Սույն թվականի դեկտեմբերի 14-ին «Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցի «Պարիջի» սրահում տեղի ունեցավ Մարդու իրավունքների ոլորտի պրոֆեսոր պարոն Ֆիլիպ Լիչի հեղինակած «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը, որը կազմակերպել էին Եվրոպայի խորհուրդն ու «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ը:
Շնորհանդեսի առաջին հատվածում բացման խոսքերով հանդես եկան Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության I իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն տիկին Լիլիթ Դանեղյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ տիկին Լեյլա Ժդանովան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ նախագահ, «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի համախմբագիր տիկին Լուսինե Հակոբյանը:
Շնորհանդեսի երկրորդ հատվածում հիմնական զեկույցով հանդես եկավ «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հեղինակ, Մեծ Բրիտանիայի Միդլսեքս համալսարանի Իրավունքի դպրոցի մարդու իրավունքների ոլորտի պրոֆեսոր պարոն Ֆիլիպ Լիչը: Այնուհետև «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն հրատարակության արդիականությունը Հայաստանի համատեքստում թեմայով ելույթ ունեցավ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր, «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի համախմբագիր պարոն Վահե Գրիգորյանը, որին հաջորդեց քննարկում շնորհանդեսի մասնակիցների և զեկուցողների միջև:
Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ սահմանադրական և վճռաբեկ դատարանի դատավորներ, ԲԴԽ անդամներ, փաստաբաններ, իրավապաշտպաններ, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գիրքը համապարփակ կերպով ներկայացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավունքը և դատավարական ընթացակարգը: Գիրքը քայլ առ քայլ նկարագրում է, թե ինչպես պետք է գործեր ներկայացնել Եվրոպական դատարան` անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են նախնական դիմումի ներկայացումը, գործերի առաջնահերթությունների որոշումը, հաշտության համաձայնությունները, միակողմանի հայտարարությունները, պիլոտային վճիռները և գործերի հանձնումը Մեծ պալատի քննությանը: Գրքի չորրորդ հրատարակությունը ներառում է Եվրոպական կոնվենցիայի նյութական իրավունքի վերաբերյալ թարմացված, մանրակրկիտ, հոդված առ հոդված բացատրությունները։
Գրքի հայերեն թարգմանությունն իրականացվել է Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Գրքի հայերեն տարբերակի հրատարակությունն իրականացվել է «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։