Փոփոխություն է կատարվել ԱՊՊԱ պայմանագրի հետ կապված իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերում։ Որոշ դեպքերում տուգանքները նվազեցվել են։
Օրենքը՝ փոփոխված և լրացված տարեբարկով ուժի մեջ է մտել հուլիսի 29-ին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 129.2-րդ հոդվածով սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալու, առանց տվյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելու, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու համար նախատեսված պատիժները։
Iravaban.net-ը հայտնում է, որ փոփոխությունների համաձայն․
1․ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան 10 օր`առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր 10 օրվա համար` 5․000 դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 50․000 դրամը: (Նախկինում՝ 100․000 դրամ)
2․ Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100․000 դրամի չափով։
3․ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով ՀՀ տարածք ներմուծումը թույլատրելը, եթե ԱՊՊԱ պայմանագիր ունենալը տրանսպորտային միջոցը վարելու միջոցով ՀՀ տարածք ներմուծումը թույլատրելու` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է`առաջացնում է տուգանքի նշանակում` համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ` 500․000 դրամի չափով:
4․ Եթե 2-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմին (պաշտոնատար անձին) է ներկայացնում համապատասխան ապացույց (ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող պայմանագիր): Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին: