Ո՞վ և ինչպե՞ս կարող է դառնալ նոտար

Նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ:

Նոտարի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են միայն «Նոտարիատի մասին» օրենքով, ըստ որի նախատեսված կարգով նոտարի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, չունի դատվածություն, անցել է նոտարական գործունեության առնվազն մեկ տարվա ստաժավորում և որակավորման քննական հանձնաժողովին հանձնել է նոտարի որակավորման քննությունները:

Արդարադատության նախարարը նոտարի պաշտոնում կարող է նշանակել նաև նոտարական գործունեության ստաժավորում չանցած և որակավորման քննություն չհանձնած այն անձին, որը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում կամ նոտարական պալատում իրականացրել է նոտարիատի բնագավառում մասնագիտական ոչ պակաս, քան երեք տարվա աշխատանքային գործունեություն:

Որակավորման քննական հանձնաժողովի կազմը հաստատում է արդարադատության նախարարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հավասար թվով նախարարության աշխատակիցներ և նոտարական պալատի կողմից առաջադրված նոտարներ:

Նոտարի պաշտոնում նշանակումները կատարում է արդարադատության նախարարը` հաշվի առնելով նոտարական պալատի եզրակացությունը, որը պետք է լինի պատճառաբանված և հիմնավորված:

Պաշտոնում նշանակելուց հետո արդարադատության նախարարությունը նոտարին տալիս է ծառայողական վկայական:

Նոտարի որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`

1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝

2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝

3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:

2. Որակավորման ստուգումները կազմակերպվում են առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կոնկրետ ժամկետներում: Որակավորման ստուգում անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքի, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային (այսուհետ` www.azdarar.am) կայքի միջոցով հայտնվում է որակավորման ստուգման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ: Որակավորման ստուգման մասին տեղեկատվության մեջ նշվում են ստուգման համար համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու վերջին ժամկետն ու վայրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել