Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում գաղտնի քվեարկությամբ պատգամավորների 67 կողմ ձայնով Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել նախկին փոխնախարար Երանուհի Թումանյանցը: Նրա թեկնածությունը առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Երանուհի Թումանյանցը երեկ՝ հոկտեմբերի 5-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվեց արդարադատության փոխնախարարի պաշտոնից։
Երբ հայտնի դարձավ, որ Թումանյանցը ԲԴԽ անդամի թեկնածու է, մամուլում անդրադարձներ եղան նրա աշխատանքային կենսագրությանը։ Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածով սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները։ Հոդվածով սահմանված է․
«5. Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառություն:
6. Սույն հոդվածի իմաստով՝ մասնագիտական աշխատանքի փորձառություն է իրավունքի ոլորտում իրականացված մասնագիտական գործունեությունը:
7. Անձը կարող է ներկայացնել իր՝ հեղինակավոր իրավաբան հանդիսանալու հանգամանքի վերաբերյալ նյութեր»:
Մասնավորապես՝ 168.am-ը գրել է, որ «Թումանյանցի մասնագիտական աշխատանքի ստաժը հազիվ 14 տարին է բոլորում»։
Iravaban.net-ը ուսումնասիրելով Թումանյանցի ներկայացրած փաստաթղթերը, պարզել է, որ նրա՝ անհրաժեշտ մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու փաստը առնվազն կասկածելի է։ Այսպես օրինակ՝ Երանուհի Թումանյանցը՝ իր 2016-2021 թվականների մասնագիտական գործունեության ստաժը փորձել է հաստատել որպես «Երանուհի Թումանյանց Ստեփանի» Ա/Ձ աշխատելու հանգամանքով։ Լինելով Ա/Ձ՝ վերջինս հանդես է եկել որպես փաստաբան։
Նախ պետք է նշել, որ ինքնին անհատ ձեռնարկատեր լինելու փաստը դեռևս չի նշանակում իրականացնել մասնագիտական գործունեություն․ այն շահույթ ստանալուն ուղղված գործունեություն է (տե՛ս «Անհատ ձեռնարկատիրոջ» մասին օրենքի 1-ին հոդվածը, որով սահմանված է, որ անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:)։ Հետևապես, մասնագիտական գործունեություն իրականացնելու հանգամանքը պետք է հաստատվի համապատասխան պայմանագրերով։ Բայց, պնդել, որ անհատ ձեռնակատերը, որը իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, դեռևս չի նշանակում, որ կարող է համարվել մասնագիտական աշխատանք։ Մասնագիտական ստաժի վերաբերյալ սահմանումը նախատեսված է Աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որի՝
2) հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում են այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում կատարվել է քաղաքացու կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայականում նշված մասնագիտությամբ աշխատանք կամ զբաղեցվել է որոշակի պաշտոն կամ կատարվել է աշխատանք աշխատանքի առանձնահատուկ պայմաններում, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժում։
Այսինքն, Երանուհի Թումանյանցի կատարած գործունեությունը ոչ թե մասնագիտական աշխատանք է, այլ՝ ծառայությունների մատուցում։
Iravaban.net-ը նաև ընդգծում է, որ Երանուհի Թումանյանցի կողմից ներկայացված որոշ պայմանագրերում և այլ փաստաթղթերում (օրինակ՝ կատարողական ակտ) նշված չեն ծառայությունների մատուցման օրերը կամ հստակ ժամանակահատվածը, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել մասնագիտական ստաժի և/կամ մասնագիտական գործունեության ժամանակահատվածի իրական հաշվարկ։
Այսպիսով, Երանուհի Թումանյանցի ներկայացրած պայմանագրերը մեծամասամբ անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրավաբանական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր են, որոնք չեն կարող հաշվարկվել որպես մասնագիտական աշխատանքային ստաժ։ Հետևապես առկա է կասկած առ այն, որ նրա՝ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրությունը իրականացվել է փաստաթղթերի ոչ պաշտաճ ուսումնասիրության արդյունքում, որով ի ցույց կդրվեր թեկնածուի համապատասխանությունը օրենսդրական պահանջներին։