Դատական իշխանության պաշտոնական կայքէջում դեկտեմբերի 13-ին հայտարարություն է հրապարակվել Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու վերաբերյալ․ ներկայացվել են 6 թեկնածուի տվյալներ․
- Կարեն Հակոբյան,
- Հայկ Մարտիրոսյան,
- Առնոլդ Վարդանյան,
- Սիմոն Ֆարմանյան,
- Հասմիկ Ստեփանյան,
- Արմեն Եզեկյան։
Դատական օրենսգրքի 77-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն: Թեկնածուն կարող է ինքնառաջադրվել, կամ առաջադրվել հասարակական կազմակերպությունների կողմից։
Բոլոր թեկնածուները ինքնառաջադրված են։ Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի կայքէջում հրապարակված թեկնածուների ինքնակենսագրականները:
Կարեն Հակոբյանը 2018 թվականից մինչ օրս Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ։
2020 թվականից աշխատում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում, որպես պահանջները քննող մասնագետ։
Հայկ Մարտիրոսյանը 2002 թ.ից մինչ օրս ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս է, «Պետության և իրավունքի տեսության և պատմության» ամբիոնի ասիստենտ։ 2017 թ-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կայքէջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ թեկնածուներից Հայկ Մարտիրոսյանն աշխատում է ՀԿ-ում։
Կայքէջի «Թիմ» բաժնում Մարտիրոսյանը ներկայացված է որպես կազմակերպության իրավական հարցերով փորձագետ։
Իր ինքնակենսագրականի մեջ Մարտիրոսյանը նշել է, որ 2019 թվականից իրավախորհրդատվական և փորձագիտական ծառայություններ է մատուցում վարչաիրավական հարաբերությունների, իրավական ակտերի փորձաքննության ներդրումային ռիսկերի գնահատման և ներդրումների ներգրավման քաղաքականության ոլորտում։ Առանձին չի նշվում, որ նա աշխատում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում։
Առնոլդ Վարդանյանը 2018թ.-ից Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի և Փաստաբանական դպրոցի դասախոս է։ 2021թ.-ից համատեղությամբ դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում։ Ունի Դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։ 2022-ի սեպտեմբերի 13-ից Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնակատարն է։
Սիմոն Ֆարմանյանը 2013 թվականից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է, Փաստաբանների պալատի անդամ, Փաստաբանական դպրոցի դասախոս։ 2015 թվականից արտոնագրված հաշտարար է, ինչպես նաև Լոնդոնյան վեճերի արդյունավետ լուծման կենտրոնի (CEDR) կողմից հավատարմագրված հաշտարար։
Հասմիկ Ստեփանյանը 2009-ից իրավաբանական գիտությունների թեկնածու է, 2010-ից՝ դոցենտ։ 29 գիտական աշխատությունների հեղինակ է։
Արմեն Եզեկյանը 2008-ից ունի դոցենտի գիտական կոչում, 2004-ից՝ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Դասավանդում է Սլավոնական համալսարանում։ 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչ օրս ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Իրավաբանության ամբիոնի վարիչն է։