Արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Մնացական Մարտիրոսյանին

Արդարադատության նախարարը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին։

Նշվում է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի մայիսի 18-ի վճիռը։

Ուսումնասիրելով վճիռը՝ Արդարադատության նախարարը 2022 թվականի մայիսի 30-ի թիվ 51-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ։

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ ԲԴԽ խորհրդի նիստը նշանակել օգոստոսի 25-ին, ժամը 15։15-ին։

Նշենք, որ Վարդան Ջհանգիրյանը նախկինում եղել է զինվորական դատախազ։ Նա ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եղբայրն է։

Հիշեցնենք, որ Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռով դեռևս 13 տարի առաջ Վարդան Ջհանգիրյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 3 տարի ազատազրկման, սակայն այն պայմանականորեն չի կիրառվել։ Վարդան Ջհանգիրյանը հետագայում ազատվել է պատժից համաներմամբ:

ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվում է, որ Վարդան Ջհանգիրյանը ոստիկանության կողմից իրականացված գործուղության ժամանակ անհարկի բռնության է ենթարկվել և այդ առնչությամբ մարմինների կողմից արդյունավետ քննություն չի իրականացվել։ Ձերբակալության ժամանակահատվածում ժամանակին և պատշաճ բժշկական օգնություն չի ստացել, պատշաճ բուժում և խնամք չի իրականացվել։

Նշվում է, որ ողնաշարի հիվանդությամբ տառապող և շարժողական խնդիրներ ունեցող դիմումատուին մեքենա վարելու ընթացքում կանգնեցրել է ոստիկանությունը և ձերբակալել նրան։ Այնուհետև նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, և նա մեղադրվել է ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Գործը վերաբերում է դիմումատուի պնդումներին՝ կապված ձերբակալության ընթացքում իր նկատմամբ անհամաչափ ուժ գործադրելու, մարմինների կողմից գործի արդյունավետ քննություն չիրականացվելու, կալանքի տակ գտնվելու ընթացքում ժամանակին և պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերվելու և չնայած վատառողջ լինելուն՝ դատական լսումներին իր մասնակցությունը հարկադրաբար ապահովելու հետ։

Ըստ Վարդան Ջհանգիրյանի ներկայացրած դիմումի՝ 2008 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, նա և եղբայրը՝ Գագիկ Ջհանգիրյանը Վ․ Ջհանգիրյանի վարած մեքենայով վերադառնալիս են եղել Երևան։ Արգավանդ գյուղի մոտ գտնվող խաչմերուկում մեքենան արգելակելիս նրանց վրա է հարձակվել դիմակավորված և զինված անհայտ անձանց մի խումբ, որոնք, ինչպես պարզվել է հետագայում, եղել են ոստիկանության ծառայողներ։ Այս անձինք իրենց առանց համարանիշի մեքենայով բախվել են նրանց մեքենային՝ փակելով նրանց ճանապարհը, դուրս են եկել մեքենայից և իրենց ատրճանակներից կրակ արձակելով՝ շրջապատել են նրանց մեքենան։

Վարդան Ջհանգիրյանը նշել է, որ ինքը և Գագիկ Ջհանգիրյանը ծեծի են ենթարկվել հատուկ օպերատիվ խմբի երեք անձանց կողմից, որոնք իրենց գցել են գետնին և սկսել ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել իրենց մարմնի տարբեր մասերին։ Գ.Ջ.-ն, տեսնելով իր եղբոր անօգնական և արյունաշաղախ վիճակը, խնդրել է ոստիկաններին չհարվածել նրան, քանի որ ունի ողնաշարի հիվանդություն։ Սակայն ոստիկանները կանգ չեն առել, այլ ընդհակառակն, սկսել են առավել ուժգին հարվածներ հասցնել նրան՝ թիրախավորելով ողնաշարը։ Դիմումատուն պնդում է, որ թե՛ ինքը և թե՛ Գ.Ջ.-ն բազմաթիվ մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանների կողմից գործադրված բռնության հետևանքով։ Այնուհետև 2008 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 22։30-ից մինչև 2008 թվականի փետրվարի 24-ը՝ ժամը մոտ 00։50-ը, նա պահվել է ԿՀՊԳՎ-ում։ Քանի որ հրազենից ստացված նրա վերքը արյունահոսում էր, ոստիկանները նրա աթոռի վրա տեղադրել են թղթի հաստ շերտ՝ արյան հետքերը թաքցնելու համար։

ՄԻԵԴ-ի որոշումը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել