Սոցփաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցփաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը բանկից ստանում է սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք (տեղեկանքում նշված է լինում, որ հաշիվը՝ հանդիսանում է սոցփաթեթի հատուկ հաշիվ)՝ սոցփաթեթի շահառու կազմակերպությանը կամ բանկին ներկայացնելու համար:
Սա սահմանված է ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ։
Iravaban.net-ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում է, որ սոցփաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողն` առաջին անգամ սոցփաթեթի հաշիվ բացելու, այլ բանկում սոցփաթեթի հաշիվ բացելու դեպքերում, լրացնում է սոցփաթեթի գումարի փոխանցման մասին դիմում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ձևի, որը նշված տեղեկանքի հետ միասին, ներկայացվում է աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանում:
Տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում վեց ամսվա աշխատանքային ստաժը լրացած աշխատողի` սոցփաթեթից օգտվելու իրավունքի ծագման ամիս է համարվում վեց ամսվա աշխատանքային ստաժը լրանալու ամիսը, սակայն պատասխանատու ստորաբաժանումը սոցփաթեթի գումարն աշխատողին փոխանցում է վերը նշված դիմումը և տեղեկանքն իրեն ներկայացնելու ամսվանից սկսած։ Տվյալ դեպքում՝
1) շահառուին տվյալ բյուջետային տարվա համար սոցփաթեթը տրամադրվում է տվյալ ամսվանից սկսած` մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտն ընկած ժամանակահատվածի ամիսների համար.
2) որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրով աշխատող սոցփաթեթի շահառուին՝ տվյալ բյուջետային տարվա համար սոցփաթեթը ևս տրամադրվում է տվյալ ամսվանից սկսած` մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտն ընկած ժամանակահատվածի ամիսների համար, սակայն ոչ ավելի, քան մինչև պայմանագրով սահմանված ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածի ամիսների համար.
3) վերը նշված դիմումը և տեղեկանքը պատասխանատու ստորաբաժանում ներկայացնելու ամսվա համար սոցփաթեթի գումարը ենթակա է փոխանցման շահառուին, եթե նա տվյալ ամսում ունեցել է նույնիսկ մեկ աշխատանքային օր:
Ե՞րբ է կատարվում սոցիալական փաթեթի գումարի փոխանցումը
Աշխատողի սոցփաթեթի հաշվին սոցփաթեթի առաջին գումարի փոխանցումը սոցփաթեթի շահառու կազմակերպության՝ սոցփաթեթի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետով սահմանված դիմումն իրեն ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:
Սոցփաթեթի գումարների հերթական (ամենամսյա) փոխանցումներն իրականացվում են մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Դեկտեմբեր ամսվա սոցփաթեթի գումարը փոխանցվում է մինչև ընթացիկ բյուջետային տարվա դեկտեմբերի 20-ից 25-ը:
Սոցփաթեթի շահառուից անկախ հանգամանքների հետևանքով առաջացած դեպքերում (այդպիսիք են համարվում պետական մարմնի հաստիքացուցակով նախատեսված այնպիսի հաստիք զբաղեցնելը, որում պետական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ինչպես նաև առանց պաշտոնից ազատվելու օտարերկրյա պետություն ծառայության գործուղվելը կամ խաղաղապահ առաքելություններին մասնակցելը, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքների սահմանամերձ վայրերում տարերային բնույթի երևույթների (ձնաբուք և այլն) հետևանքով առաջացած ճանապարհային անանցանելիության դեպքերում պետական ծառայությունն իրականացնելը) այդ հանգամանքների հետևանքները դադարելուց անմիջապես հետո` մեկ ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարելու դեպքում` սոցփաթեթի շահառուի` տվյալ բյուջետային տարվա հասանելիք, սակայն նշված հանգամանքների հետևանքով չփոխանցված սոցփաթեթի գումարները ևս միանվագ փոխանցվում են շահառուի սոցփաթեթի հաշվին: