Ադրբեջանն առաջարկել է հումանիտար զինադադար հայտարարել։
Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Միխայիլ Շվիդկոյի հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ երկրի շահերից չի բխում իրավիճակի սրումը և այն ապակայունացնելը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդել է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին:
Սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է 105 զինծառայող: