Հայաստանի Հանրապետության 2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության առաջին ոլորտը վերաբերում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացմանը։ Այս ոլորտին ուղղված գործողությամբ նախատեսված է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը և բնականոն գործունեության ապահովումը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցը։
ՀՀ հակակոռուպցիոն 2019-2022 թթ․ ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների որակական ազդեցությունը գնահատելու նպատակով իրականացվել է նաև ընդունված իրավական ակտերի իրավական վերլուծության։
Այս վերլուծությամբ եզրահանգվել է, որ անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ձևավորմանն ուղղված գործողությունները չեն համապատասխանում նպատակին։
Անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ձևավորում
Առանձնահատուկ նպատակի կատարման վերաբերյալ Արդարադատության նախարարության հաշվետվությունը
Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման մեկնարկն ապահովելու նպատակով կայացել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթը, որի արդյունքներով հաղթող ճանաչված 3 թեկնածուներից մեկը Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1479-Ա որոշմամբ նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում:
Նախագահի նշանակմամբ սկսվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը, որի շրջանակներում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից մեկամսյա ժամկետում ընդունվել են մի շարք առաջնային նշանակության որոշումներ, այդ թվում՝ Կոմիտեի կառուցվածքը հաստատելու մասին որոշումը, ինչից հետո՝ եռօրյա ժամկետում, ներկայացված առաջարկության հիման վրա Հատուկ քննչական ծառայությունից 30 աշխատակիցներ զբաղեցրել են ինքնավար թափուր պաշտոններ Հակակոռուպցիոն կոմիտեում, ինչի արդյունքում 2021 թվականի հոկտեմբերի 23-ին ձևավորվել է Հակակոռուպցիոն կոմիտեն և դադարեցվել է Հատուկ քննչական ծառայության գործունեությունը: Ներկայումս, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների հաստիքների համալրման նպատակով ձևավորվել է համապատասխան մրցութային հանձնաժողով, որն ընդունել է օրենքով սահմանված իրավական ակտերը և ներկայումս իրականացնում է հաստիքների համալրման գործընթացը:
Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ստեղծման, նյութատեխնիկական միջոցներով ապահովելու նպատակով օգտագործվող ֆինանսական միջոցների վերաբերյալ հարկ է նշել, որ Եվրոպական միությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Կառավարությանը 2020 թվականին հատկացրել է բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված ընդհանուր 30 միլիոն եվրո բյուջեի առաջին փուլի համար նախատեսված գումարը՝ 9 մլն եվրոյին համարժեք 5,707.8 մլն դրամ (հինգ միլիարդ յոթ հարյուր յոթ միլիոն ութ հարյուր հազար), որից՝ 1,429.1 մլն դրամը (մեկ միլիարդ չորս հարյուր քսանինը) ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 258-Ն որոշմամբ նախատեսված էր հատկացնել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ապահովման, տրանսպորտային սարքավորումներով և տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով։ Ընդ որում, վերոնշյալ որոշմամբ նախատեսված ծրագրերի և միջոցառումների գծով մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը կատարող է սահմանվել Արդարադատության նախարարությունը։
Նշված ծախսերը նախատեսվել էին հուլիսից-դեկտեմբեր ժամանակահատվածի համար։ Հաշվի առնելով, որ օրենսդրական կարգավորմամբ պայմանավորված Կոմիտեի փաստացի գործունեությունը սկսվել է հոկտեմբեր ամսվա կեսերից և հիմք ընդունելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված հաշվարկները, Արդարադատության նախարարության կողմից շրջանառվել և ընդունվել է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1852-Ն որոշումը, որով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունն ապահովելու նպատակով 2021 թվականին հատկացվել է շուրջ 870.6 մլն դրամ (ութ հարյուր յոթանասուն միլիոն վեց հարյուր հազար) 1,429.1 մլն դրամի փոխարեն (մեկ միլիարդ չորս հարյուր քսանինը), այդ թվում՝ «1231․ Հակակոռուպցիոն գործերի քննության ապահովում» ծրագրի «11001․ Կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացում» միջոցառման գծով 341.1 մլն դրամ (երեք հարյուր քառասուն մեկ միլիոն հարյուր հազար), «1228․ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգի իրականացում» ծրագրի «31003․ Հակակոռուպցիոն կոմիտեի տեխնիկական հագեցվածության ապահովում» միջոցառման գծով 409.5 մլն դրամ (և «31005․ Հակակոռուպցիոն կոմիտեի տրանսպորտային սարքավորումներով հագեցվածության ապահովում» միջոցառման գծով 120,0 մլն դրամ (հարյուր քսան միլիոն դրամ):
Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ստեղծման, նյութատեխնիկական միջոցներով ապահովելու ուղղությամբ, 2021 թվականին իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
– Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության առանձնահատկությունների հաշվառմամբ, վերջինիս ժամանակակից շենքային պայմանների ապահովման նպատակով՝ Կառավարության որոշման համաձայն՝ Երևան քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող՝ Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց N 86 հասցեում 15 հա մակերեսով հողատարածքը ամրացվել է Արդարադատության նախարարությանը։ Կառավարության որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեին հատկացվել են ֆինանսական միջոցներ Արդարադատության նախարարության կարիքների համար՝ վերոնշյալ հասցեում Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով: Քաղաքաշինության կոմիտեի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 10-ին բաց մրցույթ գնման ընթացակարգով կազմակերպվել է գնման գործընթաց, որի շրջանակներում հաղթող ճանաչված «Նորաշեն» ՆՏ ԱԿ ընկերության հետ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին կնքվել է պետական գնման պայմանագիր՝ 48 000 000 ՀՀ դրամ արժեքով:
– Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականի մարտի 24-ի Օրենքում, մինչև դրա ընդունումը կատարվել էին համապատասխան փոփոխություններ, որոնք, այլ մարտահրավերների հետ մեկտեղ, հանգեցրել էին մակերեսի ավելացմանը, և վերանայվել էր տեխնիկական առաջադրանքը, Կառավարության որոշմամբ իրականացվել են համապատասխան փոփոխություններ, մասնավորապես՝ Կոմիտեի շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայության մատուցման 2020 թվականի դեկտեմբերի 16-ի պետական գնման պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը և պայմանագրի գինն ավելացվել է 13,000,000 դրամով:
– Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են, ներկայումս իրականացվում է վերջիններիս համալիր փորձաքննությունը:
– Հաշվի առնելով այն, որ Կոմիտեի շենքի կառուցումը, ըստ կանխատեսումների, կիրականացվի 3-4 տարվա ընթացքում՝ որպես միջանկյալ լուծում նախատեսվել է, որ Կոմիտեի քննչական գործառույթներ իրականացնող անձինք՝ համապատասխան տեխնիկական անձնակազմով, տեղակայվելու են Հատուկ քննչական ծառայության շենքում։
– Զուգահեռաբար, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց ժամանակավոր տեղակայելու նպատակով Արդարադատության նախարարությանը ամրակցված՝ ք. Երևան, Մոսկովյան 1 հասցեում գտնվող շինությունը վերանորոգվել և կահավորվել է, Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 1744-Ա որոշմամբ ք. Երևան, Մոսկովյան 1 հասցեում գտնվող շինությունը համապատասխան գույքով ամրակցվել է Հակակոռուպցիոն կոմիտեին:
– Հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունների շրջանակը, քննարկվում է դրան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովելու հարցը: Մասնավորապես, միջազգային գործընկեր կառույցների հետ համագործակցության շրջանակներում, վերջիններիս կողմից ներկայացվել են անհրաժեշտ տեխնիկական միջոցների առաջարկներ:
Նշվածից բացի, Ազգային ժողովի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՕ-391-Ն օրենքով Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումն ապահովող միջոցները նախատեսված են առանձին տողով՝ 1231 ծրագրի 11001, 11002 և 11003 միջոցառումների, ինչպես նաև օրենքի N 6 հավելվածով նախատեսված միջոցների շրջանակներում։
Բացի այդ, Կառավարության 2021 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 1171-Ն որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ապահովմանն ուղղվող ծախսերը նախատեսվել են Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախնական հայտին համապատասխան և ներկայացված են վերոնշյալ որոշման N 6 հավելվածում, առանձին տողով (2022-2024 ՄԺԾԾ ցուցանիշների ծրագրավորման փուլում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի ուժով Հակակոռուպցիոն կոմիտեն՝ որպես հայտատու մարմին ստեղծված չէր)։
◊Առանձնահատուկ նպատակի կատարման համապատասխանության վերլուծություն
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքը նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացված մրցույթի նպատակով ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերը
Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման համար ընդունվել են հետևյալ հիմնական իրավական ակտերը՝
- Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն ՀՀ օրենքը:
- «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 895-Ն որոշումը։
- «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը սահմանելու մասին» N 896-Ն որոշումը։
- «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» N 989-Ն որոշումը:
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 24.03.2021 թ․-ին և ուժի մեջ է մտել 23.10.2021 թ․-ին։ Օրենքը նախատեսում է Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները: Կոմիտեի հիմնական իրավասությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումն է: Միաժամանակ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն:
Ուսումնասիրելով վերը նշված Օրենքը, հարկ է նշել, որ դրանում առկա են բացթողումներ և խնդրահարույց կարգավորումներ, որոնք դե ֆակտո բացառում են անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ձևավորումը։
Նախքան Օրենքի առանձին կարգավորումներին անդրադառնալը, կարևոր է արձանագրել, որ Օրենքում ապահովված չեն Կոմիտեի ձևավորման համար միջազգային փորձի շրջանակներում ընդունված ընդհանուր չափանիշներից հիմնականները։
Այսպես․
1․ Օրենքով երաշխավորված չէ Կոմիտեի փաստացի անկախությունը: Կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի արդյունավետությունը պահանջում է, որ այդ պայքարը ընթանա իրավունքի գերակայության միջավայրում և ապահովված լինի կայուն սահմանադրաիրավական հիմքով: Ըստ Օրենքի՝ Կոմիտեն չի դասվում Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմինների շարքին, այսինքն սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում չի երաշխավորվում այդ մարմինների անկախությունը, ինչպես նաև այն չի դասվում Սահմանադրությամբ նախատեսված ինքնավար մարմինների շարքին: Կոմիտեն համարվելու է որպես օրենքով ստեղծված քննչական մարմին, որին անկախության երաշխիքներ տրվելու են միմիայն օրենսդրական կարգավորումների մակարդակում: Այսինքն, հակակոռուպցիոն մարմնի անկախության շրջանակների որոշումն ուղղակիորեն թողնվել է այդ պահի գործող քաղաքական իշխանության հայեցողությանը, քանի որ սահմանվել այդ մարմնի անկախության շրջանակները նեղացնելու առավել պարզեցված և հեշտ ընթացակարգ: Ավելին, Օրենքում անկախությունը նախատեսված է միայն որպես գործունեության սկզբունք, մինչդեռ հարկ է նկատի ունենալ, որ օրենքում առկա մի շարք կարգավորումների համադրությունը վկայում է, որ տրվող անկախության երաշխիքները բավարար չեն, որպեսզի Կոմիտեն գործի անկախ և այդ կարգավորումներն իրենց մեջ Կոմիտեի գործունեությանը հնարավոր քաղաքական ազդեցությամբ ներազդելու և միջամտելու ռիսկեր են պարունակում:
Օրենքի առանձին կարգավորումների վերաբերյալ
2․ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի գործունեության սկզբունքներից են անկախությունը և քաղաքական չեզոքությունը, 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի ծառայողն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքներին։ Թվում է, թե վերոնշյալ կարգավորումները, Կոմիտեին տրվող անկախության այն հիմնական և բավարար երաշխիքներն են, որոնք կբացառեն Կոմիտեի գործունեությանը ցանկացած ձևի միջամտությունն ու կերաշխավորեն գործունեության անկախությունը, բայց Օրենքի 18-րդ հոդվածի կարգավորումները հակառակն են փաստում: Այսպես, հիշյալ հոդվածի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ): Խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից: Խորհուրդը համարվում է ձևավորված դրանում առնվազն չորս անդամի ներգրավումից հետո: Սահմանված ժամկետում առնվազն չորս անդամի չնշանակվելու դեպքում Խորհուրդը համարվում է չձևավորված, և վարչապետի աշխատակազմի ղեկավարը Օրենքով սահմանված կարգով ձևավորում է նոր Խորհուրդ: Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
Կառավարությունը, Կոմիտեի մասին օրենքի 11-րդ հոդվածի համաձայն նշանակում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ վեց տարի ժամկետով: Այսինքն, ՀՀ կառավարությանը իրավասություն է տրվել իր հայեցողությամբ Կոմիտեի նախագահի մրցութային հիմունքներով ընտրած թեկնածուներից մեկին ընտրել Կոմիտեի նախագահ: Ընդ որում, պրակտիկան ցույց է տալիս, որ նմանատիպ որոշումներ շատ դեպքերում ընդունվում են հենց Վարչապետի կողմից՝ միանձնյա, իսկ Կառավարությունը զուտ հաստատում է այդ որոշումը։
Նմանատիպ կարգավորումների առկայությունը հակասում է Ջակարտայի սկզբունքներին, որոնց համաձայն՝ հակակոռուպցիոն անկախ մարմինների ղեկավարները պետք է նշանակվեն մի գործընթացի միջոցով, որն ապահովում է նրա ապաքաղաքական դիրքորոշումը, անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճություն ու իրավասությունը: ՀՀ կառավարությանը և վարչապետին հնարավորություն է տրվել քաղաքականապես չեզոք թեկնածուների փոխարեն Կոմիտեի նախագահ նշանակելու իշխանությունների համար ցանկալի թեկնածուի՝ մեծացնելով Կոմիտեի գործունեության վրա քաղաքական ազդեցություն ունենալու ռիսկերը:
Այսպիսով, մի կողմից հաշվի առնելով այն, որ Կոմիտեի նախագահը չի կարող ընտրվել Ազգային ժողովի կողմից, քանի որ Կոմիտեն չի համարվում անկախ սահմանադրական մարմին, ինչպես նաև, ըստ ընդունված Օրենքի այն նաև չի համարվում ինքնավար մարմին, մյուս կողմից էլ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության կողմից Կոմիտեի նախագահի նշանակումն իր մեջ քաղաքական ազդեցության ռիսկեր է պարունակում, որը չի բխում միջազգային, այդ թվում՝ Ջակարտայի սկզբունքներից, ուստի առավել օբյեկտիվ և անկախ կլիներ, որ մրցութային խորհրդի որոշմամբ առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն նշանակվի Կոմիտեի նախագահ: Այս դեպքում կառավարության նշանակումը կկրեր զուտ արարողակարգային բնույթ։
3․ Օրենքի 8-րդ հոդվածը վերաբերում է Կոմիտեի ֆինանսական ինքնուրույնությանը, որի համաձայն՝ Կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է Կոմիտեի տվյալ տարվա պետական բյուջեով Կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի ֆոնդի երկու տոկոսին հավասար պահուստային ֆոնդ, որից հատկացումները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի որոշմամբ: Հաշվի առնելով, որ Կոմիտեի ծառայողները Օրենքի կարգավորումների համաձայն ստանալու են համեմատաբար բարձր աշխատավարձեր, ինչն էլ ենթադրում է, որ Կոմիտեի պահուստային ֆոնդի գումարի չափը փոքր չի լինելու, ստացվում է, որ Կոմիտեի նախագահը միանձնյա և հայեցողական որոշմամբ իրավասու է հատկացումներ կատարել պահուստային ֆոնդից։
4․ Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի նախագահն ունի երեք տեղակալ, որոնց Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը: Հարկ է նշել, որ Ջակարտայի սկզբունքների համաձայն՝ հակակոռուպցիոն մարմիններն իրենք պետք է լիազորություն ունենան հավաքագրելու և հեռացնելու իրենց անձնակազմի անդամներին, հետևաբար ՀՀ վարչապետի կողմից Կոմիտեի նախագահի տեղակալների նշանակումն ինքնին քաղաքական ազդեցության ռիսկեր կարող է իր մեջ պարունակել: Հետևաբար, առաջարկում ենք, որ Կոմիտեի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակի և պաշտոնից ազատի Կոմիտեի նախագահը:
5․ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին, պարգևատրում է հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց։ Օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա: Հարկ է նշել, որ նախքան Օրենքի ընդունումը, դրա նախագծով նախատեսված էր Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ինստիտուտ, որտեղ քննության պետք է առնվեին կարգապահական խախտման գործերը։ Նախատեսված էր, որ կարգապահական հանձնաժողովը բաղկացած կլիներ 7 անդամից․ Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող և երեք իրավաբան-գիտնական` կոմիտեի նախագահի որոշմամբ: Նախագծով սահմանված էր, որ կարգապահական հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է: Փաստացի, այս կարգավորումը դուրս է մնացել Օրենքի վերջնական տարբերակից, և այժմ կարգապահական պատասխանատվության կիրառումը կատարվում է ծառայողական քննության միջոցով՝ Կոմիտեի նախագահի կողմից։ Այն ինչ, կարգապահական հանձնաժողովը կոլեգիալ մարմին էր, և եթե նրանում ապահովվեր մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համամասնական ներկայություն, այս մարմինը իրապես կլիներ գործող, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կկատարեր օբեկտիվ և մասնագիտական քննություն՝ բացառելով հայեցողական որոշումները, ինչպես նաև ոչ օբյեկտիվ քննությունները, և մեկ անձի միջոցով ընդունվող որոշումները։
6․ Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների (բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների) ցուցակը համալրում է մրցութային հանձնաժողովը։ Հանձնաժողովը կազմավորում և դրա գործունեության կարգը հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Հանձնաժողովի կազմի մեջ մտնում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակած հակակոռուպցիոն կոմիտեի երեք ծառայող, Կառավարության առաջադրած մեկ անձ, քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող չհանդիսացող անձինք Հանձնաժողովում կարող են ընդգրկվել, եթե ունեն առնվազն հինգ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավումը նպատակ ունի ապահովել արդյունավետ հանրային մասնակցության կոմպոնենտ, պետք է նշել, որ մեկ ներկայացուցչի մասնակցությունը կարող է կրել զուտ ֆորմալ բնույթ։ Ստացվում է, որ հանձնաժողովի հինգ անդամներից չորսը պետական մարմնի ներկայացուցիչ են, և միայն մեկն է, որ ներկայացնում է հանրությանը, որպիսի պայմաններում դժվար է պատկերացնել այս նորմի արդյունավետությունը։
7․ Օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ Կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ։ Խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նույն ժամկետում ապահովում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումը: Հարկ է նշել, որ թեև Կոմիտեի ներկայիս նախագահի ընտրության կազմակերպման համար Խորհրդում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ընտրվել են մրցութային կարգով, այդուհանդերձ Օրենքում հստակ նշված չէ, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ընտրությունը կատարվում է մրցութային հիմունքներով։ Ընդգծված չէ նաև, որ այդ ներկայացուցչին առաջադրելու իրավունք պետք է ունենան միայն մասնագիտական քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Այսինքն, սրանք հայեցողական կարգավորումներն են, և յուրաքանչյուր դեպքում կարող են կիրառվել հայեցողական, օրինակ՝ նշանակովի, և ոչ թե՝ մրցութային։
8․ Օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ խորհուրդը համարվում է ձևավորված դրանում առնվազն չորս անդամի ներգրավումից հետո: Ընդ որում, հստակեցված չէ, թե կոնկրետ որ մարմինը/սեկտորը ետ է ներկայացնեն այդ անդամները։ Այսինքն, եթե անգամ չորս պետական մարմնի ներկայացուցիչների թեկնածությունը հաստատվի, ապա առանց քաղաքացիական հասարակության ներկայացուցչի խորհուրդը կհամարվի ձևավորված։ Նման պայմաններում, փաստացի արժեզրկվում է հասարակական սեկտորի մասնակցությունը և որոշումները կարող են կայացվել առանց հանրության մասնակցության։
9․ Օրենքի 18-րդ հոդվածի 12-րդ մասի 11-րդ և 12-րդ կետերի համաձայն՝ Խորհուրդը՝ հարցազրույցի փուլի արդյունքներով ընտրում է ներկայացվող պահանջներին առավելագույնս համապատասխանող՝ մրցույթում հաղթող ճանաչված առնվազն երկու և առավելագույնը երեք մասնակցի, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ թեկնածու, իսկ հետո՝ կազմում և Կառավարություն է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը։ Այս առնչությամբ, հաշվի առնելով, որ վերոգրյալում անդրադարձել ենք Օրենքով՝ Կոմիտեի նախագահի նշանակման առնչվող ռիսկային կարգավորումներին և ստորև «Առաջարկություններ» բաժնում առաջարկել ենք, որպեսզի մրցութային խորհրդի որոշմամբ առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն միանգամից նշանակվի Կոմիտեի նախագահ, հետևաբար նաև առաջարկում ենք, որպեսզի մրցութային խորհուրդը մրցույթում հաղթող ճանաչի առավելագույն միավոր հավաքած մեկ թեկնածուի, իսկ միավորների հավասարության դեպքում անցկացնել մրցույթի հաջորդ փուլ:
4․ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունը
Մաս 1․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհուրդը
Կառավարության սեպտեմբերի 16-ի որոշմամբ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Սասուն Խաչատրյանը նշանակվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։
Համաձայն Իրավաբան․net անկախ, մասնագիտական կայքի կողմից կատարված լրագրողական հետաքննության՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունն ապահովվեց շղարշային մրցույթի միջոցով։ Սրա վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան։ Մասնավորապես՝ Կոալիցիան կասկածի տակ էր դրել չհիմնավորված հապճեպությունը, որպիսի պայմաններում կազմակերպվում է մրցույթը` Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ՝ հանկարծակիության, կեղծ ժողովրդավարության ու թափանցիկության շղարշի ներքո։ Կոալիցիան կոչ էր արել Կառավարությանը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը և Ազգային Ժողովի նոր կազմի ձևավորումը ձեռնպահ մնալ վերոնշյալ ձևական մրցույթի անցկացումից և դրա շղարշի ներքո քաղաքական նշանակումներ կատարելուց: Դեռ ավելի վաղ, Կոալիցիան բացասական կարծիք էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, այլ պաշտոնյաների նշանակման գործընթացի ու այլ կարևոր դրույթների վերաբերյալ, քանի որ այն լինելու էր կոլեկտիվ կուսակցական և խմբային շահի առաջնորդությամբ, կառավարության հովանավորության ներքո, մեկ անձի՝ վարչապետի կողմից կատարված քաղաքական նշանակում:
Ինչպես արդեն նշվել է վերևում, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ, որի ձևավորումն և գործառույթները սահմանված են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածով։
Խորհուրդը ձևավորվում է 7 անդամից․
- Կառավարության,
- Ազգային ժողովի խորհրդի,
- Բարձրագույն դատական խորհրդի,
- Գլխավոր դատախազի,
- Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից, և
- քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:
Այն ի սկզբանե չգործեց ամբողջական կազմով։ Իսկ ձևավորման գործընթացի և կազմի որոշ անդամների լեգիտիմության և բարեվարքության մասով առկա են մի շարք վերապահումներ։ Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը միաժամանակ հանդիսանում էր այս Խորհրդի անդամ, իսկ 2021 թ․-ի սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի կողմից նա ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Ստացվում է, որ սեպտեմբերի 10-ին, երբ անցկացվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության մրցույթը, նա արդեն ԿԿՀ անդամի թեկնածու էր։
Կոմիտեի նախագահի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում Ազգային ժողովի խորհրդի կողմից ներկայացված թեկնածուն Հերիքնազ Տիգրանյանն էր։ 2021 թվականի հունիսի 29-ին ԱԺ խորհրդի արտահերթ նիստին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ էր նշանակվել Հերիքնազ Տիգրանյանը։ Սակայն նա չէր կարող զբաղեցնել Խորհրդի անդամի պաշտոնը, քանի որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, Խորհրդի անդամ չի կարող նշանակվել կուսակցական պատկանելիություն ունեցող անձ, իսկ Տիգրանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Այնուհետև, նույն թվականի հուլիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում որոշում ընդունվեց ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումը, որով Հերիքնազ Տիգրանյանը Խորհրդի անդամ էր նշանակվել։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այս Խորհրդում ի սկզբանե որևէ թեկնածու չնշանակվեց, այն պատճառով, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով պահանջվող պարտադիր պայմաններին համապատասխանող աշխատակից ՄԻՊ աշխատակազմում չկա։
Խորհրդում ընդգրկված քաղաքացիական հասարակության երկու կազմակերպություններն էին՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդակցական ՀԿ-ը։ Այս երկու ՀԿ-ները ունենք փոխկապակցվածությունը կառավարության հետ։ Այս երկու կազմակերպությունները ևս մեկ ընդհանրություն ունեն․ երկուսն էլ տարիներ շարունակ ֆինանսավորվել են մեկ աղբյուրից՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամից։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչը մրցութային խորհրդի հուլիսի 29-ին կայացած նիստի ժամանակ հայտարարեց, որ դուրս է գալիս կազմից՝ որոշ անհամաձայնություններ ունենալու պատճառով։ Այս անհամաձայնությունները կապված էին թեկնածուի բարեվարքության գնահատման անցողիկ շեմի հետ։ Մասնավորապես, ԹԻՀԿ-ն առաջարկել էր թեկնածուների բարեվարքության գնահատման վերջնարդյունքում սահմանել առավել բարձր անցողիկ շեմ (առավելագույն նախատեսված միավորի 70%՝ ի տարբերություն մյուս չափանիշների 50%-ի): Այս առաջարկը Մրցութային խորհուրդը չընդունեց։
Նիստերին հեռավար կարգով մասնակցում էր նաև «Զարգացման իրավունք» միջազգային կազմակերպության փորձագետ Վիտալի Կասկոն՝ խորհրդատվական կարգով։ Նա ներկա գտնվեց կառավարության շենքում անցկացվող թեկնածուների հարցազրույցներին փուլին, ինչպես նաև հարցեր հղեց թեկնածուներին։
Եզրահանգումը
Այսպիսով ստացվում է, որ Մրցութային խորհուրդը չի գործել ամբողջական կազմով և վերջնական որոշումը կայացվել է 7 անդամի փոխարեն 4 անդամով, այնինչ օրենքի կարգավորումը ինքնանպատակ չէ և նմանատիպ որոշումները պետք է կայացվեն ոչ թե նվազագույն, այլ՝ առավելագույն ձայներով։ Բացի այդ, անկախ, մասնագիտացված ՔՀԿ-ները, որոնք փոխկապակցված չեն կառավարության հետ, չեն մասնակցել մրցութային խորհրդին։
Մաս 2․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներն ու ընտրության փուլը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուները 3-ն էինք․
- Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը,
- փաստաբան Գառնիկ Թորոսյանը,
- Կենտրոնական բանկի նախկին աշխատակից Դավիթ Մկրտումյանը։
Սասուն Խաչատրյանի հետ ունեցած հարցուպատասխանի արդյունքում առաջ են եկել վերջինիս գույքի և եկամուտների (այդ թվում նրա կողմից փաստացի տիրապետվող/օգտագործվող) վերաբերյալ ողջամիտ կասկածներ։ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փուլ է հանդիսանում նաև բարեվարքության ուսումնասիրության փուլը, որի ընթացքում Մրցութային խորհուրդը փաստաթղթղերի ուսումնասիրության փուլի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում փաստաթղթերի ուսումնասիրության փուլը հաղթահարած մասնակիցների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը հանձնաժողովին հնարավորություն է տալիս առկա կասկածները փարատելու նպատակով հայտարարատու պաշտոնատար անձի հետ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատուի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձից, հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, որին սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը, պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր, եթե վերը նշված կասկածները կարող են փարատվել իրավիճակային հայտարարագրով ներկայացնելու ենթակա տվյալների վերլուծությամբ: Նշենք, որ Տիգրան Գևորգյանը՝ Սասուն Խաչատրյանի կնոջ եղբայրը, ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի հանդիսանում է խնամիությամբ կապված անձ։ Բացի այդ, Սասուն Խաչատրյանը նախքան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելը, զբաղեցրել է մեկ այլ բարձրաստիճան պաշտոն՝ Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը, և հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ։ Հետևապես, այս տեղեկությունները հանձնաժողովը պետք է նախապես պարզած լիներ։
Բացի վերը նշվածը, Սասուն Խաչատրյանի կենսագրության մեջ գրված է, որ վերջինս տիրապետում է հայերենի, ռուսերենի և անգելերենի, սակայն վերջինս ականջակալով էր լսում անգլախոս միջազգային փորձագետին։ Այսինքն, թեկնածուի համար ապահովվում էր անգլերեն լեզվի թարգմանություն, որից ենթադրվում է, որ թեկնածուն բավականաչափ չի տիրապետում անգլերեն լեզվին, և հնարավոր է, որ կենսագրությամբ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իհարկե, օրենքի իմպերատիվ պահանջից ելնելով՝ հնարավոր է, որ թեկնածուն օտար լեզվի տիրապետումը հավաստելու նպատակով թեսթ հանձնել է ռուսերենից կամ ֆրանսերենից, ուստի հարց է առաջանում, արդյո՞ք թեկնածուն այլ օտար լեզվի տիրապետում է նույն մակարդակով, ինչպես որ անգլերենի։
Այսպիսով, թեկնածուին գնահատման 3 հիմնական պահանջ կար՝ անձնական տվյալներ, բարեվարքության մասնագիտական գիտելիք և պատրաստվածություն: Առավելագույնը 100 միավոր է, որ կարող է ստանալ մեկ թեկնածուն՝ մեկ խորհրդի անդամի կողմից: Անցողիկ շեմը կազմում է ընդհանուր միավորների 50 տոկոսը, իսկ բարեվարքության անցողիկ շեմը՝ 60 տոկոս է կազմել»։
Ըստ մրցութային խորհրդի կողմից հրապարակված արդյունքների՝ թեկնածուները հավաքել էին․
- Սասուն Խաչատրյան – 308 միավոր, որից 115-ը՝ բարեվարքության համար,
- Դավիթ Մկրտումյան – 257 միավոր, որից 121-ը՝ բարեվարքության համար,
- Գառնիկ Թորոսյան – 202 միավոր, որից 107-ը՝ բարեվարքության համար։
Այդպիսով, Կառավարությունը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում Խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում։ Ինչն էլ եղավ, և երեք թեկնածուներից կառավարությունն ընտրեց Սասուն Խաչատրյանին։
Եզրահանգումը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության նպատակով ձևավորված մրցութային խորհուրդը կրում էր ձևական բնույթ, որի միջոցով էլ զուտ ապահովվեց Մրցութային խորհուրդ ունենալու և այդ խորհրդի միջոցով թեկնածու ընտրելու օրենքի ձևական պահանջի կատարումը, ինչի վերջնանպատակը կառավարության նախընտրած թեկնածուի նշանակումն էր։
ԻՀԱ-ն նաև առաջարկություններ է ներկայացրել։ Մասնավորապես՝
- Վերացնել Կոմիտեի նախագահի կողմից միանձնյա որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու կարգավորումը, և Օրենքով նախատեսել, որ նախքան պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելը, դրանց չափը պետք է համաձայնեցվի Կոմիտեի գործունեությունը վերահսկող հասարակական կազմակերպություններից բաղկացած խորհրդի անդամների հետ:
- Սահմանել հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց կարգապահական պատասխանատվության քննության նոր մարմին, այն է՝ կարգապահական հանձնաժողովը։
- Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար նախատեսված Խորհուրդը համարվում է ձևավորված դրանում առնվազն չորս անդամի ներգրավումից հետո: Նախատեսել, որ մրցութային խորհրդի ձևավորման համար պահանջվող նվազագույն չորս անդամների կազմում պարտադիր ներգրավված լինեն մարդու իրավունքների պաշտպանի և մասնագիտական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը, որից հետո միայն այն կհամարվի ձևավորված:
- Սահմանել, որ մրցութային խորհուրդը մրցույթում հաղթող ճանաչի առավելագույն միավոր հավաքած մեկ թեկնածուի, իսկ միավորների հավասարության դեպքում անցկացնել մրցույթի հաջորդ փուլ: Այս դեպքում նախատեսել, որ Կառավարության նշանակումը կրում է արարողակարգային բնույթ։
—————
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։