Ամերիկյան Associated Press (AP) լրատվական գործակալությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայի նախագահ Ասադին մի առաջարկ է արել, որը, սակայն, մերժվել է։
Գործակալությունը, հղում անելով լիբանանցի մի քաղաքական գործչի, հայտնում է, որ վերոհիշյալ առաջարկը վերաբերել է օրերս Սիրիայի հյուսիսում թուրքական օդուժի կողմից սկսված գործողություններին։
Էրդողանը կոչ է արել Ասադին սիրիական բանակի ստորաբաժանումներ տեղակայել քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ռազմագործողություն սկսել և կանխել քրդերի կողմից Սիրիայի գազի ու նավթի պաշարների օգտագործումը։ Ինչպես նաև կազմակերպել սիրիացի փախստականների վերադարձը Սիրիա։
Ըստ գործակալության՝ Էրդողանն իրանցիների միջոցով է իր այդ առաջարկը փոխանցել Ասադին և միաժամանակ պատրաստակամություն հայտնել Անկարայից պաշտոնյաներ ուղարկել Դամասկոս։ Ասադը, սակայն, մերժել է՝ առաջարկելով, որ այդ հանդիպումն անցկացվի որևէ երրորդ երկրում։
Մի թուրք պաշտոնյա էլ իր հերթին, հերքելով լուրերն այն մասին, թե թուրք-սիրիական հարաբերություններում Իրանն է միջնորդություն անում, նշել է, որ միջնորդի դերն ավանդաբար կատարել է Ռուսաստանը, սակայն որևէ առաջընթաց չի նկատվել։