Որոնք են տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը և ինչ կարգով պետք է այն կատարվի

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված է, թե որոնք են տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը և ինչ կարգով պետք է այն կատարվի։

Iravaban.net-ը հայտնում է, որ օրենքի համաձայն՝

1. Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝

ա) ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար.

բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում գտնվող անձինք գտնվում են հետախուզման մեջ.

գ) անհրաժեշտություն կա վարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած վտանգների, անբավարար պայմանների մասին:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերից բացի, ոստիկանության ծառայողները կարող են տրանսպորտային միջոցները կանգնեցնել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորած հատուկ միջոցառումներ անցկացնելիս, ինչպես նաև տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հետ համատեղ ավտոտրանսպորտային միջոցներում ձայնագրող սարքի (թվային տախոգրաֆի քարտի) ճանապարհային տեսչական վերահսկողական գործառույթներ իրականացնելիս:

3. Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցները կանգնեցնելու մասին պահանջը պետք է տրվի դեպի տրանսպորտային միջոցն ուղղված ցուցաձողի, կարմիր ազդանշանով սկավառակի կամ բարձրախոս սարքի միջոցով: Երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար կարող է ազդանշան տրվել նաև սուլիչով: Ճանապարհային երթևեկությունը կարգավորելիս ոստիկանության ծառայողը, իրավիճակից ելնելով, կարգավորիչ ազդանշաններին զուգահեռ, կարող է ազատ ձեռքով տալ վարորդների և հետիոտների համար ընկալելի այլ ազդանշաններ: Ազդանշանները պետք է հասկանալի լինեն վարորդին և տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջների կատարումը չստեղծի վթարային իրադրություն:

4. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը և օրենքով սահմանված կարգով արձանագրելով խախտումը` թույլատրել տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը, բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ» և «ժզ» կետերով նախատեսված դեպքերի:

5. Ճանապարհի վիճակի կամ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհներին առաջացած վտանգների և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում կարգավորող ոստիկանության ծառայողը կարող է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը:

6. Սույն հոդվածի առաջին մասի «գ» կետով և հինգերորդ մասով նշված գործողությունները կատարելուց հետո ոստիկանության ծառայողը թույլատրում է տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը, եթե ի հայտ չեն գալիս սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա» կամ «ժա» կետում նշված հիմքերը:

7. Ոստիկանության ծառայողը կարող է տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո վարորդին առաջարկել դուրս գալ տրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից, եթե՝

ա) անհրաժեշտ է վերացնել տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը կամ բեռների փոխադրման կանոնների խախտումը.

բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում.

գ) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով և անհրաժեշտ է տրանսպորտային միջոցի շարժիչի, թափքի կամ հենասարքի համարները վարորդի մասնակցությամբ համեմատել տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթի գրառումների հետ.

դ) վարորդը կամ ուղևորը կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ.

ե) անհրաժեշտ է վարորդի մասնակցությամբ կազմել արձանագրություն կամ օգնություն ցույց տալ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին:

8. Երթևեկության սահմանված արագության գերազանցման և տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտումների համար պատասխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաստարկված է համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել