Թուրքիան խնդրել է Ռուսաստանին հետաձգել Անկարայի բնական գազի վճարների մի մասը մինչև 2024 թվականը՝ փորձելով մեղմել էներգակիրների բարձր գների տնտեսական վնասը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մարդկանց։
«Թուրքական պետական էներգակիրներ ներմուծող Boru Hatlari ile Petrol Tasima AS-ը կամ Botas-ը ձգտում է հետաձգել վճարումների մի մասը մինչև 2024 թվականը»,- գրում է գործակալությունը: Bloomberg-ի աղբյուրները նշում են, որ դեռ պարզ չէ՝ բանակցությունները կհանգեցնե՞ն ինչ-որ համաձայնության։
Էներգակիրների ներմուծումից Թուրքիայի մեծ կախվածությունը մեծացրել է ճնշումը նրա արժույթի և բյուջեի վրա, հայտնում է Bloomberg-ը: Գործակալությունը գրում է, որ տարեսկզբից թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 28%-ով, ինչը զարգացող շուկաների մեջ ամենամեծն է արգենտինական պեսոյից հետո։ Միևնույն ժամանակ, նշում է գործակալությունը, օգոստոսին Թուրքիայի առևտրային դեֆիցիտը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ կրկնապատկվել է և կազմել 11,2 մլրդ դոլար։