Դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները պետք է ապահովեն քաղաքացու իրավական անվտանգությունը. Կարեն Զադոյան

Այսօր՝ հունիսի 14-ին, ընթանում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մասնակցային եղանակով մշակած ՀՀ դատական և իրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցների ներկայացման շնորհանդեսը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր բացման խոսքում անդրադարձավ երկու զեկույցների արդյունքներին, վեր հանված խնդիրներին։

«Ցանկանում եմ կատարել մի քանի կարևոր նկատառումներ.

ա/ Մասնագիտական քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունների և կառավարություն փոխհարաբերությունների ներկան և համագործակցության տեսլականը.

Ներկա փուլում մասնագիտական քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունները ունեն մեկ գերխնդիր` այն է վերահսկել կառավարության կողմից հակակոռուպցիոն, դատաիրավական, ՄԻՊ, ոստիկանության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, այլ ոչ թե նախաձեռնել նոր համակարգային բարեփոխումներ: Եվ մասնագիտական քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունների և կառավարության փոհարաբերությունները պետք է կառուցվեն այս ուղենիշի վրա: Մասնագիտական քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունները պետք  է հասարակական վերահսկողության ենթարկեն վերը նշված ոլորտների բարեփոխումների ռազմավարություններն ու ընթացքը, վեր հանեն բացերը, խնդիրները, կոռուպցիոն ռիսկերը և, այդ ռազմավարությունների բարելավման մասնագիտական առաջարկությունների տեսքով, դրանք ներկայացնեն գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններին, միջազգային կազմակերպություններին և հանրությանը:

Կառավարությունը  հանձինս իր ոլորտային մարմինների պետք է ցուցաբերի պրոֆեսիոնալ մոտեցում և ըմբռնում` վերոնշյալ ոլորտներում հասարակական վերահսկողություն իրականացնող  մասնագիտական քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունների հետ համագործակցելու, առաջարկությունների հետ հաշվի նստելու և ոլորտային ռազմավարությունների բարելավման համար դրանք կիրառելու համար:

Արդարադատության ոլորտի լիազոր մարմինները պետք է զերծ մնան յուրային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ միայն ցուցադրական, ոչ արդյունավետ փոխահարբերությունների կառուցումից և անցում կատարեն մասնագիտական քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունների հետ հորիզոնական, խորը,  արդյունավետ փոխհարաբերությունների, որոնք արդարադատության ոլորտում յուրաքանչյուր քաղաքացու կյանքում կբերեն դրական փոփոխություններ:

Արդարադատության և հարակից ոլորտների բարեփոխումների իրականացման համար տրված ժամկետը անսպառ չէ, քաղաքացին ցանկանում է օր առաջ տեսնել դրանց արդյունքները, այժմ պրոֆեսոնալ, բարեվարք գործելու և քաղաքացիական հասարակության մասնագիտական ներուժի համախմբման ժամանակն է, որը չիրականացնելով` արժեզրկվելու են բարեփոխումները` հանգեցնելով քաղաքացու հիասթափությանն ու անտարբերությանը:

բ/ Դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունների հանրային վերհսկողության իրականացման արդյունքները.

Դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումների ռազմավարությունների հանրային վերհսկողության իրականացման արդյունքում կատարվել են հետևյալ եզրահանգումները.

  • Դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումների ռազմավարությունների ցածր կատարողական ցուցանիշները,
  • Ռազմավարությունների իրականացման համար պատասխանատու պատկան մարմինների միջև արդյունավետ համագործակցության ցածր ցուցանիշները,
  • Մասնագիտական քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունների և ռազմավարության համար պատասխանատու մարմինների միջև արդյունավետ համագործակցության ցածր ցուցանիշները,
  • Ռազմավարությունների իրականացումը ավելի շատ շղարշային բնույթ է կրում Հայաստանի Հանրապետության համար, ավելի շատ ավելացված արժեք է ապահովում միջազգային հանրության համար,
  • Դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումների իրականացման ինստիտուցիոնալ հենքը արդար մրցույթների միջոցով ընտրված պրոֆեսիոնալ և բարեվարք կադրերն են, ոչ թե սեփական քաղաքական նկատառումներով, մրցութային շղարշների քողի տակ նշանակվածները,
  • Դատաիրվական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները պետք է ապահովեն քաղաքացու իրավական անվտանգությունը, այլ ոչ թե միայն ապահովեն այդ ռազմավարություներով նախատեսված գործողությունների դրական գնահատականը` տարբեր նշումների տեսքով»,-մանրամասնեց նա։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել