Քրեական օրենսգրքով պատիժներ են նախատեսված նոտարի գործունեությանը միջամտելու, նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելու, ինչպես նաև նոտարի մոտ կեղծ երդում տալու համար։
Iravaban.net-ը հայտնում է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենսգրքի 498-րդ հոդվածով սահմանված է․
1. Նոտարին նոտարական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ նրա գործունեությանը ցանկացած այլ եղանակով միջամտելը՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Նշված արարքը, որը կատարվել է նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով՝
պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:
Վերոնշյալ արարքները, որոնք կատարվել են իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:
499-րդ հոդվածով նախատեսված են նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելու համար պատիժները, ըստ որի՝ նոտարին սուտ տեղեկություն հաղորդելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով։
Իսկ նոտարի մոտ կեղծ երդում տալու համար պատիժը նախատեսված է 500-րդ հոդվածով, որի համաձայն՝
1. Դատարան կամ պետական այլ մարմին ներկայացնելու նպատակով նոտարի մոտ արված բանավոր հայտարարությունը ճշմարտացի լինելու վերաբերյալ կեղծ երդում տալը՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
2. Նշված արարքը, որը կատարվել է շահադիտական դրդումներով՝
պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 100-200 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
3. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության սույն հոդվածով նախատեսված արարքը կատարելու համար, եթե իր բանավոր հայտարարության ճշմարտացի չլինելը որևէ նշանակություն չէր կարող ունենալ դատարանում կամ պետական այլ մարմնում:
———
Հավելենք, որ ՔՕ 59-րդ հոդվածով սահմանված է, որ․
- Տուգանքը որպես հիմնական պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի հնգապատիկից հիսնապատիկի չափով։
- Տուգանքը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել ծանր և առանձնապես ծանր՝ գույքային վնաս պատճառելու հետ կապված կամ շահադիտական դրդումներով կատարված հանցագործությունների համար՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի կրկնապատիկից քսանապատիկի չափով: