Բուխարեստում այսօր մեկնարկող երկօրյա գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ և այլ աջակցություն տրամադրելու մասին, սակայն Դաշինքին միանալու Ուկրաինայի հայտի առումով առաջընթաց չի լինի: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը:
14 տարի առաջ հենց Բուխարեստում Ուկրաինային և Վրաստանին խոստացան, որ երկու երկրներն էլ, ի վերջո, կմիանան ՆԱՏՕ-ին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի վերջին պաշտոնական դիմում ուղարկեց ՆԱՏՕ-ին՝ երկիրն արագացված հիմունքներով Դաշինքի կազմ ընդունելու համար: Bloomberg-ը նշում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները զգուշությամբ են վերաբերվում Կիևի խնդրանքին Ռուսաստանի հետ բախման հնարավորության պատճառով:
Ըստ գործակալության աղբյուրների՝ ԱԳ նախարարները կկրկնեն, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի համար, սակայն դեռ ժամանակը չի եկել, որ երկիրը միանա Հյուսիսատլանտյան դաշինքին:
Միևնույն ժամանակ դաշինքի ներկայացուցիչները կենտրոնացած են Ուկրաինային հակամարտությունում հաղթելու հարցում օգնելու վրա: Երեկ Բուխարեստում մամուլի ասուլիսի ընթացքում դա ընդգծել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ (ՌԴ նախագահ Վլադիմիր՝ խմբ.) Պուտինը հաղթի, քանի որ դա աշխարհի ավտորիտար ղեկավարներին ցույց կտա, որ իրենք կարող են իրենց նպատակներին հասնել ռազմական ուժի կիրառմամբ և աշխարհն ավելի վտանգավոր վայր դարձնել բոլորիս համար: Ուկրաինային աջակցելը մեր սեփական անվտանգային շահերից է բխում», – ասել էր Ստոլտենբերգը: