Գրիգոր Մինասյանի հրամանով նոտարներից ու՞մ գործունեությունն է ժամանակավոր կասեցվել

Արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով «Երևան» նոտարական տարածքի (նստավայր` «Կենտրոն 1») նոտարներից մեկը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության․ կիրառվել Է կարգապահական տույժ՝ «գործունեության կասեցում» մեկ ամիս ժամկետով:

Թեպետ նախարարությունը չէր նշել, թե կոնկրետ որ նոտարի գործունեությունն է կասվել՝ Iravaban.net-ը ճշտել է, թե որ նոտարի մասին է խոսքը։

Նախարարությունից հայտնել էին, որ Արդարադատության նախարարության վերահսկողության վարչության ուսումնասիրող խմբի կողմից իրականացվել է նոտարի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում կատարված նոտարական գործողությունների ուսումնասիրություն: Նոտարի կողմից ներկայացվել է վերոհիշյալ ժամանակահատվածում կազմված թվով 1115 նոտարական գործեր, որոնցից ընտրանքային եղանակով ուսումնասիրության են ենթարկվել շուրջ 250 նոտարական գործեր, որի արդյունքում արձանագրվել են օրենքի և այլ իրավական ակտերի խախտման հատկանիշներ: Այս հիմքով արդարադատության նախարարի հրամանով հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում թվով 34 նոտարական գործերում հաստատվել են արձանագրված խախտումները:

Iravaban.net-ը հայտնում է, որ «Կենտրոն 1» նստավայրում պաշտոնավարում է 5 նոտար՝

  1. Քրիստինե Արսենյան,
  2. Ատոմ Հայրապետյան,
  3. Իննա Շահնազարյան,
  4. Նունե Սարգսյան,
  5. Տաթևիկ Սարգսյան։

Ըստ նոտարական գրասենյակներ կատարած հեռախոսազանգերի, պարզ է դարձել, որ այժմ իրենց աշխատանքը կատարում են Քրիստինե Արսենյանը, Իննա Շահնազարյանը, Տաթևիկ Սարգսյանը։

Նոտարական պալատի պաշտոնական կայքէջի հրապարակած տվյալների համաձայն նոտար Նունե Սարգսյանը 13․10․22-11․11․22թ․ ժամանակահատվածում գտնվելու է արձակուրդում, իսկ նրան փոխարինելու է նոտար Ատոմ Հայրապետյանը։  Հետևաբար, եթե կասեցված լիներ Ատոմ Հայրապետյանի գործունեությունը, ապա նա չէր կարող փոխարինող նշանակվել։

Ենթադրաբար՝ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով մեկ ամսով կասեցվել է նոտար Նունե Սարգսյանի գործունեությունը։

Մեզ չհաջողվեց այս որոշման վերաբերյալ իմանալ նաև Նունե Սարգսյանի տեսակետը, քանի որ նա չի պատասխանել մեր զանգերին։

Նունե Սարգսյանը ծնվել է 1966 թվականին Արտաշատ քաղաքում: 1983 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում: 1989 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի առաջին ատյանի դատարանում, որպես խորհրդատու: 2000 թվականից մինչև 2005 թվականը աշխատել է Երևան քաղաքի թիվ 1 նոտարական գրասենյակում, որպես օգնական: 2005 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ Արդարադատութայան Նախարարության Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար:

———————

Հավելենք նաև, որ «Նոտարիատի մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ նոտարի նկատմամբ կարող է նշանակվել հետևյալ կարգապահական տույժերից մեկը.

  • 1) նախազգուշացում.
  • 2) նկատողություն.
  • 3) խիստ նկատողություն.
  • 4) գործունեության կասեցում՝ մինչև 6 ամիս ժամկետով:

Նոտարի գործունեության կասեցման դեպքերը սահմանված են «Նոտարիատի մասին» օրենքի 16-րդ հոդվածով, ըստ որի՝

1. Նոտարի գործունեությունը կասեցվում է`

  • 1) եթե երեք ամիս անընդմեջ չի վճարել նոտարական պալատին վճարվող անդամավճարները.
  • 2) սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ մինչև 6 ամիս ժամանակով.
  • 3) սնանկ ճանաչելու դիմում ներկայացվելու դեպքում՝ սնանկության գործի ողջ ժամանակահատվածում.
  • 4) օրենքով նախատեսված այլ դեպքերում, կարգով և ժամկետներում:

2. Նոտարական գործունեության կասեցման մասին որոշումը կայացնում է արդարադատության նախարարը` նշելով գործունեության կասեցման ժամկետը: Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում նոտարի գործունեությունը կասեցվում է մինչև անդամավճարի վճարումը:

3. Նոտարի գործունեությունը կասեցված է համարվում կասեցման մասին որոշումը (հրամանը) նրան հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

4. Գործունեությունը կասեցված նոտարն իրավունք չունի կատարելու նոտարական գործողություններ և մատուցելու նոտարական այլ ծառայություններ մինչև կասեցման ժամկետի ավարտը:

5. Գործունեությունը կասեցված նոտարի կնիքը և ճզմիչ կնիքը պահպանում է նոտարական պալատը` արդարադատության նախարարի սահմանած կարգով:

6. Նոտարն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել իր գործունեության կասեցման մասին որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել