Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցը։
Զեկույցի վերջնական եզրահանգման համաձայն, այն կատարվել է 41 տոկոսով։
Զեկույցի արդյունքներով նաև առաջարկներ են ներկայացվել՝ ըստ ոլորտների։
1. Վերանայել բարեվարքության ստուգման վերաբերյալ ԿԿՀ-ի խորհրդատվական եզրակացությունների մատչելիությունը, այն դարձնել բաց և հասանելի հանրության համար՝ ապահովելով օրենքով նախատեսված անձնական տվյալների գաղտնիությունը՝ հանրամատչելի անձնական տվյալների հաշվառմամբ։
2. Շահերի հայտարարագիր ներկայացնող սուբյեկտների շարքում ավելացնել հայեցողական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց։
3. Գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման և վերլուծության գործընթացը ամբողջովին ավտոմատացնել՝ սահմանափակելով դրանում մեխանիկականեղանակով ուղղումների կատարումը, կիսաավտ ոմատացված ծրագրերի մուտքագրումը։
Ապահովել այս համակարգի և Կառավարության այլ հարթակների ու տվյալների շտեմարանների միջև փոխգործելիությունը՝ տեղեկատվության ինքնաշխատ ներմուծման և համադրման նպատակով։ Համակարգում նախատեսել հայտարարագրերի բարդ վերլուծական և հաշվետվողական հնարավորություններ։ Արհեստական բանականության և հատուկ ալգորիթմների միջոցով մշակել և ունենալ կոնկրետ չափանիշների վրա հիմնված ավտոմատացված հաշվետվություններ, որը կապահովի ԿԿՀ-ի գործունեության թափանցիկություն և հաշվետվողականություն։
4. Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում մրցութային կարգով ստեղծել հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտական փորձառություն ունեցող հասարակական կազմակերպություններից բաղկացած խորհուրդ, որը հանրային վերահսկողություն կիրականացնի Կոմիտեի գործունեության նկատմամբ: Նախատեսել նաև, որ Կոմիտեն հաղորդում կներկայացնի այս խորհրդին և խորհրդի անդամներին իրավունք վերապահվի հարցեր տալու:
5. Օրենքով սահմանել համապատասխան կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, որպեսզի Կոմիտեի նախագահի կողմից՝ Կոմիտեի ծառայողների առաքինության ստուգում, այդ թվում՝ պրովոկացիոն եղանակներով, իրականացնելը չդառնա «գործիք» իր համար «ոչ ցանկալի» ծառայողներին աշխատանքից հեռացնելու համար։ Նախատեսել նաև, նման եղանակով Կոմիտեի նախագահի առաքինության ստուգման իրավական հնարավորությունը և այդ ստուգման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Անհրաժեշտ է լրացուցիչ քննարկել այն սուբյեկտային կազմը, որոնք իրականացնելու են այս գործառույթները։
6. Վերացնել Կոմիտեի նախագահին տրված ավելորդ հայեցողական լիազորությունները՝ Կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնի սահմանային տարիքը հինգ տարի ժամկետով կամայականորեն երկարաձգելու կամ չերկարաձգելու մասով։ Այս առաջարկը չընդունելու դեպքում, սահմանել Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Կոմիտեում պաշտոն զբաղեցնող այլ անձանց համար պաշտոնի սահմանային տարիքի նույնանման չափորոշիչներ՝ առանց տարբերակման (Կոմիտեի նախագահի և նրա տեղակալների պաշտոնի սահմանային տարիքը՝ 65-ն է, իսկ Կոմիտեում պաշտոն զբաղեցնող այլ անձանցը՝ 60)։
7. Վերացնել Կոմիտեի նախագահի կողմից միանձնյա որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու կարգավորումը, և Օրենքով նախատեսել, որ նախքան պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելը, դրանց չափը պետք է համաձայնեցվի Կոմիտեի գործունեությունը վերահսկող հասարակական կազմակերպություններից բաղկացած խորհրդի անդամների հետ:
8. Կոմիտեի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասությունը վերապահել Կոմիտեի նախագահին՝ հիմնվելով Ջակարտայի սկզբունքների վրա, համաձայն որոնց՝ հակակոռուպցիոն մարմիններն իրենք պետք է լիազորություն ունենան հավաքագրելու և հեռացնելու իրենց անձնակազմի անդամներին։
9. Սահմանել հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց կարգապահական պատասխանատվության քննության նոր մարմին, այն է՝ կարգապահական հանձնաժողովը։
10. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար նախատեսված Խորհուրդը համարվում է ձևավորված դրանում առնվազն չորս անդամի ներգրավումից հետո: Նախատեսել, որ մրցութային խորհրդի ձևավորման համար պահանջվող նվազագույն չորս անդամների կազմում պարտադիր ներգրավված լինեն մարդու իրավունքների պաշտպանի և մասնագիտական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը, որից հետո միայն այն կհամարվի ձևավորված:
11. Սահմանել, որ մրցութային խորհուրդը մրցույթում հաղթող ճանաչի առավելագույն միավոր հավաքած մեկ թեկնածուի, իսկ միավորների հավասարության դեպքում անցկացնել մրցույթի հաջորդ փուլ: Այս դեպքում նախատեսել, որ Կառավարության նշանակումը կրում է արարողակարգային բնույթ։ Այսպիսով, մի կողմից հաշվի առնելով այն, որ Կոմիտեի նախագահը չի կարող ընտրվել Ազգային ժողովի կողմից, քանի որ Կոմիտեն չի համարվում անկախ սահմանադրական մարմին, ինչպես նաև, ըստ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի՝ այն նաև չի համարվում ինքնավար մարմին, մյուս կողմից էլ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության կողմից Կոմիտեի նախագահի նշանակումն իր մեջ քաղաքական ազդեցության ռիսկեր է պարունակում, որը չի բխում միջազգային հայտնի սկզբունքներից, ուստի առավել օբյեկտիվ և անկախ կլինի, որ մրցութային խորհրդի որոշմամբ առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն նշանակվի Կոմիտեի նախագահ:
12. Ակտիվացնել աշխատանքները, այդ թվում՝ մարզերում, որպեսզի բնակչությունը, այդ թվում երիտասարդները, ձեռք բերեն/զարգացնեն հակակոռուպցիոն գիտելիքներ՝ հակակոռուպցիոն դպրոցների և այլ նախաձեռնությունների միջոցով։ Անհրաժեշտ է մշակել մեթոդական ուղեցույցեր, պատրաստել սոցիալական գովազդներ, մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում ներդնել հակակոռուպցիոն գիտելիքների փոխանցման մեխանիզմներ՝ ուղղված հակակոռուպցիոն ոլորտում կրթության ներդրմանը և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
Հակակոռուպցիոն գիտելիքներ պետք է տրվեն այնպիսի հիմնարար թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ կոռուպցիայի հասկացությունը, պատմությունը և տիպաբանությունը, հակակոռուպցիոն միջազգային նախաձեռնությունները, իրավական փաստաթղթերը և մարմինները, կոռուպցիայի դեմ պայքարը և դրա փուլերը, կոռուպցիայի դեմ պայքարի երեք հենասյուները, կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան մարմինները, բարեվարքությունը և առաջնորդությունը, հնարավոր հակակոռուպցիոն գործիքները, այդ թվում՝ ազդարարման համակարգը, և այլն։
13. Ապահովել տարբեր գործողությունների և օրենսդրական ակտերի ընդունման գործընթացում հանրային քննարկումների թիրախային, մասնակցային և իմաստալից կազմակերպումը, ներգրավել ոլորտային անկախ և մասնագիտացված կառույցների, և չսահմանափակվել միայն e-draft.am կայքում իրավական ակտերի նախագծերի հրապարակումով։ Յուրաքանչյուր ներկայացված առաջարկ մերժելու դեպքում ներկայացնել դրա հիմնավորումները՝ զերծ մնալով օրինակելի (շաբլոնային) տեքստերից։ Դիտարկել իրավական ակտերի նախագծերի հասարակական փորձաքննության անցկացումը։
14. e-draft.am կայքը հասանելի է դարձնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց։
15. Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների վերանայված ծրագրում կամ նոր ընդունվելիք ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրում նախատեսել այնպիսի գործողություններ (օրինակ՝ ոլորտային հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակում), որոնք միտված կլինեն առանձին ոլորտներում, մասնավորապես, սոցիալական, կրթական, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում կոռուպցիայի ներկայիս մակարդակը նվազեցնելուն։
16. Կոռուպցիայի տեսանկյունից բարձր ռիսկայինություն ունեցող ոլորտներում իրականացնել կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և դրանց հիման վրա մշակել և ներդնել ոլորտային հակակոռուպցիոն քաղաքականություններ։