Իրավաբանների հայկական ասոցիացիայում այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կայացավ «Փաստաբանություն․ ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 11-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովը։
Գիտաժողովի մասնակիցները երկու փուլով են ներկայացրել աշխատանքները՝ գրավոր և բանավոր։ Գրավոր փուլում առավելագույն միավորներ հավաքած 4 զեկույցների հեղինակները հրավիրվեցին մասնակցել բանավոր փուլին։ Ըստ այդմ՝ բանավոր փուլի ժամանակ ներկայացվեց 4 զեկույց։ Դատավորները՝ Իրավաբանների հայակական ասոցիացիայի ծրագրերի համակարգող, փաստաբան, գիտաժողովի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը, ԻՀԱ անդամ, ի․գ․թ․ Առնոլդ Վարդանյանը, և ԻՀԱ անդամ, փաստաբան Մարիամ Զադոյանը զեկույցները լսելուց հետո նաև հարցեր ուղղեցին մասնակիցներին։
Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ռուզաննա Մարգարյանը, որի թեման վերաբերում էր փաստաբանական գաղտնիքի ինստիտուտին։ Նա նշեց, որ աշխատանքի նպատակն էր՝ ուսումնասիրել փաստաբանական գաղտնիքի ինստիտուտը, դրա ծագումն ու զարգացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գաղտնիքի պահպանման հետ կապված հիմնախնդիրները:
Նրա խոսքով՝ հետազոտության նպատակին հասնելու համար առաջ է քաշել հետևյալ խնդիրները․
- որոշել փաստաբանական գաղտնիքի ինստիտուտի էությունը,
- դիտարկել փաստաբանական գաղտնիքի ինստիտուտի առաջացման և զարգացման պատմությունը, փաստաբանական գաղտնիքի էությունը հասկանալու գիտական մոտեցումները դրա գոյության տարբեր ժամանակահատվածներում,
- վերլուծել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, որը կարգավորում է փաստաբանական գաղտնիքի ինստիտուտը,
- բացահայտել փաստաբանական գաղտնիքի խախտման հիմնական ձևերը և բնութագրել դրանցից յուրաքանչյուրը,
- դիտարկել իրավական և տեխնիկական միջոցներ՝ ուղղված փաստաբանական գաղտնիքի խախտումները կանխելուն:
Լիլիթ Ներսիսյանը, որը զբաղեցրեց երկրորդ հորիոզոնականը՝ խոսեց փաստաբանության ոլորտում առկա խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ կարևոր է վերանայել, թե ովքեր կարող են ստանալ փաստաբանի արտոնագիր։ Որպես խնդիր առանձնացվեց նաև հանրային պաշտպանների գերծանրաբեռնված աշխատանքի առկայությունը։ Նրա խոսքով՝ զեկույցի շրջանակներում իր կատարած հետազոտությունները խոսում են այն մասին, որ հանրային պաշտպաններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, իսկ աշխատավարձերը բավական ցածր են նման աշխատանք կատարելու համար։ Լիլիթ Ներսիսյանը նշեց ներկայումս փաստաբանների կրթական համակարգում առկա բացերի մասին, ինչպես նաև այն մասին, որ հաճախ երիտասարդ մասնագետները չեն կարողանում մտնել աշխատաշուկա՝ գործատուների կողմից պահանջվող երկարամյա փորձի առկայության պահանջի պատճառով։
Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Աննա Մահլամյանը, որը զեկույց ներկայացրեց քրեական դատավարությունում փաստաբանի մասնակցությոան վերաբերյալ։ Նրա խոսքով՝ արդարադատությունը չպետք է հիմնվի ապացույցների քանակի վրա, որոնք հակակշիռ կլինեն արդարադատությանը: Մահլամյանը նշեց՝ նախևառաջ յուրաքանչյուր գործի ուսումնասիրում պետք է բխի մարդու արդարացի շահերից:
Խրախուսական մրցանակի արժանացավ Մարիամ Մելիքսեթյանը։ Նա նշեց, որ վերջին ժամանակներս արձանագրվում են մտահոգիչ իրավիճակներ, երբ փաստաբանների նկատմամբ սոցիալական ցանցերում հնչում են վիրավորանքներ ու սպառնալիքներ նրանց կողմից հանրային բացասական վարկ կամ ընկալում ունեցող անձի շահերի պաշտպանություն իրականացնելու պատճառով: Մարիամ Մելիքսեթյանը նշեց, թե ինչ փոփոխություններ են հարկավոր՝ առկա խնդիրները լուծելու համար։
Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին գիտաժողովի կազմակերպման համար՝ հայտնելով, որ զեկույցների կազմման ընթացքում մի շարք հմտություններ են ձեռք բերել, խնդիրներ վեր հանել, ներկայացրել իրենց տեսակետները։
«Փաստաբանություն․ ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 11-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովը կազմակերպվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից։