ՀՀ քրեական նոր օրենսգրքում անդրադարձ է կատարվել նաև ագրեսիային։
Iravaban.net-ը հայտնում է, որ համաձայն ՔՕ 149-րդ հոդվածի՝ պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը` պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Այս բաժնում ագրեսիա է համարվում հետևյալ արարքներից որևէ մեկը, եթե այն իր բնույթով, լրջությամբ ու ծավալով ակնհայտորեն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության կոպիտ խախտում է`
1) պետության զինված ուժերի ներխուժումը կամ հարձակումը մեկ այլ պետության տարածքի վրա կամ այդպիսի ներխուժման կամ հարձակման արդյունքում այդ պետության տարածքի կամ դրա մասի օկուպացիան՝ անկախ դրա տևողությունից, ինչպես նաև ուժի գործադրմամբ այդ պետության տարածքի կամ դրա մի մասի անեքսիան,
2) պետության զինված ուժերի կողմից մեկ այլ պետության տարածքի ռմբակոծումը կամ այդ տարածքի դեմ որևէ զենքի օգտագործումը,
3) պետության զինված ուժերի կողմից մեկ այլ պետության նավահանգիստների կամ ափերի շրջափակումը,
4) պետության զինված ուժերի կողմից մեկ այլ պետության ցամաքային, ծովային կամ օդային զինված ուժերի վրա կամ ծովային կամ օդային նավատորմի վրա հարձակումը,
5) պետության կողմից մեկ այլ պետության տարածքում այդ պետության համաձայնությամբ գտնվող զինված ուժերը համաձայնության պայմաններին հակասող եղանակով օգտագործելը կամ այդպիսի համաձայնության դադարեցումից հետո դրանց ներկայությունը շարունակելը,
6) պետության կողմից թույլատրելը, որպեսզի իր տարածքը, որը վերջինս տրամադրել է մեկ այլ պետության, օգտագործվի այդ պետության կողմից երրորդ պետության դեմ ագրեսիա իրականացնելու համար,
7) պետության կողմից կամ անունից զինված խմբեր կամ խմբավորումներ, անկանոն զորամիավորումներ կամ վարձկաններ ուղարկելը, որոնք այլ պետության դեմ իրականացնում են ռազմական այնպիսի գործողություններ, որոնք իրենց լրջությամբ համարժեք են սույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով նախատեսված արարքներին, կամ նման արարքներում այդ պետության էական ներգրավումը,
8) այլ արարքներ, որոնք ագրեսիա են համարվում միջազգային իրավունքի համաձայն: