Ի՞նչ է անվտանգության միջոցը, որո՞նք են այն նշանակելու պայմանները, ի՞նչ միջոցներ կարող են նշանակվել

Հուլիսի 1-ից ուժւ մեջ մտած Քրեական նոր օրեսնգրքով անդրադարձ է կատարվել անվտանգության միջոցներին, որը նոր հասկացություն է։

Iravaban.net-ը հայտնում է, որ օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված է, թե ինչ է անվտանգության միջոցների հասկացությունը, և որն է նպատակը։ Այսպիսով․

1. Անվտանգության միջոցը պետական հարկադրանքով ապահովված քրեաիրավական ներգործության միջոց է, որը դատարանի դատավճռով կամ որոշմամբ պետության անունից նշանակվում է պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից կամ ազատություններից սույն գլխով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ (օրինակ՝ որոշակի վայրեր այցելելու արգելք, հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի և առարկայի բռնագրավում):

2. Անվտանգության միջոցների նպատակն է կանխել պատժի սպառնալիքով արգելված արարքների կատարումը:

112-րդ հոդվածով սահմանված են անվտանգության միջոցներ նշանակելու պայմանները․

1. Դատարանը կարող է նշանակել անվտանգության միջոց, եթե համարի, որ սույն օրենսգրքով պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձը կրկին կարող է այդպիսի արարք կատարել, կամ անվտանգության միջոցի կիրառումն անհրաժեշտ է իր կամ այլ անձի անվտանգությունն ապահովելու համար: Սույն օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված անվտանգության միջոցի նշանակման վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ անձի նկատմամբ դրա կիրառման անհրաժեշտության և առավել արդյունավետ իրականացման եղանակների վերաբերյալ փորձագետի, իսկ սույն օրենսգրքի 115-րդ (Հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը) և 116-րդ (Հարկադիր բուժումը հոգեբուժական կազմակերպություններում) հոդվածներով նախատեսված անվտանգության միջոցների նշանակման վերաբերյալ՝ բժշկական-մասնագիտական հանձնաժողովի տված եզրակացությունը:

2. Անվտանգության միջոց կարող է նշանակվել պատժի հետ զուգակցված, եթե դատարանը հիմնավորի, որ միայն պատիժ կիրառելով հնարավոր չէ վերացնել անձի կողմից նոր հանցանքի կատարման հավանականությունը։ Անվտանգության միջոց կարող է նշանակվել նաև առանց պատժի հետ զուգակցելու՝ որպես ինքնուրույն ներգործության միջոց, այդ թվում՝ անձին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս:

3. Անձի կողմից կատարված և պատժի սպառնալիքով արգելված մեկ արարքի համար կարող են նշանակվել մեկից ավելի անվտանգության միջոցներ:

Պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ կարող են նշանակվել անվտանգության հետևյալ միջոցները.

1) բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ՝

ա. հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում,

բ. ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում,

գ. հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում,

2) որոշակի վայրեր այցելելու արգելք,

3) հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն:

Սա էլ սահմանված է 113-րդ հոդվածով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել