«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ սահմանված են կենսաթոշակից պահումներ կատարելու դեպքերը։
Iravaban.net-ը հայտնում է, որ օրենքի համաձայն՝ կենսաթոշակից պահումներ են կատարվում՝
1) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշմամբ, եթե`
ա. կենսաթոշակառուն ներկայացրել է սխալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր կամ տեղեկություն չի ներկայացրել իր ընտանիքի անդամների թվի փոփոխության մասին, կամ չի տեղեկացրել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող էր հանգեցնել կենսաթոշակի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն,
բ. սխալմամբ (օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին վճարվել են ավելի գումարներ.
2) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակից պահումներ կատարելու մասին որոշում է ընդունում, եթե ավելի վճարված գումարի չափը չի գերազանցում որոշումն ընդունելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը, և առկա է կենսաթոշակառուի գրավոր համաձայնությունը: Եթե ավելի վճարված գումարի չափը գերազանցում է որոշումն ընդունելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը, կամ առկա չէ կենսաթոշակառուի գրավոր համաձայնությունը, ապա պահումները կատարվում են դատական կարգով:
Անկախ՝ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավելի վճարված կենսաթոշակի գումարների չափից` այդ գումարները կարող են հետ գանձվել անձի (կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման աշխատողի, կենսաթոշակառուի, նրա օրինական ներկայացուցչի, նրանց փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի կամ այլ անձի) և կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման փոխհամաձայնությամբ կազմված ժամանակացույցի հիման վրա:
Կենսաթոշակից կատարված (հաշվարկված) պահումների գումարը պահանջատիրոջն է փոխանցվում տվյալ ամսվա կենսաթոշակի` կենսաթոշակառուին վճարման ենթակա գումարն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակառուին վճարելուց հետո:
Հաշմանդամության կենսաթոշակից, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակից կատարողական թերթով պահումներ կատարվել չեն կարող: