որ թափանցիկությունն ապահովելու համար որոշել են գումարը հավաքել 3 կիլոգրամանոց տարաների մեջ։
«Բացելու ենք օրվա վերջում՝ դասղեկի, մեկ ծնողի և երեխայի ներկայությամբ։ Գումարը հաշվելու ենք միասին, այդ ամենն արձանագրելու ենք, որպեսզի իրենք հասկանան, որ այս ամենը կատարվում է թափանցիկ և կատարվում է ի շահ դպրոցի, ոչ մի այլ նպատակներով գումարը չի ծախսվելու»,-նշեց տնօրենը։
7-րդ դասարանի աշակերտ Միքայել Բաղդասարյանը լուսանկարում էր մարդկանց և տեղում տպում ու տալիս լուսանկարները։ Մեկ լուսանկարի արժեքը 1500 դրամ էր։
«Գումարով նոր համակարգիչներ ենք գնելու, դրա համար էլ դպրոցի աշակերտներով վաճառում ենք մեր պատրաստածները։ Դպրոցում խնդիր չկա, պարզապես ուզում ենք թարմացնել մեր համակարգիչները»,-նշեց Միքայելը։
Դպրոցի տնօրենը նաև նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գործարկում է նոր ծրագիր, քանի որ 2023 թվականից ՀՀ բոլոր դպրոցներում «Առողջ ապրելակերպ» ծրագիրը սկսելու է նոր չափորոշիչներով գործել։
«Մեր դպրոցն առաջիններից մեկն է, որը գործարկելու է այդ ծրագիրը։ ՀՀ-ից 5 դպրոց է ընտրվել։ Արդեն անցկացվել է ուսուցիչների վերապատրաստումը։ Հաջորդ շավաթվանից կսկսենք փորձարկել ծրագիրը, եթե բարեհաջող լինի, ապա այն կներդրվի դպրոցներում»,-ասաց Դիանա Մինասյանը։
Ծրագրի շրջանակներում, վերապատրաստում անցած ուսուցիչները, երեխաներին կսովորեցնեն, թե որքան կարևոր է իմունային համակարգը և, թե ինչպես վարել առողջ ապրելակերպ։ Այդ ամենը դասավարնդվելու է խաղային և ինտերակտիվ մեթոդներով։